Արա ՄԱՐՋԱՆՅԱՆ․ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆ Է, ԲԱՅՑ ԼԱՐՎԱԾ

Էներգետիկ իրավիճակը Հայաստանում լարված կլինի, բայց ոչ կրիտիկական: Այս մասին այսօր ասաց էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը «Հայաստանի և Արցախի էներգետիկայի մշուշոտ հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ: Նրա խոսքով, Արցախում պատերազմի հետևանքով մենք ունեցանք նաև էներգետիկ կորուստներ:

«Արցախի էներգետիկ ինքնաբավության տեսանկյունից այդ կորուստները շատ էական են: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի էներգետիկ համակարգին, Արցախի համեմատ, դրանք այդքան էլ շոշափելի չեն»,-ասաց փորձագետը:

Արա Մարջանյանի խոսքով՝ Արցախը վերջին տարիներին էլեկտրաէներգետիկ տեսանկյունից դարձել էր ինքնաբավ: Եվ անգամ որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա էր մատակարում Հայաստանին:

«Այդ առումով, Արցախի կորուստն, իհարկե շատ մեծ է: Անդրադառնալով Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգին, նշեմ, որ ատոմակայանը պլանային նախազգուշացնող վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: Դրանք պետք է տևեն 141 օր, և շուտով այդ ժամկետը կավարտվի»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ այս պլանային վերանորոգման ընթացքում հաջողվել է կատարել այն, ինչ մասնագետները կոչում են ռեակտորի իրանի ջերմային թրծում, որը վերականգնում է ռեակտորի իրանի մետաղի հատկությունները և հնարավորություն է ընձեռում հուսալիորեն շահագործել ատոմային ռեակտորը մինչև 2026 թվականը: Իսկ հետագայում հնարավոր կլինի շահագործման ժամկետը երկարացնել ևս 10 տարի՝ մինչև 2036 թվականը:

«Այս ժամանակ, երբ մեր հիդրոռեսուրսները գտնվում են բավական ծանր վիճակում, շոգ, երաշտային տարվա հետևանքով, և աշխատում են իրենց հզորությունների կեսով,երբ դեռ չի գործարկվել ատոմակայանի 2-րդ բլոկը, Հայաստանն էլեկտրաէներգիա է արտահանում Իրան, որպեսզի երաշխավորի գազն ընդդեմ էլեկտրական էներգիայի պայմանագրի դրույթները»,-ասաց Արա Մարջանյանը:

Ըստ փորձագետի՝ էլեկտրաէներգետիկ վիճակը Հայաստանում կայուն է, բայց լարված: Լարվածության հիմնական պատճառն այն է, որ ՀԱԷԿ-ի պլանային վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել, և ընդհանուր հիդրոէներգետիկ ռեսուրսներն այս տարի սակավաթիվ են: Բայց Հայաստանի էլեկտրաէներգետիկ կառուցվածքը թույլ է տալիս բավական հաջող դիմակայել այս փորձությանը:

Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղիկ Պասոյանն էլ նշեց, որ էներգիայի սպառման կառուցվածում Հայաստանը շարունակում է էներգախնայողության մեծ պոտենցիալ ունենալ:

«Հայաստանի իրականության մեջ 1մ3 գազը չծախսելը շենքերում էներգախնայողության միջոցով, 3 անգամ ավելի էժան է, քան առնելը: Հետևաբար ինքը դառնում է տեղական արտադրության կանաչ, էժան և էներգիայի այլընտրանքային աղբյուր»,-ասաց Աստղիկ Պասոյանը:

Նրա խոսքով՝ թեև վերականգնողական էներգետիկան, շարունակում է մնալ գրավիչ, մոդայիկ թեմա, որի մեջ ներդրում անելը, դեռևս մնում է արդիական, ոչ միայն թանկ է վերականգվող էներգետիկան, ալյև այն պետք է լինի վերջին հանգրվանը, երբ էներգիայի օգտագործման բոլոր հնարավորությունները սպառված են:

«Քանի դեռ մենք խոսում ենք նոր հնարավորությունների հզորացման կառուցման մասին, մենք մոռանում ենք, որ դեռ չգիտենք Հայաստանի օպտիմալ էներգասպառման մակարդակը, այսինքն պահանջարկն ինչպիսին է: Մենք շարունակում ենք նոր ռազմավարական գծեր մտածել, առանց հաշվի առնելու, թե որքան հզորություն է պետք այսօր: Եվ այդ հարցի պատասխանը պարփակված է այն քանակների մեջ, որ մենք կարող ենք խնայել՝ անարդյունավետ օգտագործումը բացառելով»,-ասաց էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրենը:

Աստղիկ Պասոյանը հավելեց նաև, որ վերականգնվող էներգետիկ ոլորտում կան հաջողություններ, որոնք առաջին հերթին եղել են ֆինանսական խթանների արդյունքում:

Newsarmenia.am