ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 20 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ ՓՄՁ-ՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Արդշինբանկին տրամադրել է 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ 3 տարի ժամկետով ՝ երկրի փոքր և միջին բիզնեսին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Համաձայնագիրը 2021 թվականի սեպտեմբերի 7-ին ստորագրել են ԵԱԶԲ-ի Վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը:
Արդշինբանկի եվ Եվրասիական զարգացման բանկի արդյունավետ համագործակցությունն ունի ավելի քան ութ տարվա պատմություն և գեղեցիկ ավանդույթներ: Մեր բանկերի միջև առաջին պայմանագիրը՝ ընդհանուր 10 մլն ԱՄՆ դոլարի չափով, ստորագրվել է դեռևս 2014 թվականին: Վերջինիս միտված էր Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսավորման իրականացմանը: 2017 թվականին ստորագրված երկրորդ պայմանագիրը, ընդհանուր 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, ուղղված էր առևտրի ֆինանսավորմանը, որի նպատակն էր Եվրասիական տնտեսական միության տարածքում գործող հայաստանյան մասնավոր ձեռնարկություններին աջակցելն ու ֆինանսավորելը։ Թվարկված գործարքները հիմնականում նպաստել են երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը և փոքր ու միջին բիզնեսի ոլորտում բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացմանը:
Մենք ակնկալում ենք, որ այսօր ստորագրվող նոր՝ թվով երրորդ պայմանագիրը՝ ընդհանուր 20 մլն ԱՄՆ դոլարի չափով, նույնպես կնպաստի ոչ միայն փոքր ու միջին ընկերությունների կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, այլև կխթանի ներքին և արտաքին շուկաներում Հայաստանի ՓՄՁ-ների համար մրցակցային շուկայական միջավայրի զարգացմանը, - փաստաթղթի ստորագրման ժամանակ ասել է Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը: Նա բարձր է գնահատել ԵԱԶԲ-ի հետ փոխհարաբերությունները՝ մասնավորապես նշելով, որ ի դեմս Արդշինբանկի՝ ԵԱԶԲ-ն հայկական շուկայում ունի հուսալի և երկարաժամկետ գործընկեր:
Իր հերթին ԵԱԶԲ-ի Վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը նշել է, որ ԵԱԶԲ-ն մեծ նշանակություն է տալիս բանկի մասնակից երկրների տարածքում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար պայմանների ստեղծմանը: Հատկապես կարևոր է ՓՄՁ-ի գործունեությունը փոքր տնտեսությունների համար։
Հաշվի առնելով Արդշինբանկի հետ նոր պայմանագիրը՝ Հայաստանի ֆինանսական հատվածում ԵԱԶԲ-ի ներդրումների ծավալը կկազմի 171 մլն ԱՄՆ դոլար։ Այդ միջոցները լրացուցիչ խթան կհանդիսանան հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար, քանի որ նոր ընկերությունների ի հայտ գալը և բիզնեսի ընդլայնումը տալու է լրացուցիչ աշխատատեղերի հնարավորություն և արտահանման ու ուղեկցող ոլորտների, ենթակառուցվածքների աճ:
«Այս վարկը վկայում է Արդշինբանկի ռազմավարության և հեռանկարների նկատմամբ ԵԱԶԲ-ի վստահությունը։ Հատկացված միջոցները կուղղվեն փոքր և միջին բիզնեսին սպասարկող բանկային ծառայությունների շրջանակի ընդլայնմանը», - ընդգծեց Զարգացման եվրասիական բանկի Վարչության նախագահը:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: