ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱԿԱԻՄԻՋԸ. ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՑԻՆԻԶՄԻ ԱՐԳԱՍԻՔ

Դուք նկատե՞լ եք, որ ասպարեզից գրեթե անհետացել են դեռ տակավին վերջերս բավական ակտիվ ու հզոր նախկին նախարարներ Արսեն Թորոսյանը և Արայիկ Հարությունյանը։ Նրանք չեն երևում հասարակության աչքին, մկան ծակն են մտել, ջանալով ծպտուն չհանել ու չնյարդայնացնել մարդկանց։ Թորոսյանն այսօր լոկ շարքային պատգամավոր է, որը բավական ջերմեռանդորեն կատարեց ընդդիմադիրների վրա ֆիզիկական հարձակման հրամանը նոր խորհրդարանի առաջին նիստերի ժամանակ։ Իսկ Հարությունյանը դարձել է Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը. բավական ազդեցիկ, բայց ավելի շուտ ստվերային պաշտոն։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը հասկացել է, որ երեք տարվա ընթացքում այդ երկուսը այնպիսի վատ համբավ են վաստակել, որ ավելի լավ է հեռացնել նրանց հանրության աչքից, «թաքցնելով» իշխանության թավուտներում։

Փոխարենը գլխավոր բեմահարթակ է ելել հեղափոխական այնպիսի վառ կերպար, ինչպիսին Ալեն Սիմոնյանն է, որը նախկինում փոքր-ինչ երկրորդական դերում էր: Հարկ է նշել, որ փոխարինումը ոչ միայն համարժեք էր, այլև լիովին համապատասխան Փաշինյանի հռչակած «խաղաղ դարաշրջանի» նոր փուլին։ Պալատական սիրեցյալի քաղցրումեղցր ու լպստած արտաքինով այդ 41-ամյա սուբյեկտը ԱԺ նախագահի դերում պաշտոնավարման երկու ամսվա ընթացքում ոչ միայն հաստատեց ցինիկի, երեսպաշտի ու լպիրշի իր համբավը, այլև նոր գույներ ավելացրեց իր հակաիմիջին՝ որպես հայատյաց ու թուրքասեր։ Նա առանց մի պահ անգամ վարանելու հստակ կատարում է իրեն վերապահված դերը՝ օրերս չխորշելով նույնիսկ հրապարակավ կասկածի տակ առնել Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների հանրահայտ ու անհերքելի փաստերը, որոնք հաստատված են նաև միջազգային կազմակերպությունների և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։

Առհասարակ ապշեցուցիչ է, թե ինչ ճշգրտությամբ ու հանգամանորեն, փաստացի անվրեպ է ընտրված երիտասարդ ցինիկների ու անառակների թիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Նրանց տերերն իսկապես երկար ու տքնաջան աշխատանք են կատարել՝ դավաճանների ու այլասերվածների ծայրահեղ խորշելի դերի համար ընտրելով մարդկանց, որոնք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն փողի ու իշխանության։ Նրանք թքած ունեն բոլորի վրա, բացի սեփական անձից, աշխարհում ամեն ինչից վեր են դասում իրենց հաճույքն ու բարեկեցությունը, և եթե հանուն դրա պետք է դավաճանել սեփական պետությունն ու ուրանալ ազգային շահերը, նրանք կանեն դա առանց վարանելու։ Ինչին էլ, ըստ էության, ականատես ենք։

«Ազգային» բուն հասկացությունը նրանց համար գոյություն չունի. դրանք սառը և անհոգի կոսմոպոլիտներ են (միանգամից մտաբերում ես Մակունցի և Նազարյանի բացարձակ դատարկ աչքերը), որոնք համաձայն են ամեն ինչի՝ հանուն նյութական շահի, որոնց համար չկա բարոյական ոչ մի խոչընդոտ, քանզի ամեն ինչ ենթարկել են իրենց և իրենց տերերին անհրաժեշտ արդյունքը ստանալուն։ Թուրքերը նրանց համար միայն ու միայն հարևաններ են, որոնք, իրենց պատկերացմամբ, կարող են Հայաստանին բերել այնպիսի տնտեսական բարգավաճում, որի «փայլից» խամրում են այնպիսի «հնացած» հասկացություններ, ինչպիսիք են Հայրենիքը, պետականությունը, ազգը, պատիվը, բարոյականությունը։

Արժեքները նրանց համար կարող են լինել միայն նյութական, իսկ իրենց դեմագոգիայով ու դատարկախոսությամբ նրանք կարող են բառախեղդ անել ցանկացած վեճ և նույնիսկ հաղթող դուրս գալ դրանից։ Այդ մարդկանց հոգին վաղուց վաճառված է հովանավորներին, իսկ սիրտն այնքան դատարկ է, որ ունակ չեն զգալ մերձավորի ցավն ու կարեկցել նրան։

Ալեն Սիմոնյանն այդ կերպարի ուղղակի դասական նմուշ է, որն այժմ բառացիորեն ճողփում է իր համար վաղուց բաղձալի միջավայրում ու պայմաններում։ Դա ակնհայտ դարձավ ԱԺ-ում նրա նախագահության առաջին իսկ օրերին. նա ըմբոշխնում էր և շարունակում է ըմբոշխնել երկրի առաջին պաշտոնյաներից մեկի իր դերը, որն իրեն անսահմանափակ հնարավորություններ է տալիս, բացի ամենից, նաև ազդելու խորհրդարանում գործերի ընթացքի վրա և անհրաժեշտության դեպքում անցնելու ցերբերի դերին։

Բացի այդ, նրան վերապահված է երբեմնի անսասան ճշմարտությունների և բարոյական հիմքերի սասանման առաքելությունը, ինչը նա ակնհայտորեն անում է առանձնակի հաճույքով։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ հենց Ալենին էր հանձնարարվել ԱԺ-ում հնչեցնել անպարկեշտ  և հասարակությանը շոկի մեջ գցած «հորինված տեսարաններ» արտահայտությունը այն դժոխքի վերաբերյալ, որի միջով ստիպված են անցնել հայ գերիներն Ադրբեջանում։

Սիմոնյանին, իհարկե, շատ բան կարելի էր ասել և ցույց տալ։ Օրինակ, նախկին գերիների բազմաթիվ ցուցմունքները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հաշվետվությունները, որոնք դեռևս 1991-1994 թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակներից ի վեր վկայում են այն մասին, որ հայ գերիների նկատմամբ անմարդկայնությունը, դաժանությունն ու անգթությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է։ Որ հայ գերիների նկատմամբ խոշտանգումների, նվաստացումների և ծաղրի առանձնակի հրեշավոր եղանակներն արձանագրվել փաստագրված կերպով, այդ թվում՝ հետազոտող-բժիշկների կողմից: Բավական է հիշել «Բժիշկները՝ հանուն Մարդու իրավունքների» կազմակերպության անդամ անգլիացի բժիշկների զեկույցը, որոնք 1997 թվականին հետազոտել են ադրբեջանական գերությունից վերադարձած մոտ 50 հայերի։

Ալենի աչքը կարելի էր մտցնել նաև հեղինակավոր Human Rights Watch-ի վերջին հայտարարությունը, որը պահանջում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի իշխանություններին գերիների նկատմամբ կտտանքների և դաժան վերաբերմունքի համար: Կամ՝ նույն թեմայով հոդվածը անգլիական BBC-ի կայքում։ Ստացվում է, որ հայկական խորհրդարանի խոսնակն ավելի քիչ է մտահոգված Ադրբեջանում հայերի ճակատագրով և ավելի ջերմեռանդորեն է զբաղված ալիևյան կլանի պաշտպանությամբ, քան թուրքերի հավերժական բարեկամ Մեծ Բրիտանիայի պաշտոնական խոսափողը։ Կարելի էր փորձել այդ «խոսնակի» ուղեղին հասցնել, թե ինչպես կանդրադառնա իր հայտարարությունը հայ իրավապաշտպանների աշխատանքի վրա, որոնք փորձում են վերադարձնել գերիներին և նրանց համար արդարության հասնել ՄԻԵԴ-ում…

Շատ բան կարելի է դեմ տալ Ալենին, միայն թե՝ հարկ կա՞ արդյոք: Չէ՞ որ ողջ խնդիրն այն է, որ Սիմոնյանը շատ լավ գիտի ամեն ինչ և լիովին գիտակցում է, թե ինչ է ասում և ինչով է դա սպառնում։ Նա ստում է միանգամայն կանխամտածված, միտումնավոր ու նպատակաուղղված, քանի որ դա անհրաժեշտ է իր տերերին։ Նրանց, ովքեր ապահովում են իրեն՝ ոչնչով աչքի չընկնող միջակությանը, հարուստ ու ազդեցիկ «լավ տղու» վայելքաշատ կյանքով, չծանրաբեռնված ո՛չ խղճով, ո՛չ կարեկցանքով, ո՛չ պատվով, ո՛չ էլ այլ բարոյական կատեգորիաներով, որոնք լոկ խանգարում են Ալենի նմաններին վայելել «հաջողված» կյանքի բարիքները: Հանուն որոնց էլ  ինքն ու իր նմանները գնում էին դեպի ներկայիս պաշտոններ, վաճառելով խիղճն ու հոգին դավաճանների համար հավիտենական 30 արծաթով։

Ի դեպ, որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ հայտնի տեսանյութը, որտեղ Սիմոնյանն ու Փաշինյանի աներձագը զվարճանում են հունական հանգստավայրում, համացանցում զետեղվել է նույնքան միտումնավոր և առնվազն այդ երկուսի գիտությամբ։

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ և՛ Ալենը, և՛ Փաշինյանի մյուս բոլոր թիմակիցները երբեք չեն թաքցրել իրենց նպատակներն ու անբարո ներքինը։ Այսպես, 2018-ի դեկտեմբերին սոցցանցերում անսպասելիորեն տարածվեց 2017-ի հուլիսին Ֆեյսբուքում Սիմոնյանի արած գրառումը, երբ նա դեռ Երևանի ավագանու անդամ էր փաշինյանական կուսակցությունից։ Այդ գրառումն այն ժամանակ ապշեցրեց բոլոր նորմալ մարդկանց, քանի որ, ըստ էության, հայ հասարակության այլասերման ու բարոյազրկման ծրագիրն էր։ Երեք տարի առաջ նման բանի քչերն էին հավատում՝  համարելով ֆանտաստիկա։ Այսօր արդեն, հակառակը, քչերին են զարմացնում Սիմոնյանի կողմից ամեն օր ու ամեն ժամ ցուցաբերվող բացարձակ ցինիզմն ու անբարոյականությունը։

Ամբողջությամբ մեջբերենք նրա, ինչպես պարզվեց, ծրագրային գրառումը, որը բավական անշնորհք վերնագրված էր՝ «Բաներ, որոնց փոփոխությունը Հայաստանում ժամանակի խնդիր է»։ Ահավասիկ.

«1. Մարիհուաննայի օրինականացում

2. Մարմնավաճառության օրինականացում

3. Պոռնկագրական նյութերի պատրաստում և տարածման օրինականացում

4. ԼԳԲՏ անձանց ամուսնության օրինականացում

5. Վիզաների վերացում՝ Հայաստանի ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների միջև

6. ՃՈ վերացում և մեկ միասնական ոստիկանություն

7. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան մեկ միասնական միջազգային կառույցների ստեղծում

8. Պարտադիր զինակոչի վերացում

9. ՀՀ դրամի դենոմինացիա (զերոների կրճատում)

10. Երևան քաղաքի ընդլայնում՝ իր մեջ ներառելով Աբովյան քաղաքը և Զվարթնոց օդանավակայանը»:

Այսօր տեղի ունեցող ամենի խորապատկերին անձամբ ինձ մոտ այդ առնչությամբ ի հայտ է գալիս մեկ հարց. Երևանը՝ Աբովյանով ու Զվարթնոց օդանավակայանով, ամե՞նն է, որ մտադիր են Հայաստանից թողնել Փաշինյանն ու Սիմոնյանը։