ՄԱՆԴԱՏԻ ԽՆԴԻՐԸ

Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են սկսել Քաշաթաղի (Լաչինի) շրջանում։ Սա նրանց առաջին համատեղ մարտավարական զորավարժություններն են Արցախի բռնազավթված տարածքում։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հատուկ ուշադրություն է նախատեսվում հատկացնել ժամանակակից մարտական տեխնիկայի օգտագործման հմտությունների կատարելագործմանը դժվարանցանելի տեղանքում:

Ալիեվը կրկին ուժ է ցուցադրում, եվ այդ ցուցադրությունն ունի երկու հասցեատեր։ Առաջինը Ալիևի հայրենակիցներն են, որոնցից շատերն արդեն բացահայտ տարակուսանք են հայտնում, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմում հաղթել են, իսկ Արցախը ինչպես եղել է, այնպես էլ մնում է Ադրբեջանի իրավասությունից դուրս։ Ինչպես որ գործում էին Արցախում հայկական անձնագրերն ու փողերը, այնպես էլ շարունակում են գործել։ Միայն թե ներկայումս՝ ռուս խաղաղապահների երաշխավորությամբ։

Ավելին, որքան էլ Ալիևը բղավի, թե Մինսկի խումբն այլևս պետք չէ, այդուհանդերձ ստիպված է շփվել նրա հետ։ Մասնավորապես, վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևին։ Այնուհետ Խովաևն այցելել է Երևան, որտեղ բանակցություններ է վարել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, ապա հանդիպել Լեռնային Ղարաբաղի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան։

Ակնհայտ է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսվի (իսկ ամեն ինչ ընթանում է այդ ուղղությամբ), ապա Իլհամ Ալիևը դժվար թե կարող է հուսալ, թե համանախագահող երկրները կյանքի կկոչեն իր երազանքներն ու կասեն, իբր՝ Լեռնային Ղարաբաղն ընդամենը վարչական միավորի մաս է Ադրբեջանի կազմում, իսկ ռուս խաղաղապահները կհավաքեն փասա-փուսան ու կհեռանան իրենց հերթապահության գոտուց:

Այնպես որ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մարտավարական զորավարժությունների երկրորդ հասցեատերը ռուսաստանյան խաղաղապահ զորակազմն է։ Հիշեցնենք, վերջերս Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հարցազրույց է տվել Արցախի հեռուստատեսությանը, որտեղ հայտարարել է, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները Արցախի ժողովրդի առջև: Դա դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում, որտեղ զգուշանում են ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությունից, ինչը թույլ չի տալիս Ալիևին ավարտին հասցնել տարածաշրջանի բնակչության ցեղասպանության գործընթացը։

Թեև ռուսական զորախումբը տարածաշրջանում ներկա է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ալիևի, Փաշինյանի և Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն, Բաքուն ձգձգում է խաղաղապահների մանդատի ստորագրումը՝ հուսալով ստիպել Մոսկվային որոշակի զիջումների գնալ խաղաղապահների գործառույթների և մանդատի հնարավոր ձևակերպումների հարցում:

Կարելի է ենթադրել, որ Բաքվին, իսկ ավելի ճիշտ՝ Իլհամ Ալիեվին նյարդայնացնում են ձևակերպումներն այն մասին, որ ռուսական զորակազմը տեղակայված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջև բաժանարար գծում, ինչը փաստացի արձանագրում է ինչպես բուն խնդրի առկայությունը, այնպես էլ փաստացի իրավիճակը և հակասում Ալիևի այն հայտարարություններին, թե չկա ո՛չ խնդիրը, ո՛չ էլ այնպիսի միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, այլ կա, իբր, լոկ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի տարածքի հայաբնակ մաս։

Կարելի է ենթադրել, որ եթե ռուսական կողմը համարում է, որ խաղաղապահների գործառույթը միայն խաղաղության պահպանումն է տարածաշրջանում ու պայմանների ստեղծումը դրա բնականոն կենսագործունեության համար և հենց դա պետք է ամրագրված լինի զորակազմի մանդատում, ապա Ալիևը մտադիր է հասնել նրան, որ մանդատում հստակ ձևակերպվի զորակազմի ժամանակավոր ներկայություն Ադրբեջանի տարածքում, մինչև որ այնտեղ ապահովվի Ադրբեջանի օրենքների գերակայությունը: Այլ կերպ ասած, Բաքուն կցանկանար, որ մանդատում ամրագրվեին ադրբեջանական կողմի նկատմամբ խաղաղապահների հնարավորինս մեծ պարտավորություններ, որպեսզի խաղաղապահները նպաստեին Լեռնային Ղարաբաղի ինտեգրմանը Ադրբեջանի կազմում։

Սակայն դա ոչ միայն չի համապատասխանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, ոչ միայն լիովին անընդունելի է Արցախի համար, այլև, կարծում ենք, անընդունելի է նաև Մոսկվայի համար, մանավանդ որ Ռուսաստանը համանախագահում է Մինսկի խմբում, որն էլ զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ՝ երեք հանրահայտ սկզբունքների հիման վրա. ուժի կիրառման բացառում (ինչը խախտվել է Ադրբեջանի կողմից), պետության տարածքային ամբողջականության սկզբունք, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունք։

Основная тема:
Теги: