ՈՒՐ ԱՆՀԵՏԱՑԱՎ ՊԵՏՊԱՏՎԵՐԸ, կամ՝ ՕԳՈՍՏԱՓԱՌ ԱՆՁԱՆՑ ՉՔԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԸ
Վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամներին (կնոջը, զավակներին, ծնողներին) ցուցաբերվող բժշկական օգնությունն ու սպասարկումը Հայաստանում գործող բուժհաստատություններում:
Նման փոփոխություն է նախատեսված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող լրացումների համապատասխան նախագծով, որը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Օրինագծով առաջարկվում է նաև անձնական բժիշկ նախատեսել ԱԺ նախագահի համար:
Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի ներկայիս կարգավորումներով՝ նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու համար հատկացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այսինքն Ազգային ժողովի նախագահի համար, հաղորդում Է NEWS.am-ը.
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. պատկերացում կազմելու համար, թե պետգանձարանից լրացուցիչ ծախսերի ինչ գումարների մասին է խոսքը տվյալ դեպքում, ներկայացնենք մեկ թիվ։ Այս տարվա փետրվարին ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր 2021 թվականի պետական գնումների պլանը։ Հասարակության առանձնակի ուշադրությանն արժանացավ վարչապետի աշխատակազմի գնումների ծրագիրը, որը (աշխատակազմը) որոշել էր գնել փողկապներ, կիսաշրջազգեստներ, կալոշներ, վերարկուներ... Այսպիսով, հայ հարկատուն տեղեկացավ, որ հենց ինքն է հոգում վարչապետի ու նրա աշխատակազմի հագուկապը։ Պետգնումների վերոնշյալ ծրագրի շնորհիվ նույն այդ հարկատուն պարզեց, որ հենց ինքն է վճարում վարչապետի բուժսպասարկման համար։ Բայց ամենակարևոր բանը, որ իմացավ հարկատուն, այն է, թե որքան է իր վրա նստում կառավարության ղեկավարի առողջությունը։ 5 մլն 200 հազար դրամ: Հենց այդպիսի գումարով է վարչապետի աշխատակազմը որոշել ձեռք բերել «առողջության ապահովման ծառայություն»։
Հիմա, ըստ էության, առաջարկվում է, որ երկրի բյուջեն ծախսվի համանման տասնյակ բուժծառայությունների վրա։ Այլ կերպ ասած, այդ գումարը կավելանա տասապատիկ։ Իսկ հայ հարկատուն իր գրպանի հաշվին կապահովի ոչ միայն վարչապետի աշխատակազմի զգեստապահարանի պարունակությունը, ոչ միայն կբուժի նրան, այլև կվճարի վարչապետի ազգուտակի բուժման համար։ Եվ դեռ նախագահինն ու խոսնակինն էլ՝ վրադիր։
Ոչ, իհարկե, շարքային հարկատուն կարող է հագցնել, բուժել ու նույնիսկ կերակրել «օգոստոստափառ անձանց» չքավոր ազգականներին։ Բայց մի տեսակ այնքան էլ նորմալ չէ, որ նա պետք է դա անի սեփական կյանքի և առողջության հաշվին։ Ինչպես հայտնի է, մինչև այս տարեվերջ երկրի բուժհաստատություններում բուժման պետպատվերը սառեցված է։ Այսինքն առնվազն մինչև այս տարվա վերջ այդ նույն հարկատուն իսպառ զրկված է բյուջեի հաշվին անվճար բուժվելու հնարավորությունից, ինչը մեծամասնության համար նշանակում է չբուժվել ընդհանրապես։ Նման որոշման պատճառը գանձարանում միջոցների անբավարարությունն է։ Եվ ահա այդ խորապատկերին հանկարծ առաջարկ է հայտնվում երկրի բարձրագույն ղեկավարության հարազատների առողջության պահպանումը բյուջեից ֆինանսավորելու մասին։ Ծա՞ղր է։ Ցինի՞զմ։
Ամենևի՛ն։ Դա այն հարյուր հազարավոր հարկատուների ընտրությունն է, ովքեր որոշեցին երկրորդ՝ «պողպատե» հնարավորություն տալ թավշե ցինիզմին, թավշե ծաղրանքին, թավշե դաժանությանն ու ագահությանը։ Դա նրանց ընտրությունն է, ովքեր գիտակցաբար որոշում կայացրեցին իրենց կիսադատարկ գրպանից վճարել այս իշխանության ներկայացուցիչների հարմարավետ, ձրի և չափազանց թանկարժեք կյանքի համար։ Ըստ էության, հերթական անգամ վրա է հասնում հատուցումը։ Տվյալ դեպքում հատուցումը դրսևորվում է մարդկանց առողջության արժեքավորության նկատմամբ պետության խտրական վերաբերմունքով։
Բնավ զարմանալի չէ, որ պետպատվերի համար գանձարանում գումար չկա։ Որտեղի՞ց լինի, եթե պետք է վճարել օգոստոսափառ ազգականների բուժման համար։