ԳԻՏԱԿՑՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Ամենազվարճալին այն է, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն ասում են, թե իբր՝ նրանք, ովքեր դեմ էին Փաշինյանին դեռևս 2018-ին և ասում էին, որ նրա իշխանությունը մարտահրավերներով է սպառնում Արցախին, այդ մարդիկ, իբր, գիտեին, որ Ղարաբաղն արդեն հանձնած է

Այսինքն «Քաղաքացիական պայմանագրում» առ այսօր չեն հասկանում կամ անհասկացող են ձևացնում, թե ինչու են իրենք սպառնալիք հանդիսանում Հայաստանի համար, չենք խոսում արդեն Արցախի մասին։ Չեն հասկանում, թե որքան մեծ է պետությանը սպառնացող վտանգը, եթե երկրում իշխանությունը անտեղյակ, անգրագետ, բայց ինքնավստահ մարդկանց ձեռքում է։ Եվ որպես հետևանք՝ աշխարհաքաղաքական մարտահրավերների ու դրանց դեմ պայքարի եղանակների ըմբռնման իսպառ բացակայություն։

Իշխող կուսակցության առանձնակի բթամիտ ներկայացուցիչների տրամաբանության համաձայն՝ այն մարդիկ, որոնք զգուշացնում էին, որ Փաշինյանի քաղաքականությունը, առանձնապես՝ Ղարաբաղի հարցում, մասնավորապես՝ բանակցային գործընթացի վարման մասով, կարող է հանգեցնել պատերազմի, և այդ պատերազմն Արցախի համար շատ ծանր կլինի՝ առանց միջազգային հանրության կորսված աջակցության, առանց ժամանակակից սպառազինության... Պարզվում է, որ նրանք այդ մասին նախազգուշացնում էին ոչ թե Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով, այլ որովհետև «նախկիններն արդեն հանձնել էին Արցախը»։

Ըստ այդ տրամաբանության՝ նրանք, ովքեր Փաշինյանից պահանջում էին ռազմական գործողությունների ավարտից հետո գոնե հետ չքաշել զորքերը մինչև Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններ, վաղուց, դեռևս «նախկինների» կառավարման օրոք Ադրբեջանին թույլ են տվել հսկիչ անցակետ տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին, որի լուսանկարներն արդեն տարածված են համացանցում…

Շատերն են ազնվորեն փորձել կասեցնել Փաշինյանին, նույնիսկ նրանք, ովքեր սկզբնական շրջանում եղել են նրա թիմի ակտիվ անդամներ և քիչ բան չեն արել Փաշինյանի վարկը բարձրացնելու համար։ Ընդհուպ մինչև Փաշինյանի օրոք ԱԱԾ առաջին ղեկավար Արթուր Վանեցյանը, որը հրաժարական տվեց՝ վարչապետին ուղղված միակ կոչով. «Կա՛նգ առ»։ Բայց փորձեք կասեցնել այն մարդուն, որի ուղեղը մթագնել է «նախկինների» նկատմամբ տարած հաղթանակի էյֆորիայից, որը զրկվել է առողջ դատելու ունակությունից։

Փորձեք կասեցնել այն մարդուն, որի ձեռքին են հայտնվել իշխանության լծակները, այն դեպքում, երբ նա բռի է, սանձարձակ, հակված պատրանքների, գաղտնի կրքերի, կատաղության հանկարծակի նոպաների, ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի ձգտման։ Փորձեք հորդորով ու ողջամիտ խոսքով կասեցնել քինոտ և անհավասարակշիռ անձնավորությանը, ինչը չեն ժխտում նույնիսկ իր թիմակիցները:

Այդ կարգի կերպարը ոչ միայն անկարող է լսել ուրիշի կարծիքը։ Նա անկարող է տիրապետել իրեն։ Գոռոզ կերպարանքի տակ թաքնված են մի ամբողջ շարք հատկանիշներ, որոնք բացարձակապես հակասում են երկիրն առաջ տանելու պարտավոր  պետական գործչին անհրաժեշտ որակներին։

Տրագիկոմիզմն այն է, որ Փաշինյանի թիմակիցներից շատերը հավատում են նրան, կարծելով, թե մտքում ունի ինչ-որ վիթխարի ծրագրեր, որոնք ոչ մեկին հասկանալի չեն, բայց դե ինքը՝ Փաշինյանը, գիտի, թե ինչ է անում... Իրականում Փաշինյանի ծրագրերն ու նախագծեր փուչ բան են։ Դրա համար էլ այսօր զգուշացնում ենք. քանի դեռ իշխանության ղեկին այս թիմն է, աղետները շարունակվելու են։ Ինչո՞ւ։ Դժվար է դա բացատրել նրանց, ովքեր չեն ցանկանում լսել, իսկ մյուսները կա՛մ գիտեն, կա՛մ մոտ են գիտակցմանը։

Այդ մարդկանց թիվը մշտապես աճելու է. այդ գործընթացի վրա ազդել Փաշինյանն անզոր է։ Ինչպես նշվել է բազմիցս, 2020-ի ընտրություններում Փաշինյանը գրեթե 200.000-ով ավելի քիչ ձայն է ստացել, քան 2018-ի ընտրություններում։ Գիտակցման այդ գործընթացը գուցեև դանդաղի, բայց այն մշտական է լինելու, դա կասկածից վեր է։ Փաշինյանի թիմն ինքն է մշտապես նոր հիմքեր տալու դրա համար։ Նույնիսկ ամենահամառ մոլորյալների աչքերը կբացվեն։