ԳԵՆԵՐԱԼ ՄՈՒՐԱԴՈՎԻ ՆՇԱՁՈՂԸ

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի հավանական թեկնածուն, Sputnik Արմենիայի տվյալներով, գեներալ-մայոր Միխայիլ ԿՈՍՈԲՈԿՈՎՆ է:

Նախկինում ԿՈՍՈԲՈԿՈՎԸ զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը (Հարավային ռազմական օկրուգ): Ժամանակին Կոսոբոկովը ղեկավարել է Աբխազիայի ռուսական ռազմակայանը։

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը որպես զորակազմի հրամանատար: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 10 ամիս։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. գեներալ Կոսոբոկովի համար, թերևս, և՛ հեշտ, և՛ դժվար է լինելու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնում։ Հեշտ կլինի, քանի որ իր նախորդից նա բավական ամուր ժառանգություն է ստանում. Մուրադովն ամենակարճ ժամկետում գործարկեց խաղաղապահության հզոր գործիքակազմը ցեղասպան պատերազմով բռնված տարածաշրջանում: Դժվար կլինի, քանի որ այդ ժառանգությունը պետք է պահպանել և բազմապատկել։ Հաստատված նշաձողը պետք է պահել առնվազն նույն բարձրության վրա։ Ասենք, թե որքան հաջող կլինի փոխարինումը, ցույց կտա ժամանակը։ Իսկ առայժմ՝ այն մասին, ինչը ժամանակն արդեն ցույց է տվել։

Հեռանալով խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնից՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ադրբեջանից բերեց ևս երկու հայ ռազմագերիների։ 10 ամսվա ընթացքում նա արել է դա բազմիցս, հայ ռազմագերիների տունդարձի յուրաքանչյուր փուլ կապակցվում է գեներալի անվան հետ։ Իհարկե, տասնյակ գերիներ վերադարձվել են հայկական կողմին ոչ միայն Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ։ Բայց ակնհայտ է նրա առանցքային դերն այդ գործընթացում։

Առհասարակ Մուրադովի աշխատանքի որակի մասին կարող է վկայել հենց թեկուզ մեկ փաստ։ Ընթացիկ տարվա մայիսին, ռոտացիայի սկզբունքի համաձայն, գեներալին մտադիր էին տեղափոխել այդ պաշտոնից։ Համենայն դեպս այդ մասին բավական ինտենսիվ խոսակցություններ էին ընթանում։ Այստեղ նշենք, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարներին փոխում են 6 ամիսը մեկ, սակայն այդ ժամկետը կարող է երկարաձգվել, եթե կողմերն առարկություն չունեն։ Հիշեցնենք նաև, որ այն ժամանակ տեղի ունեցավ բավական տհաճ միջադեպ։

Ապրիլի 8-ին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հայտնեց, որ Բաքվից վերադառնում են մի խումբ հայ ռազմագերիներ: Հարազատներն անմիջապես գնացին օդանավակայան՝ զավակներին դիմավորելու, սակայն վայրէջք կատարած ինքնաթիռում նրանք չկային։ Մուրադովը եկել էր առանց գերիների։ Ավելի ուշ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու չի բերել ռազմագերիներին, գեներալը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները ստում են սեփական ժողովրդին։

Ըստ ԶԼՄ-ների ունեցած տեղեկությունների, գեներալի այս հայտարարությունը սաստիկ դուր չէր եկել Հայաստանի իշխանություններին, ինչը սկզբունքորեն զարմանալի չէ, և հայկական կառավարության կողմից առարկություններ արտահայտվեցին խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում Մուրադովի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման վերաբերյալ: Սակայն այդ խորապատկերին սկսվեց ահագնացումը հայ-ադրբեջանական սահմանի վրա, և Մուրադովը մնաց՝ կարգավորելու իրավիճակը։ Ըստ էության, դա գեներալի ծառայության որակի օբյեկտիվ գնահատականն էր այդ պատասխանատու պաշտոնում։

Խաղաղապահ առաքելությունը Ռուստամ Մուրադովի կողմից կազմակերպվել և իրականացվել է բարձր մակարդակով, սա անհերքելի փաստ է: Խաղաղապահ զորակազմը՝ գեներալ Մուրադովի ղեկավարությամբ, ըստ էության, դարձել է ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորը, այլև իր ներկայության առաջին իսկ օրերից ամենաակտիվ մասնակցություն է ունեցել արցախցիների հումանիտար, առօրյա սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման գործում: Խոսքը և՛ էլեկտրաէներգիայով ապահովելու, և՛ բնակարանաշինության մասին է։ Նույնիսկ այսօր արցախցիներից շատերին ջրով ապահովում է խաղաղապահ զորակազմը։ Այդ ամենը պետք էր հստակ կազմակերպել, և գեներալ Մուրադովը կարողացավ հաղթահարել այդ խնդիրը ամենաբարձր մակարդակով, միաժամանակ զբաղվելով ամեն միջադեպի ժամանակ կողմերի հետ ծանր բանակցություններով, գումարած հայ ռազմագերիների վերադարձի հարցերը։ Գեներալ Ռուստամ Մուրադովը ոչ միայն կատարել է առաքելությունը, այլև բարձր նշաձող հաստատել դրա (առաքելության) համար, թողնելով արժանավայել ժառանգություն