Ո՞Վ ԿԶՍՊԻ ԹՇՆԱՄՈՒՆ, ԵԹԵ ՄԵՆՔ ՁԵՌՆՊԱՀ ԵՆՔ ՄՆՈՒՄ

Հայաստանի տարածքում ադրբեջանցի ոստիկաններն ինքնիրավչությամբ են զբաղված, կանգնեցնում են հայ և իրանցի ավտովարորդներին, զննում մեքենաները, իրանցի բեռնափոխադրողներից գումար շորթում, փաստաթղթերի վրա ադրբեջանական դրոշմակնիք դնում, ոմանց անգամ ձերբակալում։ Զուգահեռ իրականությունում վարչապետը խորհրդարանի ամբիոնից խոսում է Սյունիքի դիրքերից հայկական զորքի հետ չքաշվելու դեպքում հնարավոր աղետալի հեռանկարի և առաջիկայում սպասվող սահմանազատման մասին։

Հայաստանի ինքնիշխանության և սահմանների անխախտելիության դեմ այս հերթական թշնամական ոտնձգությունն էլ է անպատիժ մնալու, ավելին՝ Ադրբեջանին մղելու է նոր գայթակղությունների, օրինակ՝ սահմանապահ դարձած գյուղերի փաստացի շրջափակման։ Դա ամեն պահի կարող է իրականանալ Գորիս-Որոտան, Շուռնուխ-Կարմրաքար ավտոճանապարհների կամայական փակմամբ, որն արդեն տեսել ենք։

Ադրբեջանի կողմից ցանկացած հետքայլ, իսկ իրականում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգում, իր գինն է ունենալու, այսինքն՝ հայկական կողմը պետք է համաձայնի հերթական հակազգային քայլին։

Ո՞վ է այսօր հիշում, որ մայիսի 12-ից ի վեր երկու ուղղությամբ թշնամական զորքի առաջխաղացումից հետո իշխանությունն առաջնորդվում էր լավատեսական, բայց անիրականանալի սցենարի կանխավարկածով։ Մեզ ասում էին, թե հայ-ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում թշնամական զորքն ամբողջապես դուրս կգա Սյունիքի և Գեղարքունիքի զավթված տարածքներից։ Թշնամին մեկ միլիմետր անգամ հետ չքաշվեց, ամրացավ և կրակում է հայկական գյուղերի և դիրքերի ուղղությամբ։

Ինչո՞ւ, ի՞նչ պատճառաբանությամբ Ադրբեջանը պետք է հեռացնի իր ոստիկանական հենակետը Սյունիքից, եթե հեշտորեն մարսում է ցանկացած ոտնձգություն։ Եթե նույնիսկ մի հրաշքով պատկերացնենք, որ ինչ-որ զիջման դիմաց այդ հենակետը վերացված է, Գորիս-Կապան ճանապարհն էլ՝ ժամանակավորապես մեր վերահսկողության ներքո, մինչև Տաթև-Աղվանի ճանապարհի գործարկումը, պետք է ինքներս մեզ հաշիվ տանք, որ դա բնավ ուրախալի լուր չէ։

Թշնամին վաղուց արդեն համոզվել է, որ սահմանի ցանկացած ուղղությամբ իր ցամաքային ճեղքումը, ինքնիրավչությունը, տեղացիների և նրանց գույքի նկատմամբ ոտնձգությունները մնալու են անպատիժ, և պարզ է, որ նմանատիպ հանդուգն արկածախնդրություններով Բաքուն ավելի ու ավելի հաճախ է մեզ անհանգստացնելու։ Ավելին, հնարավոր խաղաղության պայմանագրի կնքումից հետո ևս սադրանքները սահմանին շարունակվելու են։

Բացի այդ, և՛ Հայաստանում, և՛ Արցախում մեր փաստացի սահմանների շուրջ պայմանավորվածությունը մշտապես ձեռք է բերվում ոչ թե հայկական, այլ ռուսական կողմի հետ։ Հայաստանյան գեներալիտետը պարզապես գլխատված է, և, օրինակ, Սյունիքում մեր անունից բանակցում էր խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Մուրադովը՝ թշնամուն հորդորելով հետ քաշվել Հայաստանի տարածքից։ Այլ կերպ ասած՝ կպայմանավորվե՞ս ռուսի հետ, կհամոզե՞ս նրան, ուրեմն նույնիսկ հայկական զինուժին տեղյակ պահելու կարիք չկա։

Թշնամին տեսնում է նաև, որ Հայաստանում չկա սահմանային վերահսկողության և սահմանախախտումների ազդարարման համակարգ։ Եթե ամիսներ առաջ հովիվներն իրենց անասուններին արածեցնելիս պատահաբար չհայտնաբերեին, որ հարևան բլրի վրա թշնամին դիրքավորվել է, միգուցե մենք այդ մասին շաբաթներ շարունակ չիմանայինք, իսկ այդ ընթացքում ադրբեջանցիները բարեհաջող դիրքեր փորեին և բնագծեր ամրացնեին։ Ցավոք, նույնիսկ մեր տեղեկացվածության պարագայում էլ թշնամին առանց դիմադրության անարգել խրամատավորվեց մեր հողում։

Ի վերջո, սահմանապահ համայնքների բնակիչների պաշտպանությունը հիմնականում թողնված է ոչ թե կանոնավոր բանակային ստորաբաժանումների կամ խաղաղապահների, այլ հենց իրենց՝ գյուղացիների վրա, ուղղակի նրանք անգամ զենք չունեն։ Փոխանակ սահմանապահ գյուղերի բնակիչներին զինելու՝ իշխանությունը նրանց զինաթափել է և միայնակ թողել թշնամու դեմ-հանդիման, համայնքապետերին էլ՝ կալանավորել։