ԱՆՊԱՏԿԱՌ ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է
Երեկ խորհրդարանում դատավորներ էին ընտրում, ընդդիմությունն օգտվեց առիթից՝ հիշեցնելու 2019 թվականի մայիսի 20-ին վարչապետի կոչով դատարանների շրջափակման մասին։ Այդ խայտառակ կոչից հետո թիմակիցները եռանդագին փորձում էին պաշտպանել Փաշինյանին։ Նույնիսկ հայտարարություններ հնչեցին, թե դատարանների շրջափակման կոչ չի եղել, և Փաշինյանն անձամբ այդ շրջափակմանը չի մասնակցել, թեև կա տեսագրություն, որը հաստատում է վարչապետի անձնական մասնակցությունը իր կոչով կազմակերպված ամենաիսկական այլանդակությանը։
Նախօրեին բոլորին տվեց-անցավ գլխադասային պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Երկրի ամենաբարձր ամբիոնից նա հայտարարեց, թե «իսկական, լավ դատավորներն այդ օրը աշխատավայրում էին և կատարում էին իրենց լիազորությունները»: Ինչպե՞ս։ Շատ պարզ: «Մեկը շուտ էր եկել, մյուսը՝ գիշերել դատարանում»,- մանրամասնեց Վարդանյանը։ Այդ հստակեցումը «կուզես՝ գլուխդ պատին տուր, կուզես՝ պատը գլխովդ» շարքից էր։ Այնինչ դեռ այնքան քիչ ժամանակ է անցել…
Վարդանյանի ասածից հետևում է, թե Դավիթ Բալայանը, որին քարշ են տվել պատուհանագոգից ու գետնին տապալել աշխատավայր մտնելու փորձի ժամանակ, վատ և ոչ իսկական դատավոր է։ Չէ՞ որ նա սահմանված ժամից շուտ չի եկել աշխատանքի, ասենք՝ առավոտյան ժամը 7-ի ու 8-ի արանքում, իսկ կարող էր և ընդհանրապես գիշերել աշխատավայրում մայիսի 19-ին, որպեսզի առավոտյան ստիպված չլիներ մտնել պատուհանից...
Գրականությունից, կինոֆիլմերից և անձնական փորձից տողերիս հեղինակին հայտնի են դեպքեր, երբ գիտնականները մնացել են լաբորատորիայում գիշերային փորձերի պատճառով, հերթապահ բժիշկները գիշերները չեն լքում հիվանդներին, թատրոններում գիշերային փորձեր են լինում, գիշերային նկարահանումներ, բայց ոչ ոք երբեք չի լսել, որ աշխատասենյակում գիշերեն դատավորները: Գուցե Վարդանյանը նկատի ուներ ինչ-որ հատուկ դատավորների՞, որոնք նախապես գիտեին, որ Փաշինյանը մայիսի 20-ի վաղ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում խումհարից մթագնած ուղեղով ճղավելու է դատարանների շրջափակումը սկսելու կոչը, ուստի որոշել են գիշերել աշխատավայրում, որպեսզի առավոտյան ոչ ոք չխանգարի իրենց ներս մտնել:
Ի դեպ, Վարդանյանը չհստակեցրեց, թե ինչպես կարող էին «իսկական լավ դատավորները» կատարել իրենց լիազորությունները հպարտ մենակության մեջ. չէ՞ որ դատարանների շենքեր թույլ չէին տալիս մտնել ոչ միայն դատավորներին, այլև փաստաբաններին, հայցվորներին ու պատասխանողներին, դատարանների քարտուղարներին, ինչպես նաև դատավարության մյուս մասնակիցներին: Թե՞ շրջափակումից առաջ ողջ երկրում, մշտական հանձնաժողովի նախագահի վարկածով, դատարանների շենքերում են գիշերել դատական պրակտիկայի բոլոր մասնակիցները։
Այդուհանդերձ Վարդանյանն ասաց մի հարաբերական ճշմարտություն. 2019թ. մայիսի 20-ին Հայաստանում բազմաթիվ դատավորներ (Փաշինյանը կոչ էր արել շրջափակել դատարանները ողջ երկրի տարածքում) իսկապես մտան աշխատավայր, բայց ոչ այն պատճառով, որ նրանք «իսկական» էին կամ «լավը», և ոչ էլ գիշերել էին դատարանում կամ գործի եկել առավոտ կանուխ: Պարզապես դատարանների շրջափակումը դադարեցվեց ժամը 14-ից հետո, երբ սկսեցին առաջին արձագանքները հնչել եվրոպական դեսպանություններից։
Շրջափակումը հանելուց հետո (վարչապետը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ) Փաշինյանի կողմնակիցները ցրվեցին, մուտքերը բացվեցին, և դատավորներն իսկապես հայտնվեցին իրենց աշխատատեղերում ու անցան իրենց պարտականությունների կատարմանը։ Տողերիս հեղինակին ստույգ հայտնի է, որ այդ օրը ոչ մի դատավոր աշխատավայրում չի գիշերել։ Հիշեցնեմ, որ Փաշինյանի կոչով դատարանների շրջափակումը օրինականության երկրորդ խոշոր խախտումն էր՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանի պաշարումից ու գրոհից հետո, որը նույնպես իրականացվեց Փաշինյանի անմիջական կոչով։
Հիշեցնեմ նաև, որ դատարանների շրջափակման կոչի պատճառ դարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին 2019 թվականի մայիսի 18-ի որոշումը. նրան ազատ արձակեցին, որպեսզի որոշ ժամանակ անց կալանավորեն երրորդ անգամ։