ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆՆ ՈՒ ԹՐՔԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
Հայաստանում հակառուսականության ավանգարդ ուժերից մեկը՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ» վերանվանված «Սասնա ծռեր» կուսակցությունը, որի միակ արժանահիշատակ գործողությունը երբևէ եղել է զինված հարձակումը ոստիկանական գնդի վրա և երեք ոստիկանի սպանությունը, ժամանակավոր դադարից հետո որոշել է վերսկսել պայքարը։ Ճիշտ է, այն ներկայացվում է իբրև հայաստանյան իշխանությունների դեմ պայքար, բայց անթաքույց ուղղված է հակառուսական կրքեր բորբոքելուն։
Ընտրարշավի ամբողջ ընթացքում Ազատության հրապարակում հանրահավաքներ անող ծռականները հնչեցնում էին հակաիշխանական կոչեր, բայց ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի իշխանությունների դեմ։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների խորհրդանշական ժեստերը ֆետիշացնելով՝ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Արա Պապյանը և այլք ջանք չէին խնայում ատելության խոսք գեներացնելու ընդդեմ Մոսկվայի, Կրեմլի և Պուտինի, այսինքն՝ փաստացի միակ ուժի, որն այս պահին խաղաղապահ առաքելություն է իրականացնում Արցախում, սահմանապահ առաքելություն՝ Հայաստանում։
«Ազգային ժողովրդավարական բևեռի» և նրան հարող այլ արևմտամետ, բայց խիստ մարգինալ մարդ-կուսակցությունների՝ Դավիթ Սանասարյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Լևոն Շիրինյանի, Արման Բաբաջանյանի, ինչպես նաև մի շարք կեղծ իրավապաշտպանների հանրույթի միակ օրակարգը, իրենց ձևակերպմամբ, «պուտինյան խունտայի և Հայաստանում նրա ազդեցության գործակալների» դեմ պայքարն է։ Այս կարգախոսով հանդես եկող քաղաքական ուժերն ու անձինք ճակատագրի հեգնանքով իրենք են Արևմուտքի ազդեցության բացահայտ գործակալներ։
Հայաստանում հակառուսական ուժերի և լրատվամիջոցների հիմնական նպատակը, բարձրագոչ կոչեր հնչեցնելով, Մոսկվայի ազդեցության շարունակական կրճատումն է, լինի այն մարդասիրական, տնտեսական, քաղաքական, ռազմական, թե այլ տեսքով։ Արցախից ռուսական խաղաղապահ զորակազմի, Հայաստանի սահմաններից էլ՝ ռուս զինծառայողների հեռացումը ևս մարտնչող արմտամետների իդեա-ֆիքսն է։ Ուշագրավ է, որ դրան զուգահեռ՝ Հայաստանում ամերիկյան, ֆրանսիական, սկանդինավյան կամ որևէ այլ երկրի զորակազմի և զենքի տեղակայման մասին զրույցները, բացի տեսական մտավարժանքներից, որևէ գործնական արժեք չունեն։
Հետաքրքրական զուգադիպությամբ՝ Բաքվում ևս հնչում են Արցախից ռուս խաղաղապահներին վտարելու կոչեր, արհեստականորեն ձգձգում են մանդատի տրամադրումը, իսկ Արցախի զավթված շրջաններում էլ թուրք և ադրբեջանցի զինծառայողները, ռուսական զորքի քթի տակ՝ նրանց փաստացի սադրելով, վարժանքներ են իրականացնում։ Ու այդ ֆոնին Երևանի արևմտամետներն ու Բաքվի արմատականները համատեղ հանգերգով կոչ են անում վտարել ռուսներին Արցախից։
Մեր նորագույն պատմությանը և հատկապես Առաջին հանրապետության կործանման հանգամանքներին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ 101 տարի առաջ Արևմուտքի վրա անհաշվենկատ խաղադրույք անելու, 1920-ի մայիսյան ապստամբությունն արյան մեջ ճնշելու և փաստացի հակառուսական դիրքորոշում որդեգրելու պատճառով մենք կորցրինք Առաջին հանրապետության տարածքի ուղիղ կեսը՝ Կարսի մարզն ամբողջությամբ, Սուրմալուի գավառը և Նախիջևանը։
Դրանից ամիսներ անց, լիովին արնաքամ թուրք-հայկական երկրորդ պատերազմի հետևանքով, ստիպված ընդունեցինք Կարմիր բանակի պայմանները և փաստացի կորցրինք նաև անկախությունը։
Արդեն Խորհրդային Միության փլուզման շրջանում՝ 90-ականների սկզբին, նորանկախ երեք երկիր՝ մեզ հարևան Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Մոլդովան, որդեգրեցին ոչ թե նույնիսկ հակախորհրդային, այլ կոշտ հակառուսական դիրքորոշում, ինչի պատճառով այդ երեք երկրներն էլ ունեցան զգալի տարածքային կորուստներ։ Երեք տասնամյակ անց Ադրբեջանը շտկեց իր սխալը, մենք՝ ճիշտ հակառակը՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցի կարգավիճակից վերածվեցինք նրա փաստացի հարավկովկասյան ռազմական ֆորպոստի։