ՊԱՐԵՆԱՅԻՆ... ՎՏԱՆԳ, կամ՝ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ «ՈՍԿԵ» 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Օրերս Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակեց «Պարենային ապահովություն և աղքատություն» հերթական զեկույցը այս տարվա առաջին կիսամյակի վերաբերյալ, որից պարզ է դառնում, որ պարենային անվտանգության կամ սննդամթերքով ինքնապահովվածության մակարդակը Փաշինյանի կառավարման ընթացքում լրջորեն զիջել է դիրքերը:
Մենք արդեն ավելի քան 3 տարի շարունակ կառավարական աշխատասենյակներից ամեն տեսակի պատմություններ ենք լսում գյուղատնտեսության զանգվածային սատարման ծրագրերի մասին, ընդ որում՝ կարևոր ու ընդարձակ ոլորտը կարգավորող պետական մարմնի (գյուղնախարարության) բացակայության պայմաններում: Ագրարային մասնահատվածի համար կիսապատասխանատու էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քիչ է մնում թուքը շաղ տա, երբ հափշտակված պատմում է կաթի գետերի ու մեղրածոր ափերի մասին, որոնք ուր որ է իրականություն են դառնալու օրհնյալ Հայոց աշխարհում։ Իսկ ի՞նչ վիճակ է իրականում։
Իրականում, ինչպես վկայում է հիշյալ վիճակագրական տեղեկագիրը, մեր երկրում 2018 թվականից հետո՝ դրա առավել քան կասկածելի «հեղափոխական» պտուղներով, կրճատվել են ռազմավարական կարևորագույն մշակաբույսերի ցանքատարածությունները, նվազել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, իսկ պարենամթերքի ներկրումն, ընդհակառակը, այնպիսի մասշտաբներ է ընդունել, որ տպավորություն է ստեղծվում, թե բոլոր գյուղացիներին նստեցրել են ջուլհակի հաստոցի առջև կամ հսկիչ կարգել գյուղերի սահմաններին, ինչում էլ տեսնում է գյուղացու աշխատանքի գլխավոր նպատակը նախարար Քերոբյանը:
Սկզբի համար անդրադառնանք ցանքատարածություններին, որոնք նախքան «թավշե հեղափոխությունը» Հայաստանում կազմում էին ավելի քան 242 հազար հեկտար։ Արդեն մեկ տարի անց՝ 2019-ին, ցանքատարածքները կրճատվեցին մինչև 228 հազար հեկտարի, իսկ 2020-ին՝ մինչև 223 հազարի: Ի դեպ, այս նյութում հատուկ ուշադրություն դարձրեք 2019 թվականի՝ իշխանությունների կողմից սիրված և մշտապես հիշատակվող տարվա տարբեր ցուցանիշներին, որը, իրենց ասելով, իրենց կառավարման փոքրիշատե հանգիստ միակն տարին էր, երբ դեռ չկար ո՛չ պատերազմ, ո՛չ համավարակ: Մինչդեռ վիճակագրությունը պնդում է, որ նույնիսկ այդ բարենպաստ պայմաններում Փաշինյանի թիմը հաջողացրեց ապականել նախկին իշխանությունների կողմից ձեռք բերված ցուցանիշների գերակշիռ մասը։
Այսպես, եթե 2018-ին հացահատիկային ու լոբազգի մշակաբույսերի ցանքատարածությունները հասնում էին ավելի քան 130 հազար հեկտարի, ապա ինչպես Փաշինյանի համար «ոսկե» 2019-ին, այնպես էլ 2020-ին դրանք կրճատվել են, հասնելով 122 հազար հեկտարից էլ ցածր թվանիշի։ Մասնավորապես, եթե 2018-ին ցանել են գրեթե 67 հազար հեկտար ցորեն, ապա հաջորդ տարիներին այդ ցուցանիշը 60 հազար հեկտարից էլ պակաս է եղել: Կարտոֆիլ աճեցվում էր ավելի քան 22 հազար հեկտար տարածքում, մինչդեռ 2019-ին և 2020-ին կորսվել է 1,5 հազար հեկտար։
Ապիկար իշխանությունը իր «սիրելի» 2019 թվականին կրճատել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, 591 հազարից հասցնելով 571 հազարի։ Մասնավորապես, կովերի գյխաքանակը մինչ օրս զիջում է 2018-ի ցուցանիշին։
Սեփական արտադրության սննդամթերքի առկայության նվազումը չէր կարող չհանգեցնել դրա ներկրման աճի։ Համեմատենք 2020 թվականի համապատասխան ցուցանիշները 2019-ի հետ: Այսպես, ցորենի ներկրումը 252 հազար տոննայից կտրուկ աճել է մինչև 350 հազար տոննայի, մակարոնեղենը՝ 11 հազարից 14 հազար տոննայի, շաքարը՝ 20 հազարից 43,5 հազար տոննայի, բուսայուղը՝ 28 հազարից 30,6 հազար տոննայի:
Ամենազարմանալին այն է, որ «հեղափոխական» իշխանության գալուց հետո ինչ-որ տեղ կորավ նախորդ տարիներին ձեռք բերված ամբողջական ինքնաբավությունը որոշ կարևոր մթերքների առումով։ Օրինակ, Հայաստանը սկսել է գրեթե երեք անգամ ավելի շատ ձու ներկրել։ Ինչ վերաբերում է պտուղ-բանջարեղենին, ապա եթե 2019 թվականին երկիր է ներկրվել 85 հազար տոննա (որից 2,25 հազար տոննան՝ բոստանային), ապա արդեն հաջորդ տարի՝ 96 հազար տոննա (որից գրեթե 5 հազար տոննան՝ բոստանային)։