ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԵՐԵՎԱ՞Ն
Արտաքին քաղաքականության ղեկին են նախկին դիջեյն ու մերկացված թուրքական գործակալը
Գորիս-Կապան մայրուղին 2 օր շրջափակման մեջ էր։ Այդ իրադարձությանը նախորդած հրապարակումներում մենք զգուշացնում էինք, որ մայիսի 12-ի բռնազավթումով սկիզբ առած իրադարձությունների հանգուցալուծումը կդառնա մեծ դավաճանության երկրորդ (2020թ.նոյեմբերի 9-ից հետո) փուլը։
ԱՅՆ ՀԱՐՑԻՆ, թե «ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԷՐ ԱՐԴՅՈՔ ԽՈՒՍԱՓԵԼ ԴՐԱՆԻՑ», կպատասխանեմ հարցով. քանի՞ կադրային դիվանագետ է մնացել ԱԳՆ-ում, որը վերջերս գլխավորեց Արարատ Միրզոյանը։ Եվս մեկ հարց. ինչպիսի՞ն կարող է լինել այն տանդեմի քաղաքականությունը, որը բաղկացած է նախկին դիջեյ Էդուարդ Աղաջանյանից՝ արտաքին քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, և նախկին թուրքական գործակալ Միրզոյանից՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի դերում։
Ներկայացնելով Միրզոյանին ԱԳՆ աշխատակիցներին՝ Փաշինյանն ասաց, որ «ԱԳՆ-ը այն գերատեսչությունն է, որը պիտի կիսի պատասխանատվությունը արտաքին քաղաքականության և երկրի ներքին իրադարձությունների համար»: Միրզոյանն անմիջապես աննախադեպ հսկողություն մտցրեց ԱԳՆ-ում՝ գիտակցելով այն պատասխանատվությունը, որն ինքը պետք է կիսի Փաշինյանի հետ՝ նախարարի պաշտոնից յուրաժամանակ հեռացած Արա Այվազյանի փոխարեն։ Ըստ երևույթին, խոսքն այն ժամանակ արդեն վերաբերում էր օգոստոսի 25-ի դեպքերին, որոնք նշանավորվեցին Իրանի հետ միջպետական սահմանի փակմամբ. չէ՞ որ Գորիս-Կապանը հենց Հայաստան-Իրան հաղորդակցության ուղին է։ Արգելափակումը հանելուց անմիջապես հետո՝ օգոստոսի 28-ի գիշերը, ադրբեջանցիները գնդակոծեցին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղը, վնասվել են տների տանիքները։ Այնուհետ գնդակոծվեցին Թաղավարդ և Սոթք համայնքները։
2-օրյա արգելափակումը խորհրդարանի ամբիոնից Փաշինյանի հղումների հետևանքն էր «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքին, որը ոչ մի առնչություն չունի սահմանային տարածքների գծանշման հետ: Իսկ եթե իշխանությունն այդ կարծիքին չէ, ապա նա ավելի քան 3 տարի ուներ՝ այդ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու համար։ Արգելափակումը Սյունիքի համայնքների տարածքում ադրբեջանցի զինվորականների կողմից «Ջի-Փի-Էս»-ով իրականացվող գործողությունների տրամաբանական շարունակությունն էր։ Արգելափակումը նաև անիմաստ հղումների շարունակությունն էր մի պետության քարտեզներին, որը գոյություն չունի որպես միջազգային իրավունքի սուբյեկտ անցած դարից ի վեր, կապիտուլյանտի դավաճանական քաղաքականության շարունակությունը, որը խորհրդարանի ամբիոնից բացահայտ հայտարարեց, թե ժողովուրդն իրեն «պողպատե մանդատ» է տվել, ուստի ինքը կարող է անել՝ ինչ մտքով անցնի։
Կլինի՞ ևս մեկ պատերազմ
2018թ. դեկտեմբերի 9-ին նա մանդատ ստացավ ժողովրդից, որից հետո պայմանավորված պատերազմի արդյունքում իրականացրեց Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի հանձնումը։ Հունիսի 20-ին նա կրկին մանդատ ստացավ (այս անգամ՝ «պողպատե») և ձեռնամուխ եղավ արդեն Սյունիքի հանձնմանը, ընդ որում քաղաքագետները կանխատեսում են ևս մեկ պատերազմ, սեպտեմբերին։
Ալիեվն արդեն ի լուր աշխարհի հայտարարել է, թե Հայաստանը պետություն չէ, քանի որ ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել իր սահմանները։ Էրդողանը խոսում է այն մասին, որ դրական քայլեր է ակնկալում Փաշինյանից, իսկ Փաշինյանը անհուսալիորեն հիմարացված հասարակությանը խոստանում է «խաղաղության դարաշրջանի» գալուստ։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը օգոստոսի 27-ին կառավարության նիստում հայտարարեց, թե «որոշակի դրական ազդանշաններ է ստացել Թուրքիայից» և պատրաստ է դրական պատասխան տալ դրանց: Նույն նիստում կապիտուլյանը վկայակոչեց ադրբեջանական տեղանունները՝ ադրբեջանական անվանումներով կոչելով հայկական Որոտանն ու այլ համայնքները։ Ամեն ինչ ակնհայտ է, պարոնայք. Սյունիքի ճակատագիրը կանխորոշված է։ Իսկ նրանց, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում, հիշեցնեմ Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունն այն մասին, որ «ուղիղ խոսքը միայն ավանակին են ասում»։
Սյունիքից հետո հերթը կհասնի Գեղարքունիքի մարզին, այնուհետ՝ Արարատին։ Կապիտուլյանտի կառավարությունը ներկայացրել է ծրագիր, որում խոսվում է պրոֆեսիոնալ բանակի անցնելու, այլ կերպ ասած՝ գործող բանակն ամբողջությամբ ոչնչացնելու մասին։ Իսկապես, մեր ինչի՞ն է պետք բանակը, եթե կապիտուլյանտը վստահորեն տանում է հայ ժողովրդին դեպի «խաղաղության դարաշրջան»՝ թուրքական վիլայեթի կազմում։
Բանն այնտեղ է հասել, որ ԱԺ մեծամասնության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խորհրդարանի ամբիոնից նկատողություն է անում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին, թե իբր՝ նա իրավունք չունի Էրդողանին անվանել ռազմական հանցագործ։ Ստացվում է, որ Աֆղանստանը թալիբներին հանձնելու գործողությունից հետո Բայդենին կարելի է անվանել ռազմական հանցագործ (այս օրերին այդպես է վարվում ամերիկացիների կեսից ավելին), իսկ Էրդողանին, որը սիրիական Իդլիբից ահաբեկիչներ է վարձել՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիային մասնակցելու համար, ռազմական հանցագործ անվանել չի կարելի։ Աղազարյանի տրամաբանությամբ հենց այդպես է ստացվում։ Մի՞թե էլի ինչ-որ ապացույցներ են պետք՝ հասկանալու համար, թե ուր է տանում երկիրը «պողպատե մանդատով» օժտված մորուքավոր թյուրիմացությունը։
Օգոստոսի 27-ի առավոտյան, երբ ապաշրջափակման շուրջ բանակցությունները դեռ հաջողությամբ չէին պսակվել, Փաշինյանը կառավարության նիստում խոսում էր առողջ ապրելակերպի մասին, կատակում ու քրքջում։ Նույն այդ ժամանակ Հայաստանից կտրված Սյունիքի համայնքներում մարդիկ իրենք էին հաց թխում՝ խնայելով ալյուրը, քանի որ հաղորդակցության շրջափակման պատճառով հացի մատակարարումները դադարեցվել էին։ Փաշինյանը հայտարարեց նաև Տաթևով անցնող այլընտրանքային գրունտային ճանապարհը վերանորոգելու անհրաժեշտության մասին: Այս հայտարարությունը ցույց տվեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու լիակատար անտեղյակությունը խոսակցության առարկայի վերաբերյալ։ Նույն օրը «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը տեսանյութ հրապարակեց այդ ճանապարհի մասին, որը ճանապարհ չես էլ անվանի։
Դա անդունդի եզրով անցնող արջի արահետ է, որով կարելի է երթևեկել միայն ամենագնացով: Բեռնափոխադրումներն այդ «ճանապարհով» անհնար են։ Կառավարության ծրագրի նախագծի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ամբիոնից Փաշինյանը հայտարարեց խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերին ձեռք մեկնելու պատրաստակամության մասին՝ «խաղաղության օրակարգը սպասարկելու համար»։ Իրականում խոսքը մեծ դավաճանության օրակարգի մասին է, ավելի ճիշտ՝ դրա երկրորդ, եզրափակիչ փուլի, որի մասին, կրկնում եմ, մեր ընթերցողներին զգուշացրել ենք բազմիցս։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել էր, որ օգոստոսի 26-ի բանակցություններն արդյունք չեն տվել, ուստի կշարունակվեն 27-ին։ Օգոստոսի 27-ին ճանապարհը բացեցին, սակայն փաստ չէ, որ կրկին չեն փակվի։ Դեռ երեկ կապիտուլյանտը խոսում էր սահմանագծման ու սահմանազատման մասին, այսօր արդեն առաջարկում է կենտրոնացնել ուշադրությունը Տաթևի այլընտրանքային ճանապարհի վերանորոգման վրա։ Այստեղից հարց է ծագում. իսկ ի՞նչ է, ներկայիս միջպետական մայրուղու 2 հատվածներն արդեն հանձնե՞լ են «բանավոր ընկալման հիման վրա»՝ շրջանցելով սահմանագծումն ու սահմանազատումը։ Իսկ դեպի ո՞ւր է տանելու, ասեք՝ իմանանք, հաջորդ գրունտային ճանապարհը. գուցե Երևա՞ն։