ՍՓՅՈՒՌՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԵՐԻՑ ԲԱՑԱՐՁԱԿ ՕՏԱՐՎԱԾ
Որքան ավելի շատ է խոսվում Հայկական Սփյուռքի տարբեր շրջանակների մասնակցությունն ու դերակատարությունը ներհայաստանյան կյանքում մեծացնելու անհրաժեշտության մասին, այնքան ավելի հուսաբեկ ազդակներ են ստացվում նույն Սփյուռքից։ Ավելի կամ պակաս հաջողությամբ, պետությանը հաջողվել էր, հատկապես 1990-ականների վերջերից, Սփյուռքի հետ հարաբերությունները դնել կանոնակարգված, ինստիտուցիոնալ հունի վրա։ Այսօր Մայր Հայրենիքի և Սփյուռքի միջև անհասկացողության ու անվստահության վիհն, առավել, քան երբևէ, խորացել է։
Մինչդեռ 2018-ի Թավշյա հեղափոխության հեռակա ակտիվ դրդողն ու մասնակիցը նաև սփյուռքյան հայտնի շրջանակներն էին՝ արվեստագետներ, գործարարներ, հասարակական գործիչներ, որոնք, ի դեպ, իրենց բոլոր վերապահումներով հանդերձ՝ ոչ միայն սերտորեն գործակցել էին նախկին իշխանությունների հետ, այլև նրանց ձեռքից կոչումներ ու շքանշաններ էին ստացել։ Հեղափոխական սփյուռքահայի կերպարը, հարթակային ելույթների բերումով, դարձան Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը, մինչդեռ նմանատիպ գործիչների շարքերը երեք տարի առաջ բավական ստվար էին։
Արժե հիշել, թե բացի հայաստանյան հանրույթից՝ ինչպիսի հիացմունքով և ոգևորությամբ ընդունեցին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանափոխության լուրերը սփյուռքյան շրջանակները՝ քաղաքական ու բարեգործական կառույցներից մինչև անհատ մտավորականներ։ Սփյուռքահայ գործարարներն շտապեցին խանդավառ հարցազրույցներ ու ելույթներ ունենալ՝ պնդելով, թե, ինչպես հավաստիացրել է Նիկոլ Փաշինյանը հեղափոխական ամբիոնից, շատ շուտով Հայաստանում իրենց առջև գործելու լայն հնարավորություններ են բացվելու։
Իրապես, 2018-ի ապրիլ-մայիսյան ամբոխաճո և անկատար խոստումների շարքում առանձնակի կարևորվում էր հայաստանյան տնտեսությանը սփյուռքահայ գործարարների ակտիվ մասնակցության թեզը, զուգահեռաբար խոշոր բարերարների նկատմամբ էլ սև քարոզչություն էր տարվում, թե իբր նրանք նախկին իշխանությունների հովանավորյալներն են եղել և գործել են արտոնյալ պայմաններում։
Այսօր արդեն ակնհայտ է, որ այդ շարքում՝ Էդուարդո Էռնեկյան, Ջեյմս Թուֆենկյան, Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան, Վարդան Սրմաքեշ և այլք, որևէ ակնառու փոփոխություն չկա։ Փաստորեն, նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ այդ խոշոր գործարարները վայելում են նաև ներկայիս իշխանության բարձր հովանին, և նրանց արտոնյալ կարգավիճակը շարունակվում է։
Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, թե Սփյուռքից ներդրումներն անգամներով աճելու են, փոխարենը տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ ներդրումների ֆիզիկական ծավալը վերջին երեք տարում նվազեց։ Բազմիցս է խոսվել այն մասին, որ որևէ օտարերկրացի, այդ թվում՝ սփյուռքահայ գործարար, անգամ տեղացի ներդրող, որքան էլ հայրենասեր լինի, ներդրում չի անի՝ աչքի առջև ունենալով անցած երեքուկես տարում մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում տեղի ունեցած վայրիվերումները։
Փորձենք հիշել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություն (2018-ի սեպտեմբեր), խորհրդարանի ցրում ամբոխի ծափահարությունների ներքո և նախարարների ազատում հենց փողոցում (2018-ի հոկտեմբեր), արտահերթ խորհրդարանական ընտրություններ (2018-ի դեկտեմբեր), դատական իշխանության նկատմամբ հետապնդումներ, դատարանների մուտքերի և ելքերի շրջափակում, ՍԴ նախագահի և դատավորների նկատմամբ հետապնդումներ (2019-ի մայիսից՝ առայսօր), կորոնավիրուսի համավարակ, տապալված արտակարգ դրություն և կարանտին (2020-ի մարտից ի վեր), նշանակված սահմանադրական հանրաքվե, քարոզարշավ, ապա դրա չեղարկում (2020-ի փետրվար-մարտ)։
Ի վերջո՝ 44-օրյա աղետալի պատերազմ և ամոթալի պարտություն, ծավալուն ընդդիմադիր ակցիաներ, ապա՝ արտահերթ խորհրդարանական ընտրություն։ Հիմա էլ, կարծես բոլոր խնդիրները լուծած, իշխանությունը նախապատրաստվում է սահմանադրական հանրաքվեի։ Այդ ո՞ր խոշոր գործարարը կառաջնորդվի խելագարության կանխավարկածով և այս մշտական անորոշության պայմաններում ներդրում կանի Հայաստանում։