ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼ ՎԱՏԹԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այն, որ Նիկոլին ու իր թիմին շատ է դուր եկել իշխանավորի հարմարավետ կյանքը, ակնհայտ է։ Նորմալ երկրում խորհրդարանի նախագահը համացանցում տեսահոլովակների տարածումից հետո, թե ինչպես է իր ընկերակիցների հետ պարում շքեղ հանգստավայրում, մինչ հայ ռազմագերիներին շարունակում են նվաստացնել Բաքվում, արդեն հրաժարական տված կլիներ: Բայց նրանց համար դա թուքումուր չէ, դա ցող ու շաղ է։

 


Նրանք ամեն ինչին ունեն լոկ մեկ պատրաստի պատասխան, թե՝ իսկ դուք ինքներդ ո՞վ եք: Քանի որ այլ պատասխաններ չունեն, մնում է այդ մեկը։ Հողերի հանձնումը ստորագրած ու ճանաչած մարդիկ դրանում մեղադրում են ուրիշներին։ Հող հանձնած մարդիկ դրանում մեղադրում են ուրիշներին։ Նոր իշխանության խորհրդարանական խուլիգանները անվայել պահվածքի մեջ մեղադրում են նախկին իշխանությանը... Ոչ միայն բյուջեն, այլև «Հայաստան» հիմնադրամը թալանած մարդիկ դրանում մեղադրում են ուրիշներին։

Այդ թեմայով վերջին նորություններից։ ԱԺ նախագահի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, երեք ընկերությունների տնօրեն է, որոնցից երկուսը զբաղվում են ասֆալտապատմամբ և բետոնի արտադրությամբ։ Այդ ընկերությունները մասնակցում ու հաղթում են պետգնումների գծով մրցույթներին. իշխանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ։

Իհարկե, արտաքին աշխարհում կգտնվեն բազմաթիվ ուժեր, որոնք կաջակցեն այս իշխանությանը՝ ուրախությամբ շփելով ափերը։ Քանզի ստոր իշխանությունը միշտ ձեռնտու է արտաքին խաղացողներին ու նրանց հինգերորդ շարասյուներին։ Ստոր ու ողորմելի իշխանության հետ միշտ էլ հեշտ է պայմանավորվել, հեշտ է գնել նրան, վերագնել, վաճառել։ Եվ եթե ժողովուրդն ինքն է ընտրել այս իշխանությանը, ապա ինչո՞ւ մեղադրել արտաքին ուժերին, որոնք պատրաստ են այս իշխանության հետ «աշխատել», այսինքն գնել, վերագնել ու վաճառել...

Մանավանդ որ իշխանությունն ինքը, ըստ երևույթին, հաճույք է ստանում իր այդպիսի ողորմելի վիճակից։ Հնարավոր է, իսկ ավելի շուտ՝ միանգամայն հավանական է, որ մեր խոսնակը պարզապես հրճված է, որ համացանցում տարածում են տեսանյութը, թե ինչպես է ինքը քեֆ քաշում Հունաստանում։ Դե, նայեք, նախանձեք: Չէ՞ որ Նիկոլն ինքն էր տեսանյութ տարածում, թե ինչպես է փռվել կառավարական ամառանոցի խոտին՝ գինու շշով... Նույնպես, հավանաբար, մտածում էր. նայեք, նախանձեք։

Կարո՞ղ եք պատկերացնել, որ Պուտինը համացանցում տեսանյութ տեղադրի, որտեղ գինու շիշը գրկած պառկած է կառավարական ամառանոցի սիզամարգին։ Կամ պարում է կիսամերկ կանանց հետ: Կամ որ նման բան ցուցադրի Բայդենը։ Կամ Մակրոնը։ Կամ Ղարիբաշվիլին։ Կամ Ալիևը։ Այդ ի՞նչ աստիճանի պակասավոր պիտի լինես էությամբ, որ չհասկանաս, թե ինչն է կարելի երկրի առաջնորդին, ինչը չի կարելի, ինչն է կարելի խոսնակին, ինչը չի կարելի։

Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել, որ նշված առաջնորդներից որևէ մեկը հրաման տա իր թիմակիցներին հենց խորհրդարանում ծեծել ընդդիմադիրներին։ Չնայած ամեն ինչ պարզ է։ Պարզ է, որ վարչապետի աներձագ լինելը, փողոցային երթերի ժամանակ նրա շիշը բռնելը, իհարկե, մեծ հաջողություն է օրենսդիրի աթոռին հայտնված փողոցային թափթփուկների համար։ Նման հաջողության համար նրանք ցանկացածի կոկորդը կկրծեն:

ԱՅՈ, ՄԱՐԴԻԿ ՍԽԱԼՎԵՑԻՆ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ։ Այդպես պատահում է։ Մարդկանց բնորոշ է սխալվել, դա գիտեին դեռ հին լատինացիները։ Կան դասական օրինակներ. 1933-ին ժողովուրդն ընտրեց Հիտլերին, 2021-ին ժողովուրդն ընտրեց «Թալիբանը»։ Բայց ո՞րն է տարբերությունը կայացած և չկայացած պետությունների միջև։ Կամ՝ կիսակայացած։

Կայացած պետություններում իշխանության ղեկին փողոցային ընչաքաղց խուժանի հայտնվելն անհնար է։ Այնտեղ ժողովրդի հնարավոր ողբերգական սխալի ճանապարհին կան բազմաթիվ խոչընդոտներ։ Կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ում, «ժողովրդավարության պատվարում», իշխանության ղեկին հայտնվել փաշինյանակերպ ինչ-որ բան։ Ոչ, իհարկե։ Այնտեղ հստակ համակարգ է գործում, որն անցնելուց հետո միայն կարող ես հայտնվել երկրի ղեկին։

Կիսակայացած պետություններում կարգավորիչի դերը պետք է ստանձնի քաղաքական էլիտան։ Որին, ի դեպ, այնքա՜ն ատում է Փաշինյանը։ Եթե այդ քաղաքական էլիտան օժտված է խելքով և ուժով, ապա կկարողանա սանձել կործանարար էներգիան։ Ինչպես որ մեկ անգամ եղավ Հայաստանում 2008 թվականին։

2018-ին վստահ էին, թե պետական ինստիտուտներն այնքան ուժեղ են, որ նույնիսկ բացահայտ չմոն անզոր կլինի վարի տալ նախկին տարիների ձեռքբերումները։ Վարի տվեց, այն էլ ինչպե՛ս։ Այսօր Սերժ Սարգսյանն ասում է, որ մենք կշահեինք պատերազմը, եթե չլիներ կադրային ջարդը, որը բանակում անցկացրեց Նիկոլը իշխանության գալուց հետո, և որը շարունակվում էր ընդհուպ մինչև ռազմական գործողությունների սկսվելը։ Գուցե Սերժ Սարգսյանն իրավացի է։ Ամենայն հավանականությամբ՝ իրավացի է։ Բայց խնդրի էությանը դրանից չի փոխվում։ Հայկական քաղաքական էլիտայի, ոչ թե մեկ մարդու, այլ քաղաքական ողջ ընտրախավի, Հայաստանի հաբռգած քաղաքական ողջ էլիտայի պահվածքը 2018 թվականի «սիրո և համերաշխության թավշե հեղափոխության» ժամանակ, ինչպես ասել է մի խելացի ֆրանսիացի, հանցագործությունից էլ վատթար էր. դա սխալ էր։ Ճակատագրակա՞ն։

Основная тема:
Теги: