ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉՆԱՀԱՆՋԵԼ ԱՐՑԱԽԻ՝ ՄԵԶ ՄՆԱՑԱԾ ՏԱՐԱԾՔԻՑ

Հայաստանյան հետպատերազմյան խոսույթում ընդունված է կարծել, թե Ադրբեջանն ամբողջապես բավարարված է 44-օրյա պատերազմի արդյունքներով։ Իհարկե, եռակողմ հայտարարությունն առավելագույնս ձեռնտու է Բաքվին, խիստ աննպաստ՝ Երևանի և Ստեփանակերտի համար, բայց դա բնավ չի ենթադրում, թե Ադրբեջանն Արցախի նկատմամբ որևէ այլ հավակնություն չունի։ Արցախի մեծագույն մասը զավթելուց հետո թշնամին շարունակում է ոտնձգել անգամ մեզ մնացած փոքր հատվածի նկատմամբ։

Արցախի Հանրապետության իշխանությունների մասին խոսելն անիմաստ է, քանի որ բացի տեխնիկական, կազմակերպչական հարցերից՝ նրանք Ստեփանակերտում որևէ բան չեն որոշում։ Կենսական, նախևառաջ՝ արցախցիների անվտանգության ապահովման հարցերով որոշումների կայացումը թողնված է բացառապես ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության վրա։ Անգամ մեր վերահսկողության ներքո մնացած Մարտունու շրջանում, օրինակ, ռուս խաղաղապահներն են ուխտավորներին ուղեկցում Ամարասի վանք։

Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է՝ թշնամին մի կերպ է Շուշի հասնում։ Ռուսական զորակազմն ադրբեջանական շինարարական բրիգադներին և շինտեխնիկան Կարմիր Շուկայի ճանապարհով ուղեկցում է դեպի բերդաքաղաք և հետ իջեցնում։ Այդ ճանապարհը հայկական մեքենաների համար տևականորեն փակվում է, երբ թշնամու ավտոշարասյուներն անցնում են Կարմիր Շուկայով։

Մինչև զավթված Շեխեր գյուղով, Ասկերանի վերին ենթաշրջանի կորսված համայնքներով դեպի Քարինտակ ու Շուշի նոր ավտոճանապարհի կառուցումը՝ ադրբեջանական մեքենաները՝ զինտեխնիկան, շինտեխնիկան, քաղաքացիականները, շարունակելու են անցնել արցախյան բնակավայրերի միջով՝ Թաղավարդով, Կարմիր Շուկայով և այլ համայնքներով։ Միջադեպեր են եղել, երբ թշնամին տեղի հայ բնակիչներին մեքենաներից հայհոյել է, սուլել, սպառնացել, քարկոծել, Թաղավարդի ուղղությամբ՝ կրակել։

Ադրբեջանն անհանգիստ է նաև Արցախի հյուսիսում՝ Մարտակերտի շրջանի մոտ, մի քանի անգամ փորձ է արել դիրքերն առաջ քաշելու Նարեշտար և Հաթերք գյուղերի ուղղությամբ։ Ամիսներ առաջ ադրբեջանական մի զորախումբ եկել էր Չարեքտար, կերուխում արել, լուսանկարներ հրապարակել։ Անկախ ռուս խաղաղապահների գործողություններից՝ անհրաժեշտ է բարձր քաղաքական կամք դրսևորել և թշնամուն հասկացնել, որ արցախցին այս աննպաստ սահմաններից անգամ մեկ միլիմետր չի նահանջելու։

Ցավոք, Արցախի նախագահ անվանվող, բայց փաստացի Արցախում ոչինչ չորոշող, այլ ընդամենը Երևանի և Բաքվի պայմանավորվածություններն անմռունչ կատարող Արայիկ Հարությունյանը պարբերաբար ազդակներ է ուղարկում Արցախի Պաշտպանության բանակի վերակազմակերպման մասին՝ հայտարարելով, թե Արցախում ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ։ Դա նշանակում է, որ առաջիկայում պարտադիր ժամկետային զինծառայությամբ այլևս ՊԲ չեն զորակոչվելու։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ից Արցախի Պաշտպանության բանակ զորակոչը ևս դադարել է։

Արցախի իշխանություններն ու նախագահ Արայիկ Հարությունյանը, բացի Երևանում Փաշինյանի և նրա քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումներից, ինչո՞վ են զբաղված։ Ամեն շաբաթ Արցախից տեղահանված, տունուտեղ կորցրած հարյուրավոր մարդիկ խմբվում են կառավարության շենքի առջև՝ իրենց բնակավորման և սոցիալական օգնության հարցերը լուծելու խնդրանքով, բայց ապարդյուն։ Արցախի կառավարությունը հանձնառո՞ւ է իր տնավեր քաղաքացիների առջև։

Արցախում մնացած տասնյակ հազարավոր հայերի անվտանգության և աշխատանքի, իսկ տեղահանված արցախցիների բնակավորման և սոցիալական աջակցության ծրագրերը պետք է առաջնահերթ լինեն Արցախի կառավարության համար։ Մինչդեռ տպավորությունն այն է, որ Արայիկ Հարությունյանի միակ խնդիրն այսօր Փաշինյանին հաճոյանալն է՝ Արցախին ցուցաբերվող օժանդակության համար։ Հարությունյանը երևի մոռացել է, որ դա ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ Հայաստանի կառավարության ուղիղ պարտականությունը։