Գևորգ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ ԲԺՇԱԿԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԿԱ ՃՆՇՈՒՄ

Իշխանությունը փորձում է վաստակավոր մարդկանցից մեկին ցուցադրաբար պատժել, որպեսզի մնացածը «խելքները գլուխները հավաքեն» և չփորձեն հակադրվել իշխանությանը։ Այլ կերպ ասած Արմեն Չարչյանից սարքում են առողջապահական ոլորտի Մանվել Գրիգորյան։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են ՔԿՀ, չնայած առողջական վատ վիճակին։ Փաստաբանի պնդմամբ, պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։

Բժիշկը ցավով նշեց, որ Մանվել Գրիգորյանի հետ կատարվածի ժամանակ լռություն էր, և այսօր էլ թիրախավորվել է պրոֆեսոր Արմեն Չարչյանը և կրկին լռություն է։

«Դա նոր թեմա չէ, արդեն երեք տարի է իշխանությունները թիրախավորել են վաստակ ունեցող մարդկանց, և հիմա ստիպված ենք մեր պրոֆեսորին պաշտպանել մեր երկրի իշխանությունից, ովքեր պատերի տակ վնգստում են, երբ որ իրենց պետք է լինում որակյալ բուժօգնություն»,- նշեց Գրիգորյանը։

Անդրադառնալով Արմեն Չարչյանի հետ տեղի ունեցողին բժշկական համայնքի արձագանքին, Գևորգ Գրիգորյանը նկատեց, որ այն համաչափ չէ և չի էլ լինելու։ Բժիշկը համոզված է որ բժշկական հանրության վրա կա ճնշում։

«Արդեն երեք տարի է բարձրաձայնում եմ՝ բժիշկների բուժաշխատողների վրա անխնա կերպով կիրառվում է վարչական լծակ, մարդկանց սպառնում են աշխատանքից ազատել, թույլ չեն տալիս թե՛ մասնագիտական դիրքրոշումը արտահայտել, թե քաղաքացիական դիրքորոշումը։ Բժշկական հանրության նկատմամբ ճնշման վառ օրինակներից մեկն էլ քաղաքական քննդատությամբ հանդես եկող ավագ եղբորս աշխատանքից ազատելն էր, ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցներին որևէ տեղ աշխատանքի չվերցնելը, այն դեպքում, որ ոլորտւմ կա նման մասնագիտական հմտություններ ունեցողների կարիք կա։ Վառ ապացույցն է հենց պարոն Չարչյանի նկատմամբ հետապնդումները։ Եթե բուժաշխատողները նեղ միջավայրում արտահայտում են իրենց դիրքորոշումը, նրանք վախենում են արտահայտել իրենց դիրքորշումը լայն հանրության առջև, որովհետև դա հղի է իրենց համար բարդություններով»։

Գրիգորյանը իշխանությունների նման գործելաճի դեմ պայքարի երկու միջոց է տեսնում «Կարծում եմ՝ բժշկական հանրության կողմից կարող է մեկ օր՝ 24 ժամ գործադուլ հայտարարվել, միայն մնան անհետաձգելի բուժօգնության կետերը, այսինքն հերթապահ անձնակազմը։ Մյուս պայքարն էլ ընդդիմադիրների կողմից փողոցային պայքար սկսելը կարող է լինել»։

Yerevan.Today