ԻՇԽՈՂ ԹԻՄԻ ՎՇՏԵՐԸ

«Ալեն Սիմոնյանի ծովափնյա հանգիստը զարմանալու չէ, դա է այդ մարդկանց աշխարհընկալումը, ընտրել եք, աջակցել եք ,ուրեմն բարի եղեք նաև հանդուրժել. գերիների հարցը իրենց համար ակտուալ չէ, առհասարակ արցախյան հիմնահարցը ակտուալ չէ իրենց համար, կարևորը՝ SOQAR-ը էժան նավթամթերք է շուտով ներկրելու Հայաստան, թե ինչ դուստրիկ ձեռնարկության փաթեթավորմամբ , դա հետո կերևա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը:

Հունական հանգստավայրերում խորհրդարանի խոսնակի և երկրի գլխավոր աներձագի պարերը, որոնք կարելի է դիտել համացանցում, իրոք ոչ մեկին չեն զարմացնում։ Եվ դժվար թե Երևանի առանձին ներկայացուցիչների վերջին հայտարարություններն այն մասին, թե Բաքվի հետ ոչ մի բանակցություն չի ընթանում, իսկ եթե անգամ դրանք լինեն, ապա միայն Արցախի կարգավիճակի հարցի գերակա քննարկմամբ, մոլորության մեջ գցեն որևէ մեկին։ Դժվար թե որևէ մեկն ակնկալում է, թե մեր իշխանությունը հանկարծ հայրենասեր է դարձել և այսուհետ Ալիևին չի նվիրելու անխտիր ամեն ինչ ու նույնիսկ հետևողականորեն պաշտպանելու է Արցախի շահերը։ Իրականում իշխանության աշխարհայացքը բոլորովին չի փոխվել։ Նրանք առաջվա պես շարունակում են մնալ նույն բանսարկուները, մանիպուլյատորներն ու հավակնոտ դատարկախոսները, որոնք հոգու խորքում երազում են միայն մեկ բանի մասին. ինչպես արդյունավետ լափեն Արցախը հանձնելու համար Եվրոպայի խոստացած միլիարդավոր դոլարներն ու հանգիստ պառկեն խոտին ինչ-որ տեղ՝ գինու ձրի շիշը ձեռքին։

Շուշին ու Հադրութը հանձնած թիմի անդամները, խոսնակն ու աներձագը, առանց մեղքի չնչին իսկ զգացումի վայելում են անհոգ կյանքը Հունաստանում։ Նրանք մոռացել են իրենց թիմի կործանած հազարավոր կյանքերի մասին, նրանց չեն մտահոգում ո՛չ կրակոցներն Արցախի սահմանների վրա, ո՛չ ջրի ու էլեկտրականության պարբերական խափանումներն այնտեղ, ո՛չ էլ այն, որ Ֆիզուլիում արդեն օդանավակայան է բացվել, իսկ Քաշաթաղում ընթանում են թուրքական ու ադրբեջանական ստորաբաժանումների զորավարժությունները։

Արցախը նրանց համար ինչպես որ եղել է, այնպես էլ մնում է լոկ գլխացավանք։ Ճիշտ է, այսօր այդ ցավն ավելի քիչ է։ Նրանք Ռուսաստանի վրա են գցել Արցախի անվտանգության ապահովման գործառույթը, Մոսկվայի ուսերին բարդել գերիների հարցը, ուրախ կլինեին ամբողջությամբ ՌԴ-ին հանձնել նաև Հայաստանի անվտանգության ապահովման հարցը։ Այս թիմը ինչպես որ եղել է պետության շահերի համար բացարձակ անօգուտ, իսկ ավելի ճիշտ՝ վնասակար, այնպես էլ մնում է այդպիսին։ Պարզապես, հիմար չլինելով, հասկանում են, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում իշխանության ղեկին մնալու համար պետք է ցուցաբերեն, գոնե լոկ ցույց տան, այլ վարքագիծ։

ՆԻԿՈԼԸ ՇԱՏ ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՐ ՀԱՆՁՆԵԼ ԱՐՑԱԽԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՈՒ ԱՆԴԱՌՆԱԼԻՈՐԵՆ։ Մեկընդմիշտ ազատվել գլխացավանքից՝ արտարժույթի նոր հոսքի դիմաց։ Տարբերություն չկա, թե որտեղից. Եվրոպայից, Մոսկվայից, Բաքվից, թե Անկարայից։ Բայց հասկանում է, որ հիմա դա կախված է ոչ միայն իրենից ու Ալիևից։ Կան նաև աշխարհաքաղաքական այլ խաղացողներ…

Փաշինյանի քաղաքականությունն այսօր ամբողջությամբ Մոսկվայի ազդեցության ոլորտում է։ Եվ սաստիկ վշտանալով հանդերձ՝ նա ստիպված է հայտարարել, թե պաշտպանելու է Արցախի շահերը, ձևացնել, թե զբաղված է բանակի ամրապնդմամբ... Իրականում եթե անգամ ինչ-որ բան մտահոգում է վարչապետին, ապա դա իր նախկին ժողովրդականությունը վերադարձնելու ձգտումն է, ինչին փորձում է հասնել՝ մսխելով բյուջեն և պարտքի փոսում թաղելով հանրապետությունը։

Վարկանիշը բարձրացնել չի ստացվում, ինչից վարչապետն ընկնում է կատաղության մեջ, որն էլ կոտրում է ընդդիմության գլխին։ Ընդդիմադիրներին ծեծեցին հենց խորհրդարանում, ընդդիմադիր 36 խորհրդարանականներից 26-ի դեմ գործեր են հարուցված, և նրանք փաստացի անազատ են, երեք ընդդիմադիր պատգամավորներ կալանավորված են՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքի լկտի շրջանցումով. իսկական խունտայի գործողությունների ձևաններ։ Հայաստանում այսպիսի սանձարձակ կամայականություն երբևէ չի եղել։

Օբյեկտիվ իրողություններից կատաղած է ոչ միայն Փաշինյանը, այլև նրա թիմի մյուս անդամները։ Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը աշխարհի ամենաազատ ռադիոկայանի եթերում սաստիկ վրդովմունք է հայտնում, որ կան Փաշինյանի կամքին անհնազանդ դատավորներ, և ասում է, որ եթե իր կամքով լիներ, ապա վեթինգ կանցկացներ կես ժամում, բայց, բառացի մեջբերում ենք նախարարին. «Ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»։ Մե՜ծ վիշտ է դա արդարադատության նախարարի համար, որը ստիպված է հաշվի նստել օրենքի, ավելի ճիշտ՝ դրա դեռ վերջնականապես չոչնչացված մնացորդների հետ։

Основная тема:
Теги: