ԻՆՉՊԵՍ ՓԻՂԸ՝ ԱՊԱԿԵՂԵՆԻ ԿՐՊԱԿՈՒՄ
Կովիդով արդեն հիվանդացած ու ապաքինվածների ինչի՞ն է պետք պատվաստումը։
Փաշինյանի կառավարման շրջանի Հայաստանի բախտը կտրականապես չի բերում առողջապահության նախարարների առումով։ Պարզապես ապշում ես, երբ մի ողջ ժողովրդի առողջությունը հանձնվում է անհամարժեք նախկին նախարար Արսեն Թորոսյանի ձեռքը, որն ինքն էլ ակնհայտորեն չի փայլում առողջությամբ, իսկ այնուհետ՝ կրթությամբ իրավաբան, բացարձակ անճարակ ու անհետաքրքիր Անահիտ Ավանեսյանի…
Այդ «գթասիրտ» տիկնոջ թեթև ձեռքով, որը թութակի պես կրկնում է սերտած տափակ արտահայտությունները, որոնցից պարզապես այլայլվում ես, սույն թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում կարգադրություն, որը պարտադրում է բոլոր աշխատողներին կա՛մ պատվաստվել, կա՛մ սեփական գրպանի հաշվին յուրաքանչյուր 14 օրը մեկ տեստավորում անցնել և աշխատավայր ներկայացնել տեստի բացասական արդյունք:
Փեշավոր նախարարը, ի պատասխան բոլոր կասկածներին, սովորաբար վկայակոչում է ինչ-որ «այլ երկրների» փորձը. իբր՝ այնտեղ նույն կերպ են գործում։ Դա կատարյալ սուտ է։ Աշխարհի ոչ մի երկրում կառավարությունը չի հարկադրել ողջ բնակչությանը համընդհանուր պատվաստում անցնել։ ՀՀ առողջապահության նախարարությունում հանգամանորեն կազմել են այն կազմակերպությունների և ոլորտների ցանկը, որոնց նկատմամբ գործում է նշյալ որոշումը։ Կարող էին ընդհանրապես ժամանակ չծախսել դրա վրա, քանի որ հրահանգը վերաբերում է բառացիորեն... բոլոր աշխատողներին (տվյալ հրահանգի կատարումից կարող են խուսափել թերևս միայն գործազուրկները)։ Նման բան, կրկնենք, չկա աշխարհի ոչ մի երկրում։
Որոշ երկրներում նման միջոցներ կիրառվում են միայն առողջապահության և կրթության համակարգերի աշխատողների նկատմամբ, այլ երկրներում՝ միայն պետծառայողների։ Կան երկրներ, որտեղ նման միջոցներ կիրառվում են նաև մասնավոր ընկերությունների և կազմակերպությունների նկատմամբ, բայց միայն նրանց, որտեղ անձնակազմի թվաքանակը առնվազն հարյուր հոգի է։ Այնպես որ «այլ երկրներում» ամեն ինչ շատ տարբեր է։ Իսկ մեզ մոտ, Ավանեսյանի որոշմամբ, ոչ երկիմաստորեն ստիպում են պատվաստվել անխտիր բոլորին. լինի դա երեք աշխատակցից բաղկացած սթարթափ, որի հաշվեկշռին կա լոկ սեղան, երկու աթոռ ու հեռախոս, թե խոշոր ձեռնարկություն՝ հարյուրավոր աշխատակիցներով։
Չենք խոսում արդեն այլ երկրներում կիրառվող բոլորովին այլ բնույթի խրախուսական միջոցների մասին։ Օրինակ, վերջերս Վրաստանում որոշում է կայացվել մինչև տարեվերջ դրամական պարգևներով ամենօրյա խաղարկություններ անցկացնել պատվաստվածների համար։ Փաշինյանի կառավարությունում այդ ուղղությամբ մտահղացել են միայն թատրոնի անվճար տոմսեր տրամադրել։ Ստեղծված ծանր իրավիճակում մեզ միայն թատրոնն էր պակաս։
Եվ երկրորդ կարևոր պահը։ Իրավաբան նախարարը, որը պատասխանատու է երկրում առողջապահության ողջ համակարգի համար, նույնիսկ իր իրական մասնագիտության մեջ, ըստ երևույթին, երկնքից աստղեր երբեք չի իջեցրել: Այլապես բացառությունների ցանկում հղիներից, արդեն պատվաստվածներից և հակացուցումներ ունեցողներից բացի, հավանաբար առկա կլիներ քաղաքացիների ևս մեկ ընդարձակ կատեգորիա, որոնց նկատմամբ այդ որոշումը կիրառելն անիմաստ է։ Խոսքը կորոնավիրուսով արդեն հիվանդացած և, հետևաբար, իմունիտետ ու հակամարմինների համապատասխան քանականիշ ունեցող տասնյակ և հարյուր հազարավոր մարդկանց մասին է։
Մատների վրա բացատրենք անխելահաս Ավանեսյանին և ընդհանրապես կառավարության անդամներին. եթե պատվաստման նպատակը մարդու մոտ արհեստական իմունիտետ ձևավորելն է, ապա հիվանդությունից ապաքինվածների մոտ դա տեղի է ունենում բնական ճանապարհով։ Ուրեմն ինչո՞ւ եք նրանց, հատկապես համեմատաբար վերջերս կորոնավիրուս տարած մարդկանց, քշում պատվաստվելու։ Որքանով տեղյակ եմ, դա նույնիսկ վտանգավոր է։ Ուստի տրամաբանական չէ՞ր լինի արդյոք տվյալ որոշման կատարումից ազատել նաև այդ խմբին և պահանջել նրանցից ոչ թե կորոնավիրուսի, այլ հակամարմինների բավարար մակարդակի առկայության տեստ, թեկուզև հենց իրենց՝ քաղաքացիների հաշվին։ Ընդ որում կարևոր չէ, թե երբ է մարդը տարել վարակը. եթե հակամարմինների քանականիշը բավարար է, ապա պո՛կ եկեք, չէ՞ որ նա իմունիտետ ունի, չի վարակվի և ուրիշներին էլ չի վարակի։ Հասա՞վ ձեր ուղեղին։ Դժվար թե։
Ցուցանշական է, որ բացառությունների կարճլիկ ցուցակում կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների խելքն այնուամենայնիվ բավականացրել է ներառել... պատվաստվածների կատեգորիան։ Գոնե այդքանը հասկացել են, որ պետք չէ պատվաստում պահանջել արդեն պատվաստվածներից։ Բայց այդ դեպքում ի՞նչ տարբերություն պատվաստման միջոցով և վարակից ապաքինման արդյունքում ձևավորված իմունիտետ ունեցող մարդկանց միջև։
Մոտ երկու ամիս առաջ ես՝ իմ ամբողջ ընտանիքով, հիվանդացել եմ կովիդով, և մենք պատվաստման կարիք չունենք առնվազն 10 ամիս։ Իսկ նշված տխմար որոշմամբ կա՛մ պետք է ենթարկվենք տվյալ դեպքում անօգուտ (իսկ գուցեև՝ վտանգավոր) պատվաստման, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ընտանեկան բյուջեից քամուն տանք 75 հազար դրամ (5 հոգու հաշվարկով)։ Դուք ընդհանրապես ուղեղ ունե՞ք։
Չէ, մեր բախտը կտրականապես չի բերում առողջապահության նախարարների առումով։ Ներկայիս նախարարը լաչառ հիստերիկի ձայնով օրերս կտրուկ հայտարարեց, թե իր գործունեության գնահատականը կտա ժողովուրդը՝ այն բանից հետո, երբ ինքը կհեռանա պաշտոնից։ Բայց քանի՞ մարդ կմնա Հայաստանում, մինչ Անահիտ Ավանեսյանը կգործի ինչպես փիղը՝ ապակեղենի կրպակում։ Ասենք, իսկ ո՞ր նախարարի առումով է մեր բախտը բերել վերջին տարիներին...