Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ 20 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԶԲԱՂՎԵԼ Է ԱՄԵՆԱԳՌԵՀԻԿ, ՑԻՆԻԿ, ԱՄԵՆԱԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԶԱԶՐԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Ուշագրավ դեպք տեղի ունեցավ օրեր առաջ՝ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, երբ վարչապետը շատ ուղղակի ցուցում տվեց ամբողջ գործադրին և օրենսդրին, միգուցե, նաև դատական իշխանությանը՝ ասելով, որ որևէ դեպքում չպատասխանեն այն լրագրողների հարցերին, որոնք, իրենց գնահատմամբ, կարող են քաղաքական հայտարարություններ հնչեցնել, «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկմանը հիշեցրեց «Արմնյուզ» ՀԸ մեկնաբան Դավիթ Սարգսյանը՝ մեջբերելով նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե դեռ պետք է հասկանալ՝ նրանք լրագրո՞ղ են, թե՞ քաղաքական գործիչ և քաղաքական հայտարարություննե՞ր են անում, թե՞ հարցեր են տալիս։
Հեռուստամեկնաբանը տարակուսանք հայտնեց, որ այդ խոսքերի հեղինակը մի մարդ է, որը նախկինում լրագրության անվան տակ զբաղվել է զազրախոսությամբ։
«Սա ասում է մի մարդ, որը 20 տարի շարունակ լրագրության անվան տակ զբաղվել է ամենագռեհիկ, ցինիկ, օրվա իշխանությունների հասցեին ամենաանընդունելի զազրախոսությամբ, և դա համարել է լրագրություն, իսկ այսօր անվանարկում է այն գործող լրագրողներին, որոնք հիմնականում կոռեկտության շրջանակներում իրավունք ունենալով քաղաքական գնահատականներ և դատողություններ հնչեցնել՝ անում են պնդումներ և ուղղում իրենց հարցերը»,- ասաց Դավիթ Սարգսյանը։
Նա շեշտեց նաև, որ լրագրողը միայն փաստ արձանագրող չէ, այլ՝ իր ժամանակը վավերացնողը և իրավունք ունի նաև քաղաքական գնահատականներ և գնահատողական դատողություններ հնչեցնել։