«ՖԻԶԳՈՐՈԴՈԿԸ»՝ ՈՐՊԵՍ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐ. ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին ակցիաները Երևանի «Ֆիզգորոդոկում» (Երևանի Գիտավան թաղամաս) սկսվեցին օգոստոսի 20-ին. բնակիչներն իրենց տարածքում բազմահարկ շենքի շինարարությունը համարեցին անօրինական և պահանջեցին դադարեցնել այն: Նրանք նաև հավաստում էին, որ այդ շինարարության համար կանաչ գոտի է հատվել։ Ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, բայց արժանացան միայն ոստիկանության հետ տհաճ «հանդիպման»։ Տեղի ունեցած ընդհարման արդյունքում մի քանի հոգի բերման ենթարկվեց։

Այնուհետ ակցիաները դարձան մշտական, երկու բնակիչներ հացադուլ հայտարարեցին, որը ձգվեց գրեթե 2 շաբաթ: Քաղաքապետն այդպես էլ չբարեհաճեց գալ, փոխարենը՝ ոստիկանությունն առավել քան եռանդագին գործի անցավ, ֆիզիկական բռնություն կիրառելով ցուցարարների հանդեպ։ Բախումներն ավարտվում էին նրանով, որ քաղաքացիներին բերման էին ենթարկում ոստիկանության բաժին, ընդ որում՝ բիրտ ուժի կիրառմամբ։ Բանը հասավ շտապօգնության կանչերի՝ ձերբակալվածների ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Օմբուդսմեն Արման Թաթոյանը ուսումնասիրել է իրավիճակը և հանգել այն եզրակացության, որ քաղաքացիների իրավունքները խախտվել են ինչպես բերման ենթարկելիս, այնպես էլ ոստիկանության բաժնում։

Արդյունքում քրեական գործ հարուցվեց, շինարարությունը քաղաքապետարանի կողմից դադարեցվեց մինչև քննության ավարտը։ Կրքերը հանդարտվեցին, բայց կարճատև. սեպտեմբերի 10-ին ակտիվիստները հաղորդեցին, որ կառուցապատող ընկերությունը շարունակում է ոչնչացնել Գիտավանի կանաչ գոտին և պահանջեցին անհապաղ դադարեցնել աշխատանքները: Ամենայն հավանականությամբ՝ պահանջը բավարարվեց, քանի որ հաղորդագրություններ այլևս չեղան։

Այսպիսով, բողոքի ցույցերը մայրաքաղաքի չափացանց ցուցանշական թաղամասում՝ Ալիխանյան եղբայրների փողոցում, շարունակվում են արդեն 20 օր, ընդ որում անդորրն ակնհայտորեն ժամանակավոր է, և լարվածությունը պահպանվում է, քանի որ իրավիճակի հանգուցալուծման ծայրը չի երևում։ Քաղաքացիները մարտական են տրամադրված և մտադիր չեն հանձնվել։ Այս ողջ ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այդպես էլ ժամանակ չգտավ՝ հանդիպելու այդ, կարելի է ասել, եզակի վայրի,  հին Երևանի պահպանված հատուկենտ անկյուններից մեկի բնակիչների հետ, որոնց ավանդական ինտելեկտուալ մակարդակը հստակ ցույց է տալիս թաղամասի ժողովրդական անվանումը. «Ֆիզիկայի գորոդոկ»։

Կարգին Հայկոն, որը դեռ մի քանի տարի առաջ «ժողովրդավարական» ձևով պատրաստակամ տեղափոխում էր համաքաղաքացիներին տրանսպորտի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ, դառնալով քաղաքապետ՝ հարկ չի համարում հանդիպել իրենց շահերն ու իրավունքները պաշտպանել փորձող մարդկանց հետ։ Որոնք պահանջում են դադարեցնել իրենց համոզմամբ ապօրինի շենքի կառուցումը, որն այլանդակելու է բոլոր հին երևանցիների համար նվիրական այդ վայրը և, ամենայն հավանականությամբ, ոչնչացնելու է դրա աուրան։ Գուցե Մարությանը շատ լավ գիտի, որ շինարարությունն անօրինական է, իսկ գուցեև պարզապես իր արժանապատվությունից ցածր է համարում շփվել շարքային երևանցիների հետ։ Հնարավոր է նաև, որ քաղաքապետը հետևում է իր «հեղափոխական» զինակիցների օրինակին և պարզապես վախենում է «մտնել ժողովրդի մեջ»։ Թեև բնակիչները մշտապես ընդգծում են, որ իրենց ակցիաները քաղաքական բնույթ չեն կրում։

Ոչ միայն քաղաքապետը, այլև քաղաքային իշխանությունների որևէ այլ ներկայացուցիչ չի բարեհաճել հանդիպել «Ֆիզգորոդոկի» բնակիչների հետ։ Ոչ մի պաշտոնյա հարկ չի համարել հանդիպել և խոսել մարդկանց հետ, հանգստացնել նրանց, հավաստիացնել, որ ամեն ինչ քննության կառնվի և իրավիճակը կկարգավորվի օրենքի համաձայն։ «Ժողովրդական» իշխանությունը ժողովրդի և հասարակայնության հետ հարաբերություններում վաղուց արդեն յուրացրել է մեկ լեզու. ուժի և տեռորի։ Համենայնդեպս համացանցում տարածված ծեծկռտուքի կադրերը վկայում են լոկ այդ մասին։ Իսկական ցերբերների վերածված ոստիկաններն ի պաշտպանություն իշխանությունների նույն կերպ են գործում բոլոր այն դեպքերում, որոնք վերաբերում են քաղաքացիների դժգոհությանը. լինի դա խորհրդարանում, թե փողոցներում։ Վերջին օրերին տեղի ունեցած և իրավապահների կողմից բռնությամբ ուղեկցվող գյուղացիների մի քանի ակցիաները նույնպես համոզիչ կերպով ապացուցեցին դա։

Կասկածից վեր է, որ դժգոհությունը բռնությամբ ճնշելու հետ կապված իրավիճակը գնալով խորանալու է, իսկ քաղաքացիների իրավունքները խախտվելու են ավելի ու ավելի բացահայտ։ Փաշինյանն այլ ճանապարհ չունի, քանզի նա պատասխաններ չունի քաղաքացիական բողոքին։ Պատսպարվելով իրեն տրված «պողպատե մանդատի» հետևում, նա կկոտրի դա ժողովրդի գլխին, փորձելով ճնշել դժգոհության ու անհնազանդության ցանկացած դրսևորում, և կարևոր չէ, թե ինչ բնույթ է կրում դա. քաղաքական, թե սոցիալական։ Ամեն ինչ փորձարկված է նոյեմբերյան հանրահավաքների օրերից ի վեր, բռնության ջինն ազատ է արձակված շշից և մոլեգնելու է բողոքի ցույցերի աճին զուգընթաց։ Մանավանդ որ ոստիկանների կամայականությունը ոչ միայն անպատիժ է մնում, այլև ամեն կերպ խրախուսվում ու ուղղորդվում է վերևից։

Բայց եթե իշխանությունների վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ հասկանալի է, ապա միանգամայն անբացատրելի է ակցիաների նկատմամբ բացարձակ անտարբերությունն ընդդիմության կողմից, որը դեռ բոլորովին վերջերս գանգատվում էր բնակչության պասիվությունից։ Ակտիվ քաղաքական ուժերից ոչ մեկը նույնիսկ չփորձեց հանդիպել ցուցարարների հետ, խոսել նրանց հետ և փորձել օգնել։ Միանգամայն հնարավոր է, որ նրանք ջանում են խուսափել սոցիալական բողոքը սեփական նպատակներով քաղաքականացնելու և օգտագործելու մեղադրանքներից, բայց դա, կներեք, լուրջ չէ։ Մանավանդ որ համակարգային ընդդիմությունը՝ ի դեմս ԱԺ երկու խմբակցությունների, արդեն օրենսդիր իշխանության մասն է և միանգամայն կարող էր ներկայացնել հարցը խորհրդարանում։ Ընդ որում խոսքը բնավ մեկ ակցիայի մասին չէ, այլ խնդրի, որն իշխանությունները ակնհայտորեն ցանկանում են լուծել հօգուտ կառուցապատողի և ի վնաս քաղաքացիների ու մայրաքաղաքի։

Կասկած չկա, որ սոցիալական բնույթի քաղաքացիական բողոքները լոկ բազմապատկվելու են՝ չլուծված բազում հարցերի և կառավարության անձեռնհասության պատճառով։ Նույնքան պարզ է, որ ազգային անվտանգությանը նետված մարտահրավերներն այսօր խլացնում են մնացած բոլոր խնդիրները՝ դրանք դարձնելով երկրորդական։ Ցավալի է, բայց այսօր հենց այդ «երկրորդական» հարցերն են փողոց դուրս բերում մարդկանց, այլ ոչ թե Արցախի և Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը։ Բայց փաստ է և այն, որ ինչքան էլ իրենք՝ բողոքողները փորձեն ժխտել իրենց ակցիաների քաղաքականացումը, ամեն ինչ անխուսափելիորեն հանգում է մեկ խնդրի. իշխանությունների գործողություններին։

Թե ինչու մարդիկ փողոց դուրս չեն գալիս, թեև վտանգված են հայկական պետության ու իրենց անձնական ճակատագիրը,  ոչ թե առանձին հոդվածի, այլ սոցիոլոգիական ու հոգեբանական հետազոտության արժանի հարց է։ Բայց սեփական պասիվությունը դրանով  բացատրելուց առաջ՝ ընդդիմությունը սկզբի համար պետք է ընդունի իր մեղքը՝ անցած տարեվերջին-ընթացիկ տարեսկզբին բողոքի էներգիան փաստացի «վարի տալու» համար։ Արմատականների խուլ մուտքը խորհրդարան չի կարող բեկել իրավիճակը և ակնհայտորեն չի հանգեցնի իշխանափոխության։ Վաղուց ժամանակն է, որ ընդդիմությունը դուրս գա փողոց, ոտքի հանի ժողովրդին, դրա համար օգտագործելով դժգոհության բոլոր դրսևորումները՝ անկախ դրանց բնույթից։

Եթե, իհարկե, նպատակն իսկապես ստացած աթոռները չեն, ինչպես մեզ ջերմորեն համոզում էին հանրահավաքային պայքարի մի քանի ամիսների ընթացքում։

Հ.Գ.- Մինչդեռ կառուցապատող ընկերությունը Գիտավանում մտադիր է վերացնել քրեական գործի ապացույցները: Այդ մասին հայտնել են «Ֆիզգորոդոկի» բնակիչները, հաղորդում է News.am-ը։

«Ուրբաթ օրը Ալիխանյան 6/1 հասցեում աշխատանքը կանգնեցվեց բնակիչների բողոքների և ոստիկանների միջամտության շնորհիվ, այսօր տարածքում նոր ու ավելի մեծ տեխնիկա է հայտնվել։ Ակնհայտ է, որ կառուցապատողը մտադիր է շարունակել ապացույցների վերացումը։ Քննչական մարմինը արդեն միջնորդություն է ներկայացրել շինարարությունը կասեցնելու մասին»,- հաղորդել են նրանք։