ՓԱՇԻՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԶԱՏՎԵ՞Ց «ՎԱԽԿՈՏ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՑ»
Որքան ավելի խրոխտ ու խոստումնալից են պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի ելույթներն ու մարտակոչերը՝ պաշտպանելու Հայաստանի տարածքի ամեն սանտիմետրը, ուժով թշնամուն հեռացնելու մեր սահմաններից և կանխելու ադրբեջանական ոտնձգությունները, այդքան ավելի խղճուկ ու հուսահատ են փորձերը՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և վերահաստատելու մեր սահմանների անխախտելիությունը։ Թվում է՝ մեզ թողնված նույնիսկ նվազագույն կենսատարածքն այլևս որևէ միջոցով՝ ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական, պաշտպանված չէ։
Հետաքրքրական է՝ պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետն իրենց դասո՞ւմ են այն «վախկոտ գեներալների» շարքին, որոնց մասին դեռևս ապրիլին խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնում էր Նիկոլ Փաշինյանը։ «Չեմ ուզել ի ցույց դնել գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը»,- բառացիորեն ասել էր վարչապետը։ Ե՛վ Արշակ Կարապետյանը, և՛ Արտակ Դավթյանը գեներալներ են, պատերազմի օրերին նրանցից առաջինը վարչապետի խորհրդական էր, երկրորդը՝ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։
Այս երկու գեներալները, թերևս, ռազմական գործողություններ չեն ղեկավարել, բայց չարժե մոռանալ՝ Արշակ Կարապետյանը՝ իբրև հետախուզության պետ, բանակից հեռացվել էր դեռևս 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո, իսկ Արտակ Դավթյանն ազատվել էր արդեն այս իշխանության կողմից՝ կարանտինային կանոնները խախտելու պատճառաբանությամբ, բայց, փաստորեն, ամիսներ անց նրան հետողորմյա էին արել։ Միգուցե որևէ այլ գեներալ չի՞ համաձայնել փոխարինել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում։
Ուշագրավ է, որ հայ գեներալներին վախկոտ են անվանում մեկ Փաշինյանը, մեկ էլ Ալիևը, այլ կերպ ասած՝ ի թիվս բազում այլ հարցերի՝ նրանք համընկնում են նաև հայոց զինուժի հրամկազմի որակների գնահատման հարցում։ Իհարկե, նման անընդունելի հայտարարությամբ Փաշինյանը վրեժ էր լուծում իր հրաժարականը պահանջող սպայակույտից և սպառնում քրեական հետապնդումներով զորքի դասալքության կամ այլ հոդվածներով։ Վերարտադրությունից հետո, ինչպես տեսնում ենք, նա անշեղորեն գնում է իր իսկ նախանշած ուղով՝ հիմնավորապես փոխելով գեներալիտետի կազմը։
Միայն թե, ինչպես մնացած բոլոր հարցերում, այստեղ էլ Փաշինյանը կես ճշմարտությունն է ասում՝ խորամանկորեն մոռանալով, որ հենց այդ «վախկոտ բարձրաստիճան գործող գեներալներն» էին, որ տապալված զորաշարժերի և գործողությունների արդյունքում իր իսկ ձեռքից գեներալական նոր ուսադիրներ էին ստանում՝ ավելի մեծաքանակ աստղերով, երբեմն նաև՝ Հայաստանի ազգային հերոսի կոչումներ։ Մինչդեռ եթե նրանք վախկոտ էին, ինչո՞ւ չէին պաշտոնազրկվում կամ կոչումազրկվում, այդ ի՞նչ փոխվեց պատերազմից հետո։
Նույն այդ գեներալներն էին, որ կապիտուլյացիոն ակտի կնքման գիշերը թույլ տվին, որ Փաշինյանն օթևանի ՊՆ թաքստոցում և ֆեյսբուքյան ուղիղ եթերով բանակին մեղադրի պարտության համար։ Այդ գեներալները լուռ մարսեցին նաև ԱԳ նախարար Արա Այվազյանի այն պնդումը, թե դիվանագիտությունը հաղթել է, բանակը՝ պարտվել։
Այդ «վախկոտ բարձրաստիճան գործող գեներալներն» էին, որ իրենց ենթակայության զորքերին ստիպեցին նահանջել զբաղեցրած դիրքերից և հենակետերից նույնիսկ եռակողմ կապիտուլյացիոն պայմանագրի կնքմանը հաջորդած շաբաթներին, և 2020-ի դեկտեմբերին Որոտանի և Սանասարի դավադիր հանձնմամբ նախ անմիջական սպառնալիքի, իսկ վերջերս էլ՝ ադրբեջանական ենթակայության տակ հայտնվեց Գորիս-Կապան ավտոճանապարհը։
Ի վերջո, այդ գեներալներն էին, որ աշխարհում միակ բանավոր ռազմական հեղաշրջման փորձն արին՝ պահանջելով վարչապետի հրաժարականը, ապա բարեհաջող հրաժարվելով իրենց այդ պահանջից՝ պատվի առան նրան ՊՆ վարչական համալիրում։ Ճիշտ է, արդեն ուշ էր զղջալու համար, և նրանց ազատումները հաջորդեցին մեկը մյուսին։
Այդ նույն գեներալներն էին, որ աչք փակեցին ԳՇ պետի, նրա տեղակալների և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների հակասահմանադրական ազատումների կամ փոփոխությունների վրա՝ ի վերջո իրենք էլ դառնալով կադրային ջարդի զոհ։ Այսքան բանից հետո՝ միգուցե Փաշինյան լիովին իրավո՞ւնք ունի նրանց անվանելու «վախկոտ բարձրաստիճան գործող գեներալներ»։