ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՆԵՐ. «ԴԺԳՈՒՅՆ ՈՒ ԴԺԲԱԽՏ»-Ն ԸՆԴԴԵՄ «ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՈՒ ԳՈՒՆԱԳԵՂ»-Ի
Սեպտեմբերի 8-ը մի տեսակ առանձնահատուկ օր էր։ Կարծես թե նշանակալի իրադարձություններ տեղի չէին ունենում, բայց հուզական առումով այն բառացիորեն գերհագեցած էր: Առավոտ կանուխ Փաշինյանը հերթական անգամ ցնցեց բոլորին իր հակահայկական հռետորաբանությամբ, սկզբում անվանելով Արցախի գրավյալ տարածքներն «Ադրբեջանի արևմտյան շրջաններ», իսկ հետո հայտարարելով Անկախության օրը «պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն» կազմակերպելու մտադրության մասին։ Դրան զուգահեռ կառավարության տնից բառացիորեն երկու քայլ հեռավորության վրա՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ընթանում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի շնորհանդեսը, որի բովանդակությունից արյունդ պաղում էր երակներում։
Նրանց համար, ովքեր Արցախի հարցով զբաղվում են փորձագիտական մակարդակով, այդ զեկույցն, իհարկե, հայտնություն չէր։ Հակառակը, Ադրբեջանում հայ գերիների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ Արման Թաթոյանի, Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի և իրավաբան Սիրանուշ Սահակյանի թվարկած փաստերը կրկին հիշեցրեցին նախորդ ավելի քան 30 տարիների փորձը։ Այդուհանդերձ նույնիսկ խնդրին իրազեկ մասնագետներին ցնցեցին անգլերեն լեզվով հրապարակված զեկույցի մանրամասները՝ իրենց դաժանությամբ, անմարդկայնությամբ և Ադրբեջանի բացարձակ սանձարձակությամբ՝ ի դեմս ինչպես իշխանությունների և պաշտոնյաների, այնպես էլ շարքային կատարողների. զինվորականների, բանտի վերակացուների և խոշտանգումներին սեփական ցանկությամբ մասնակցող քաղաքացիական անձանց:
Իմաստ ունի՞ արդյոք կրկին հիշեցնել այն, ինչի մասին խոսեցին Արման Թաթոյանը, Գեղամ Ստեփանյանը և Սիրանուշ Սահակյանը։ Անշո՛ւշտ. այդ մասին պետք է մշտապես ու բարձրաձայն խոսել նաև այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները, ինչպես ցույց տվեցին թե՛ երեկվա օրը, թե՛ պատերազմի ավարտից հետո անցած 10 ամիսները, ոչ միայն մտադիր չեն բարձրացնել հարցը միջազգային հարթակներում, այլև ամեն կերպ լռության են մատնում դա։ Ահա լոկ մի քանի մեջբերում մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցից, հիմնված բազմաթիվ ապացույցների վրա, որոնց վերլուծությունն իրականացվել է միջազգային չափանիշներով։
«Մարդու իրավունքների պաշտպանը բազմաթիվ տվյալներ է արձանագրել հայ գերիների նկատմամբ խոշտանգումների, ծեծի, ծանակման մասին, ընդ որում կտտանքները կրել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բնույթ։ Հատուկ պատիժ է նախատեսված ադրբեջանցի այն զինվորականների համար, որոնք փորձել են քիչ ավելի լավ վերաբերվել գերիներին»։ Թաթոյանի խոսքերով, գերիների վիճակն առավել վատթար է եղել գերեվարումից անմիջապես հետո. «Նրանց զրկել են ջրից ու սննդից, կամ ուտելիքը նետել են հատակին՝ ծեծից ու նվաստացումներից հետո, ու ստիպել ուտել հենց հատակից, թափոններ են նետել կամ 10 վայրկյան տվել ուտելու համար, որից հետո խլել են, թքել մեջն ու ստիպել են ուտել, ստիպել են դիմանալ ցավի, ձմռանը կապկպած թողել են հատակին՝ բաց պատուհանի մոտ, վրան սառը ջուր լցրել: Գերիները զրկված են եղել հիգիենայի միջոցներից, նրանց չեն տվել ո՛չ օճառ, ո՛չ զուգարանի թուղթ։ Սակայն ԿԽՄԿ ներկայացուցիչների և ռուս խաղաղապահների այցելելության ժամանակ գերիներին կարգի են բերել»։ Իսկ Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները նույնիսկ խորհուրդներ են տվել, թե ինչպես անել, որ մարմնական վնասվածքները չերևան։
«Գերիներին ձեռնաշղթաներով գամել են մարտկոցներին։ Առանձնակի դաժան վերաբերմունք է ցուցաբերվել 2016թ. պատերազմի և Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակիցների հանդեպ։ Այդ տեղեկությունները նույնպես խոշտանգումներով են կորզել»։
Բացի զինվորականներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք ու ծեծ է արձանագրվել քաղաքացիական անձանց և նույնիսկ ադրբեջանցի բժիշկների կողմից։ Հայտնի է դեպք, երբ գերու վրա եռման ջուր են լցրել, նա ավելի քան երեք շաբաթ չի կարողացել քայլել։ «Վայրագություններ կատարվել են ոչ միայն կենդանի մարդկանց, այլև այնուհետ նրանց դիակների նկատմամբ»,- ասաց Արման Թաթոյանը՝ մատնանշելով այն լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի ռազմական հանցագործները կտրում սպանված հայ զինծառայողների ականջները: Նրա խոսքերով՝ հայ զինվորներին կապել են մեքենաներին ու քարշ տվել գետնին, ընդ որում՝ և՛ ողջերին, և՛ մահացածներին։
Բացի այդ, գերիները բժշկական օգնություն ստանալու հնարավորություն չեն ունեցել ՝ չնայած մշտապես հասցվող վերքերին ու խեղումներին։ Զեկույցում վկայություններ են բերված նաև այն մասին, թե ինչպես են մարդկանց ծեծելով սպանել, իսկ մարմինները մի քանի օր ընկած են մնացել բանտախցում:
Այս ամենը և բազմաթիվ այլ փաստեր ներկայացվում ու ցուցադրվում էին, կրկնեմ՝ մի քանի քայլ հեռավորության վրա կառավարության շենքից, որտեղ Փաշինյանը Ալիևին էր «նվիրում» Արցախի տարածքները, որոնց տնօրինելու ոչ մի իրավունք ինքը չունի, հայտարարում էր «գունագեղ տոնակատարություն» կազմակերպելու մտադրության մասին, ընդգծում սահմանի շուտափույթ սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտությունը, կրկին խոսում «խաղաղ դարաշրջանի» սկսվելու մասին և խոսքեր շռայլում Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Օրվա երկրորդ կեսին արդեն Թբիլիսիում նա կրկին ճոռոմաբանում էր խաղաղության ու զարգացման մասին, քննարկում տարածաշրջանի բարգավաճում խոստացող տնտեսական համատեղ նախագծերն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ և լոկ հպանցիկ հիշատակեց ռազմագերիների հարցը։
Ամբողջ օրը լրատվամիջոցները սարսափելի փաստեր էին ներկայացնում այն մասին, թե ինչպես են Ադրբեջանում վարվում մեր հայրենակիցների հետ, որոնք ադրբեջանական բանտերում հայտնվել և առ այսօր այնտեղ են, բացի ամենից՝ նաև իշխանությունների և անձամբ Փաշինյանի մեղքով։ Ամբողջ օրը սոցցանցերի օգտատերերը տեղադրում էին այդ հաղորդագրություններն իրենց էջերում՝ սահմռկելով ցավից ու սարսափից։ Բայց իշխանության ոչ մի ներկայացուցիչ, փաշինյանական ոչ մի պաշտոնյա և պատգամավոր մի բառ անգամ չասաց զեկույցի մասին։ Այդ ցավը լիովին շրջանցեց նրանց, իսկ եթե անգամ ոմանց սրտին դիպավ, հրապարակավ արտահայտել իրենց հույզերը նրանք չհանդգնեցին, երևի արգելված է: Թուրքերին վիրավորել չի կարելի, քանի որ Փաշինյանը Հայաստանի ապագա զարգացումը կապում է հենց նրանց հետ, ովքեր տանջում, խոշտանգում, նվաստացնում ու սպանում են Հայաստանի և Արցախի քաղաքացիներին:
Հունիսի 8-ին, ընկնելով նախընտրական մոլեգնության մեջ, նա հանրահավաքի ժամանակ ցինիկաբար հայտարարեց, թե «գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի գերության մեջ մնան»։ «Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»,- ճղավում էր կապիտուլյանտը, իբր չհասկանալով, թե ինչ սրբապիղծ այլանդակություն է բարբաջում։ Այդ օրվանից անցել է ոչ թե 1-2, այլ ավելի քան երեք ամիս. գերիները դեռևս մնում են դժոխքում, նաև տևական ազատազրկման դատապարտվածները, և նրանց վերադարձի որևէ հեռանկար դեռևս չի երևում։ Գիտի՞ արդյոք Փաշինյանը, թե ինչ են անում հայերի հետ Բաքվում իր «կիրթ» յուզգյարի հրամանով։ Եթե այո, ապա նրա այդ խոսքերն առանձնակի սրբապիղծ ու ցինիկ են հնչում։ Եթե ոչ, ուրեմն դա նրան պարզապես չի հետաքրքրում, չի մտահոգում ու չի անհանգստացնում. չէ՞ որ ընտրություններն արդեն անցյալում են։ Թե որ տարբերակն է ավելի վատթար, ընտրեք ինքներդ։
Զեկույցը ներկայացնելիս իրավապաշտպանները խոսեցին նաև այն մասին, որ Ադրբեջանի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել միջազգային պատժամիջոցներ, քանի որ փաստերը վկայում են գերեվարված հայերի դեմ հանցագործություններին դրա ղեկավարության անմիջական առնչության մասին: Նշվեց, որ պետք է դիմել իրավական կառույցներ, այդ թվում՝ միջազգային քրեական դատարաններ։ Այո, հաջողությունը երաշխավորված չէ, բայց պետք է աշխատել համառորեն, և այդժամ հնարավորություններ ի հայտ կգան։
Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն աշխատում այդ ուղղությամբ, ինչպեսև արգելված զինատեսակների կիրառման, միջազգային ահաբեկիչների ներգրավման և Բաքվի ու Անկարայի մյուս հանցագործությունների հարցերով, այլև ամեն կերպ լռության են մատնում դրանք։ Դա խանգարում է Փաշինյանի «մեծագույն առաքելությանը»՝ «խաղաղության դարաշրջանի» բացմանը։ Գերիներն իրենց տառապանքներով ոչ մի կերպ չեն տեղավորվում այդ «դարաշրջանի» շրջանակներում, այնպես որ նա վաղուց խաչ է քաշել այդ մարդկանց վրա և նրանց ճակատագրին անդրադառնում է լոկ հերթապահ ու հպանցիկ հիշատակումներով, սոսկ ձևի համար։ Եվ երբեք մի բառ անգամ չի ասում Ադրբեջանի կողմից հումանիտար իրավունքի կոպտագույն խախտման և կատարված ու կատարվող հանցագործությունների միջազգային հետաքննության ու մեղավորներին պատժելու անհրաժեշտության մասին։
Մինչդեռ բուն Ադրբեջանում հայ գերիներին, մասնավորապես՝ 1991-1994թթ. պատերազմի և Ապրիլյան պատերազմի մասնակիցներին, վայ-դատավարությունների ընթացքում մեղադրում էին գերեվարված ադրբեջանցիների, այդ թվում ՝ ծերերի, կանանց և երեխաների նկատմամբ աներևակայելի կտտանքների ու դաժան վերաբերմունքի մեջ: Եվ շինծու ու անապացույց մեղադրանքների հիման վրա դատապարտում ազատազրկման մեծ ժամկետների։ Դեռևս հունվարին Ադրբեջանը դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որում մեղադրել է Հայաստանին «մոտ 30 տարի շարունակվող օկուպացիայի արդյունքում» իր քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարման, խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և այլ հանցագործությունների մեջ:
Փաշինյանը գիտի՞ այդ մասին։ Դժվար է ասել, քանզի այդ թեմայով նույնպես ինքն ու իր խունտայի անդամները երբեք չեն արտահայտվել։ Ամենայն հավանականությամբ, այն «խաղաղ դարաշրջանում», որը նա «բացում» է Հայաստանի հազարավոր քաղաքացիների դահիճների ու մարդասպանների հետ ձեռք-ձեռքի տված, պատասխանատվություն չի նախատեսվում մարդկայնության և հայ ժողովրդի դեմ գործած ոճիրների համար։ Եվ արդյոք նախատեսվա՞ծ է դրանում հայ ժողովուրդը որպես այդպիսին, նույնպես դժվար է ասել։ Համենայն դեպս սա վերաբերում է նրա այն զանգվածին, որը փաշինյանական խունտայի աչքում, հավանաբար, նույնքան «դժգույն ու դժբախտ» տեսք ունի, որքան հայկական Շուշին, քանզի խանգարում է իրենց վայելել «գունագեղ» ներկան ու մոտեցնել «խաղաղ» թուրքական «ապագան»։