ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԱՀԱԳՆԱՆՈՒՄ Է, ՄԵՐ ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽՈՐԱՆՈՒՄ

Վերջին մի քանի շաբաթում Հայաստանի և Թուրքիայի առաջնորդները խոսեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորության մասին։ Ընդ որում, եթե Փաշինյանը Թուրքիայից եկող ինչ-որ անհասկանալի դրական ազդակների մասին էր ակնարկում, Էրդողանը վերահաստատեց Հայաստանին ներկայացվող նախապայմանների ավանդական փաթեթը, որի բավարարումից հետո իրենք պատրաստ են քննարկել Հայաստանի հետ սահմանի բացումն ու կապերի զարգացումը։

44-օրյա պատերազմից առաջ եվ հետո Թուրքիայի Հանրապետության նկատմամբ մեր իշխանության մոտեցման փոփոխության ամբողջ անտրամաբանականությունը հասկանալու համար բավական է համադրել նախկին և ներկա հռետորաբանությունը։ Անցած տարվա օգոստոսի 10-ին՝ պատերազմի մեկնարկից մեկուկես ամիս առաջ, երբ լրանում էր Սևրի դաշնագրի 100-ամյակը, Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի արկածախնդիր իշխանություններն ամենաբարձր մակարդակով խոսեցին Սևրի պայմանագրի կիրառման անհրաժեշտության մասին։

Այդ շրջանում պաշտոնական խոսույթում բավական շատ էր քննարկվում այսպես կոչված հակաթուրքական կոալիցիային անդամակցելու անհրաժեշտության հարցը, ինչը, բնականաբար, անարձագանք չմնաց Անկարայում և հարուցեց նրա խիստ վրդովմունքը։ Շաբաթներ անց՝ պատերազմից ընդամենը մեկ ամիս առաջ, Սարդարապատում տավուշյան մարտերի մասնակիցներին պարգևատրելիս վարչապետը հայտարարեց, թե Հայաստանն ունի տարածաշրջանում որոշիչ նշանակություն ունեցող Զինված ուժեր, և մեր բանակը Տավուշում հաղթել է թուրք-ադրբեջանական Զինված ուժերին։

Ակնհայտորեն, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ առավել ևս Թուրքիան չէին կարող համակերպվել նման խոսքային մարտահրավերի հետ։ Այն անհաշվենկատ խաղադրույքը, թե այդ հանդիսավորությունը և հակաթուրքական ճառերը բացառապես զորքի և բնակչության ոգին բարձրացնելու նպատակ ունեին, չաշխատեց, և այդ հայտարարությունը վերջնականապես միացրեց պատերազմի մեկամսյա հետհաշվարկը։

Զուգահեռաբար առաջ էր տարվում այն թեզը, թե Արցախում հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան չի միջամտի, այն դեպքում, երբ թուրք հրահանգիչներն ու թուրքական անօդաչուները վերջին զորավարժություններից տուն չէին դարձել և կազմ-պատրաստ տեղաբաշխված էին Ադրբեջանում։ Պատերազմում Թուրքիայի լայնածավալ ներգրավումն, իհարկե, այդպես էլ հնարավոր չեղավ կանխել, ավելին՝ մեր դիվանագիտական ճակատը ձախողեց աշխարհից ստանալ Թուրքիայի դատապարտումը։

Եվ այսօր Հայաստանը զարմանալիորեն կտրուկ փոխել է դիրքորոշումն իր արևմտյան հարևանի նկատմամբ։ Ամեն դեպքում, վարչապետը և Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսում են Թուրքիայի նկատմամբ խաղաղասիրական դիրքերից, կոչ անում անցյալի գիրկը թողնել թշնամանքն ու սկսել նոր էջից, ավելին՝ մեր պետական շահին ուղղված սպառնալից հայտարարությունները գնահատում են իբրև դրական և հուսադրող ազդակներ։

Մինչդեռ սեփական շահն սպասարկող իշխանությունը կարծես թե հակառակը պետք է աներ՝ զբաղվեր միջազգային ատյաններում թուրքական ագրեսիայի դատապարտման անդուլ քարոզով, կոշտացներ դիրքորոշումը միջազգային մարդասիրական իրավունքը կոպտորեն ոտնահարած պետության նկատմամբ, հիշեցներ առանց որևէ նախապայմանի շրջափակման վերացման անհրաժեշտության մասին։

Թուրքիայի կողմից մեզ ուղղված հետպատերազմյան ազդակների թագն ու պսակը Շուշիի հռչակագիրն է, այլ ազդակ այդ երկիրը չի ուղղել։ Էրդողանի երկու ուղերձները պատերազմից հետո հնչել են նախ Բաքվից, ապա զավթված Շուշիից։ Բաքվում նա փառավորում էր Էնվերի հոգին, Շուշիում էլ մատը տնկում Ստեփանակերտի վրա՝ կրտսեր եղբորը ցուցում տալով մինչև իր հաջորդ այցը վերահսկողության տակ առնել նաև Արցախի մայրաքաղաքը։ Սա դրական ազդակներ ուղարկող այն նույն Էրդողանն է, որը հայերին համարում է «թուրքական սրի մնացորդ»։