Ջարդում ու վերացնում է ծառերը․ «Ֆիզգորոդոկի» բնակիչները կրկին ահազանգում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բնակիչները պահանջում են անհապաղ կասեցնել ծառահատման աշխատանքները մինչև գործի քննության ավարտը:

 

     

Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի («Ֆիզգորոդոկ») բնակիչները կրկին ահազանգում են՝ այս անգամ ապօրենի ծառահատումների մասին։

«Շտապ հենց հիմա Ռատկո ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում, այն հատվածում, որի սեփականության օրինականությունն այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթվել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հանրությանը»,-հայտնում են բնակիչները։

Facebook–ի գրառմանը կից նրանք նաև իրենց խոսքերն ապացուցող տեսանյութ են հրապարակել, որում երևում է, որ հատուկ տեխնիկայի միջոցով ծառերը վնասում են ու ջարդում են։

Բնակիչները պահանջում են անհապաղ կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը:

Նշենք, որ «Ֆիզգորոդոկում» ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Բնակիչների հաղորդման հիման վրա օգոստոսի 30-ին դատախազությունը գործ է հարուցել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրա արդյունքում ծանր հետևանքների հանգեցնելու հիմքով։ Գործն ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Հաղորդագրությունում ասվում էր, որ մի քանի օր է՝ Ալիխանյան 6/1 հասցեում շինարարական աշխատանքները կանգնեցված են, տեղեկացնում է Sputnik Արմենիա։