ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ

Որքանո՞վ է արդարացի այն վարկածը, որ Փաշինյանին հատուկ են իշխանության բերել Հայաստանում՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու համար։ Իհարկե, իրավական տեսանկյունից այս հարցի պատասխանը կարելի է տալ միայն այն բանից հետո, երբ Փաշինյանը կորցնի իշխանությունը և անցկացվի անաչառ հետաքննություն. այսօրվա ուժային կառույցները սպասարկում են վարչապետի շահերը, ինչի համար նրանց շռայլորեն վարձատրում են։ Բայց վաղ թե ուշ, երբ Նիկոլը կորցնի իշխանությունը, նա ցուցմունքներ կտա։ Ինքնախոստովանակա՞ն։

Դատելով ամենից, ինքն անձամբ շատ լավ հասկանում էր, թե ինչու և ինչպես ստացվեց, որ հայտնվեց պետության ղեկավարի պաշտոնում։ Գերազանց հասկանում էր, թե ինչու հանկարծ դարձավ տարիներ շարունակ գաղտագողի պատրաստված «քաղաքացիական հասարակության» կառույցների և ամենատարբեր աղանդների համընդհանուր սիրելին։ Հասկանում էր, որ գլխավոր խնդիրն Արցախը հանձնելն է։

Մի՞թե դա չէր պատճառը, որ Արցախի հարցով Ալիևի հետ իր առաջին հրապարակային բանակցությունների ժամանակ նստած էր ծեծված շան պես, իսկ Ալիևը գոհ ժպտում էր։ Գուցե պատճառը հենց այն էր, որ երկուսն էլ, դեռ Դուշանբեի վերելակում առաջին հանդիպման պահից ի վեր, գիտեին. սցենարն իրականացվելու է։

Դա՞ էր պատճառը, որ պատերազմի առաջին օրը, ինքնապահովագրվելով, Փաշինյանն ԱԺ-ում ասում էր, թե «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»։ Դրա համա՞ր էր ավելի ուշ խոստովանում, որ եթե 20 օր ավելի շուտ դադարեցներ պատերազմը, ապա իրեն կհայտարարեին դավաճան, և այլևս չէր կարողանա գլուխը պրծացնել։ Այդ դեպքում իշխանությունից հեռացման վտանգն ավելի իրական կդառնար, և սցենարն ավարտին չէր հասցվի։

Սցենարը գրված էր մինչև վերջ, և գուցե հենց այդ պատճառո՞վ էր Նիկոլն ասում, որ 1989-ի համեմատ մենք շատ բան չենք կորցրել. իբր՝ Ղարաբաղյան շարժման պահին փաստացի ադրբեջանցիների վերահսկողության տակ էին Շուշին ու Խոջալուն, իսկ հիմա՝ նույն Շուշին, իսկ Խոջալուի փոխարեն՝ Հադրութը... ամեն ինչ հաշվարկված է։

Գուցե դա՞ է պատճառը, որ Նիկոլի գլխավոր հաղթաթուղթն այսօր այն պնդումն է, թե Արցախը փաստացի հանձնվել է իրենից առաջ։ Մի՞թե դա անուղղակի խոստովանություն չէ։ Չէ՞ որ, ըստ էության, նա ասում է, որ իր դերը սցենարում զուտ ձևական էր. ավարտին հասցնել մեկնարկած գործընթացը...

Վերջապես՝ քրեական գործերը, որոնք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ սարքում էր հատուկ քննչական ծառայությունը, որը զուտ պատահաբար գլխավորում է սորոսական կառույցների հետ կապերի առումով ամենահարմար մարդը։ Հիշենք, թե ինչպես իր գործով առաջին նիստի օրը Սերժ Սարգսյանը դատարանի բակում հայտարարեց լրագրողներին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եվ այլևս ոչ մի բառ չհավելեց։

Ուսապարկերի թիմի քարոզիչները՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, այն ժամանակ հրճվալից հեգնում էին, թե իբր՝ ի՞նչ կապ ունեն Արցախը հանձնելու վերաբերյալ ֆանտազիաները «մսխումների» համար քո դեմ հարուցված քրեական գործի հետ։ Հիմա հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի այն խոսքերը զուր չէին ասված

Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը։ Այդպես էլ չկա այն հարցի պատասխանը, թե ինչն է դրդել նրան այդ քայլին։ Ինչ էլ որ ասի քննությունը, շատերի համար հիմնական վարկած է մնում այն, որ Անվտանգության ծառայության նախկին ղեկավարը, որը մինչ Հայաստան վերադառնալը երկար ժամանակ գտնվում էր Բրիտանիայում, հասկանում էր, թե իր երկրի համար ինչ հետևանքներ են անխուսափելիորեն նախապատրաստված աշխարհաքաղաքական երկարատև խաղով, որում ինքը դարձել է մանրադրամ…

Հնարավոր է, որ Նիկոլն իր խորամանկ ռամիկի խելքով հույս ուներ, թե խաղալով ուժի կենտրոնների հակասությունների, Մոսկվայի և Լոնդոնի միջև դիմակայության վրա, միամիտ հիմար ձևանալով, ինչը անձամբ խոստովանեց մի առիթով, կկարողանա դուրս պրծնել աշխարհաքաղաքական ծուղակից, բայց լոկ մոտեցրեց ճգնաժամը։ Ճգնաժամ, որի անխուսափելիության մասին, հայոց պետության համար գալիք ծանր օրերի անխուսափելիության մասին շատերը նախազգուշացնում էին երկրի ղեկավարի աթոռին Փաշինյանի նստելուց անմիջապես հետո։

Основная тема:
Теги: