ԻՆՉՊԵՍ ԲԼԻՆԿԵՆՆ ՈՒ ԹՐԵՅՍԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՇՄԱՐԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արարատ Միրզոյանը, բազմաթիվ փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի համար բնավ ամենացանկալի թեկնածուն չէր Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում. դա զբաղեցնելու համար համառորեն առաջ էր մղվում Արևմուտքի շահերի ավելի ջերմեռանդ պաշտպանը։ Սակայն Փաշինյանն այնուամենայնիվ ստիպված եղավ «ֆորին օֆիսից» հանել Արմեն Գրիգորյանին, որը, ԶԼՄ-ների հաղորդմամբ, արդեն զբաղեցրել էր նախարարի աշխատասենյակը, և այնտեղ նստեցնել ոչ պակաս սկանդալային, բայց արտաքին այլ գործընկերների համար ավելի ընդունելի կերպարին։ Եվ ահա այս սուբյեկտը, որը հայտնի է լայն հասարակայնությանը Օմեգա ծածկանունով, նշանակումից հետո սկսեց շնորհավորանքներ ստանալ, այդ թվում՝ նույնիսկ Էնթոնի Բլինկենից: Ընդ որում ուղերձի տեքստը կրում է բնավ ոչ հերթապահ բնույթ և անչափ պերճախոս է։

Հիշո՞ւմ եք Էլդար Ռյազանովի «Գարաժ» հայտնի ֆիլմը, որից մեջբերումներն արդիական են առ այսօր: Օրինակ, ի պատասխան հերոսուհու խոստովանության, որ զբաղվում է ժամանակակից երգիծաբանությամբ, նրա զրուցակիցը հեգնալից նկատում է. «Տարօրինակ մասնագիտություն ունեք. զբաղվում եք նրանով, ինչը գոյություն չունի»: Ահա ուրեմն, վերաձևակերպելով՝ կարելի է վստահաբար ասել, որ ամերիկյան դիվանագիտությունը Հայաստանում նշմարել է այն, ինչը երկրում գոյություն չունի առնվազն 2018-ի գարնանից։ Այսինքն ՝ ժողովրդավարություն։ Ավելին, Բլինկենը վստահ է, թե ՀՀ-ի հետ ԱՄՆ-ի երկկողմ կապերը հիմնված են «ընդհանուր ժողովրդավարական արժեքների» վրա։ Ամերիկյան ժողովրդավարության համար ավելի վարկաբեկիչ հայտարարություն, համաձայնեք, դժվար է պատկերացնել։

Որպեսզի պարզ լինի, այլ մեջբերումներ էլ ներկայացնենք Միրզոյանին և, հետևաբար՝ Փաշինյանի ողջ թիմին պետքարտուղարի հղած ուղերձից։ «Միացյալ Նահանգները Ձեր կառավարության գործընկերն է օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, ինչը պետք է իրականացվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը զուգահեռ։ …Համատեղ կարող ենք առաջ մղել Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարեկեցիկ ապագայի մեր միասնական շահերը»,- գրում է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։

Անշուշտ, Էնթոնի Բլինկենը պարտավոր չէ խորապես տեղյակ լինել հայկական իրողություններին. նրա պատկերացումները, հետևաբար՝ պաշտոնական ուղերձների բովանդակությունը հիմնված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տրամադրած տեղեկատվության և գնահատականների վրա։ Ուստի պետք է ենթադրել, որ կա՛մ դիվանագիտական առաքելության աշխատակիցները՝ դեսպան Լին Թրեյսիի գլխավորությամբ, լիովին կտրված են մեր երկրում առկա իրողություններից, կա՛մ տիկին դեսպանը միտումնավոր ապատեղեկացնում է սեփական կառավարությանը։ Երրորդ տարբերակին բոլորովին չէինք ցանկանա հավատալ, բայց, ավաղ, առավել ճշմարտանման է, որ ամերիկացիներն ամեն ինչ շատ լավ տեսնում ու հասկանում են, բայց Վաշինգտոնին ձեռնտու է սեփական աշխարհաքաղաքական հաշվարկներից ելնելով աչք փակել իրողությունների վրա և ներկայացնել ցանկալին իրականության տեղ։ Պարզ ասած, միտումնավոր ու հրապարակավ ստել, ուրանալով ժողովրդավարության արժեքները լոկ այն պատճառով, որ իրենց հույժ անպրաժեշտ են Փաշինյանն ու իր խունտան։

Այլապես ի՞նչ անվանում կարելի է տալ այն միանգամայն աննախադեպ փաստին, որ Հայաստանում ամեն ինչի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների փքուզման երեք տարիների ընթացքում ժողովրդավարության անդրօվկիանոսյան պահապանները ոչ մի անգամ հարկ չհամարեցին հանդես գալ տեղի ունեցող ամենի գնահատականով։ Թե որքանով էին այդ ինստիտուտներն ու առհասարակ ժողովրդավարությունը կայացել «մինչթավշե» Հայաստանում, այլ հարց է, որը, սակայն, ամենաուղղակի առնչություն ունի կրկին իսկ ԱՄՆ-ի հետ, քանզի զգալի չափով հենց այդ երկրի ֆինանսական աջակցության հաշվին են դրանք ձևավորվել։

Բլինկենն ինքն էլ ընդունում է այդ փաստը, նշելով, որ «Միացյալ Նահանգները երկարամյա հանձնառություն ունի աջակցելու Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին»։ Սակայն ամերիկացիները տարօրինակ կերպով չեն նկատում, որ տասնամյակներ շարունակ իրենց կողմից սատարվող հասարակական կազմակերպությունները, ասենք՝ մարդու իրավունքների ոլորտում, ահա արդեն երեք տարի շարունակ համառորեն ոչինչ չեն նկատում և շատ պերճախոս լռում են, կարծես թե հրամանով։ Թեպետ, ինչո՞ւ «կարծես թե»։

Օրինակ, համաշխարհային պրակտիկայում դժվար թե նախադեպն ունեցող դատարանների շենքերի արգելափակումն անձամբ կառավարության ղեկավարի կողմից, ըստ երևույթին, Պետդեպարտամենտում համարվում է լիովին նորմալ և ժողովրդավարական երկրին բնորոշ երևույթ, քանի որ բացարձակապես ոչ մի արձագանքի չարժանացավ «ժողովրդավարության համաշխարհային պատվարի» կողմից: Իսկ դատական համակարգի հետևողական ոչնչացումը ոչ մի անգամ չդրդեց պաշտոնական Վաշինգտոնին պաշտպանել Փաշինյանի հետ «ընդհանուր» ժողովրդավարական արժեքները, տվյալ դեպքում՝ օրենքի գերակայությունը։

Անկեղծ ասած, դժվար է նույնիսկ պարզապես թվարկել այն ամենը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում անցած երեքից ավելի տարիների ընթացքում ժողովրդավարության ու մարդու իրավունքների նորմերի խախտումների մասով և կրել զանգվածային բնույթ։ Ուստի հիշեցնենք միայն վերջին իրադարձությունները։ Պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ բացահայտ սադիստական վերաբերմունքը, որն ամբողջությամբ տեղավորվում է ԱՄՆ-ի կողմից այնքան ատելի քաղաքական հետապնդման շրջանակներում, չարժանացավ ամերիկացիների նույնիսկ զուտ հումանիտար գնահատականին, չենք խոսում արդեն իրավական և քաղաքական բաղադրիչի մասին։ Տիկին Թրեյսին ու իր շեֆ Բլինկենը համառորեն չեն տեսնում այն ակնհայտ փաստը, որ իրավապահ համակարգը վաղուց վերածվել է պատժիչ գործիքի՝ քինոտ բռնապետ-շիզոֆրենիկի ձեռքում, իսկ դատական ճյուղը ենթարկված է բացառապես նրա քմայքներին և անձնական հակումներին։

ԶԼՄ-ների դեմ բազմաթիվ հարձակումներն ու լրագրողների իրավունքների խախտումները նույնպես ոչ մի անգամ չհայտնվեցին ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում, թեև այնքան կոպիտ էին, որ քննադատության ենթարկվեցին մասնագիտացված միջազգային կազմակերպությունների կողմից։ Փաշինյանի ու իր թիմի վերջին «նվաճումը»՝ խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակումը արժանացավ պրոֆեսիոնալ հանրության խիստ բացասական արձագանքին, բայց ամերիկյան ժողովրդավարության «սրբություն սրբոցի»՝ խոսքի ազատության նույնիսկ այդչափ կոպիտ ոտնահարումը չխաթարեց Հայաստանում տեղի ունեցող աղաղակող գործընթացների անխռով ու լուռ դիտումն ամերիկացիների կողմից։

Ինչ խոսք, Բլինկենն ու Թրեյսին կարող են ինչպես իրենց և այնպես էլ իրենց երկրի համար ընդունելի համարել Նիկոլ Փաշինյանի հետ «ընդհանուր ժողովրդավարական արժեքների» առկայությունը։ Եթե, իհարկե, նրանք ամոթ չունեն։ Քաղաքականությունը չի ընդունում բարոյական կատեգորիաներ, առաջնորդվելով գլխավորապես ցինիկ հաշվարկով, և այդ տեսանկյունից դեսպանն ու պետքարտուղարը ակնհայտորեն ունակ են հանդուրժել նույնիսկ շատ ավելի դաժան ծաղր ժողովրդավարության նկատմամբ, միայն թե լուծեն իրենց աշխարհաքաղաքական խնդիրները։ Հանուն դրա նրանք պատրաստ են աջակցել ու պաշտպանել ոչ միայն Հայաստանի վարչապետին, այլև Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին, որոնք խախտել են մարդու իրավունքներն ու հրեշավոր հանցագործություններ կատարել վերջին պատերազմի ընթացքում ու դրանից հետո։

Ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո անցած մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ը ոչ մի անգամ չի բարեհաճել հայտարարել այդ հանցագործությունների դատապարտման մասին և չի պահանջել պատժել հանցագործներին։ Պաշտոնական Վաշինգտոնն այդպես էլ չդատապարտեց ո՛չ Ալիևի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներից մեկի ՝ ուժի կիրառման բացառման սկզբունքի խախտումն ու ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, ո՛չ էլ զանգվածային հանցագործությունները խաղաղ բնակչության դեմ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց վայրագ սպանությունները, արգելված զինատեսակների օգտագործումը, միջազգային ահաբեկիչների փոխադրումը տարածաշրջան, մշակութային հուշարձանների ոչնչացումը... Նույն Եվրախորհրդարանն ու եվրոպական այլ կառույցներ ընդունեցին մի քանի բանաձևեր՝ բացահայտորեն դատապարտելով Բաքվի և Անկարայի ոճրագործությունները, բայց ԱՄՆ Պետդեպարտամենտը լռում է։

Այսօր Բլինկենն ու Թրեյսին չեն հիշում անգամ հայ ռազմագերիների մասին, թեև Ալիևը բացահայտ կերպով խախտում է ևս մեկ կարևոր միջազգային փաստաթուղթ՝ Ժնևյան կոնվենցիաները։ Բլինկենն ու Թրեյսին լռում են, թեև ադրբեջանական զինված ուժերն արդեն գրեթե 4 ամիս է, ինչ բացահայտ կերպով բռնազավթել են Հայաստանի տարածքը. նույն այն «ժողովրդավարական ինքնիշխան Հայաստանի», որտեղ ամերիկացիները, ինչպես հետևում է պետքարտուղարի ուղերձից, մտադիր են առաջ մղել «Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարեկեցիկ ապագայի միասնական շահերը»։

Դժվար է ասել, թե այդ ինչ «խաղաղ և բարեկեցիկ ապագայի» մասին են խոսում Թրեյսին ու նրա խոսքերը կրկնող Բլինկենը, որոնք բացահայտ ու անխղճորեն աջակցում են մանր բռնապետ ու քաղաքական ստահակ Փաշինյանին։ Անչափ կուզենայինք խնդրել դեսպանին և պետքարտուղարին նշել իրենց կողմից սատարվող իշխանության թեկուզ մեկ ժողովրդավարական նվաճում։ Մի՞թե իրենք նվաճում են համարում 5 հազար մարդու մահը, տասնյակ հազարավորների տառապանքներն ու զրկանքները, ծաղկուն հայկական երկրամասի կործանումն ու հայոց պետականության ոչնչացումը, քանզի ուրիշ ոչ մի բանով Փաշինյանը երեք տարվա ընթացքում աչքի չի ընկել։

Այլ հարց է, որ հենց դա էր տեղավորվում տարածաշրջանում «խաղաղության և բարեկեցության» Փաշինյանի հետ ընդհանուր թուրք-ամերիկյան շահերի շրջանակում։ Եվ Թրեյսիի ու Բլինկենի համար հոգ չէ, որ այդ շահերը հանգեցրեցին իսկական աղետի և հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկի, որից հայ հասարակությունը մինչ օրս չի ուշքի չի եկել և դժվար թե երբևէ մինչև վերջ ուշքի գա։ Գլխավորը՝ ժողովրդավարական կեցվածք ընդունել անթաքույց երեսպաշտության ու ցինիզմի պարագայում։ Եվ ընդ որում՝ նույնիսկ չկարմրել: Համենայն դեպս դեսպան Թրեյսին այդ պարզ մարդկային «զանցանքի» մեջ առ այսօր չի նկատվել։