ՈՏՔԴ ՔԱՐԻ՞Ն ԱՌԱՎ, ՑԱՏԿՈՏԱՆ

Փաշինյանին քոթակեցին հերթական անգամ։ Այս անգամ հրապարակային ճիպոտահարման եղանակով դաստիարակչական այդ հաճելի առաքելությունը հանձն առավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ուղևորվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան, որտեղ մտադիր է հանդես գալ ճառով, Էրդողանը պատմեց լրագրողներին, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն խնդրել է գաղտնի հանդիպման մասին: Էրդողանն ասաց, որ ինքը դեմ չէ հանդիպել և նույնիսկ բացել սահմանները, բայց դրա համար Հայաստանը պետք է որոշակի քայլեր կատարի, մասնավորապես՝ Ադրբեջանի համար միջանցք բացի դեպի Նախիջևան։ Իսկ այդ դեպքում՝ ինչո՞ւ լավություն չանել Փաշինյանին. հանդիպել և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ...

ԴԺՎԱՐ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԱՅՍ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Փաստորեն Էրդողանն առայժմ ոչ միայն մերժեց գաղտնի հանդիպում կազմակերպելու Փաշինյանին փորձը, այլև պորտը տեղը դրեց։ Ասել է թե. դեռ շատ հացուպանիր պիտի ուտես՝ ինձ հետ գաղտնի հանդիպելու համար, այ կկատարես մեր պայմանները (կամ արդեն կնքված բանավոր պայմանավորվածությունները), այն ժամանակ գուցեև հանդիպեմ հետդ:

Ինչպես տեսնում ենք, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման ևս մեկ նախապայման է առաջադրել. Բաքվի համար միջանցքի բացում Հայաստանի տարածքով։ Իսկ ինչո՞ւ պիտի չառաջադրի նոր նախապայման, քանի դեռ իշխանության ղեկին Անկարայի ու Բաքվի համար այնպիսի նվերն է, ինչպիսին Փաշինյանն է։ Ընդ որում Էրդողանը Փաշինյանին քոթակեց ոչ միայն գաղտնի հանդիպման խնդրանքի փաստացի մերժումով, ոչ միայն հստակ հնչեցված նախապայմանով, այլև նրանով, որ ի լուր ամենքի հայտարարեց գաղտնի հանդիպման Փաշինյանի փափագի մասին։ Ասել է թե՝ ախր դու ո՞վ ես ընդհանրապես, որ ես քեզ հետ ինչ-որ բանի մասին գաղտնի պայմանավորվեմ։ Ահա իմ պայմանները. ասում եմ առճակատ ու բացահայտ....

Ահա թե ինչու էր, պարզվում է, Փաշինյանը մեկնել Վրաստան։ Սովորությունն իրեն զգացնել տվեց. բոլորին է հայտնի, որ հենց Վրաստանն էր հասարակական կազմակերպությունների և ընդդիոմության ճամբարի հայ լիբերալների հանդիպումների հիմնական վայրը թուրքական ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Փաշինյան էլ ժամանակին հաճախ է մեկնել Վրաստան։ Եվ ո՞նց այստեղ չհիշենք Գառնիկ Իսագուլյանին, որը պնդում է, որ հենց Վրաստանի միջոցով է Փաշինյանի թիմը ստացել 50 մլն դոլարը Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայություններից՝ Հայաստանում «սիրո և համերաշխության թավշե հեղափոխություն» կազմակերպելու համար։

Եվ այսպես, Փաշինյանը գնաց Թբիլիսի, իր խնդրանքը փոխանցեց Վրաստանի վարչապետին, իսկ այնտեղից ուղևորվեց Բաթում։ Հայ փորձագետները փորձում էին գուշակել. ինչո՞ւ։ Ոմանք ենթադրում էին, թե պարզապես մի քանի ժամ հանգստանալու համար... Իսկ այժմ Էրդողանի բացահայտումների լույսի ներքո շատ ավելի իրական է թվում օրերս լրագրող Նաիրի Հոխիկյանի հնչեցրած այլ վարկածը։ Այն մասին, որ Փաշինյանը Բաթում էր մեկնել ոչ թե օդափոխվելու, այլ Վրաստանի վարչապետի խորհրդով, որպեսզի Աջարիայում, որտեղ թուրքական կապիտալը ծաղկում ու բարգավաճում է, հանդիպի մարդկանց հետ, որոնք կարող են թուրքական սուլթանին անձամբ փոխանցել Փաշինյանի խոնարհ խնդրանքը... Եվ կարելի է մեծ վստահությամբ ենթադրել, որ Փաշինյանի հանդիպումն իր վաղեմի հրահանգիչների հետ կայացել է։

Ինչո՞ւ Էրդողանն այդքան բացահայտ մատնեց Փաշինյանին։ Կարծում ենք, որովհետև Էրդողանն ամենևին էլ չի ուզում վիճել ռուսների հետ՝ հանուն Փաշինյանի քմայքների... Կհարցնեք՝ ի՞նչ կապ ունեն այստեղ ռուսները։ Կապ ունեն, ընդ որում՝ ամենաանմիջական։

Ումի՞ց էր ուզում գաղտնի պահել իր ծրագրերը Փաշինյանը։ Դե, Հայաստանի բնակիչներից. դա հասկանալի է։ Բայց ոչ միայն նրանցից։ Առաջին հերթին՝ ռուսներից։ Քանզի եթե իսկապես Հայաստանի համար ինչ-որ կարևոր բանակցությունների անհրաժեշտություն կար Էրդողանի հետ, Փաշինյանը նախ կարող էր գնալ պաշտոնական ճանապարհով և փոխանցել իր առաջարկը, օրինակ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջոցով, որտեղ Հայաստանն ունի իր ներկայացուցիչը ստամբուլյան գրասենյակում. ՍԾՏՀԿ-ն միշտ էլ կապուղի է եղել Երևանի և Անկարայի պաշտոնական ներկայացուցիչների միջև։

Դե, իսկ եթե հեղինակավոր միջնորդություն էր անհրաժեշտ Փաշինյանի մտահղացած օրակարգի համար, մի՞թե ավելի ճիշտ ու ազնիվ չէր լինի միջնորդության համար դիմել Մոսկվային։ Թե՞ Փաշինյանն այն աստիճան տխմար է, որ կարծում է, թե Ղարիբաշվիլիի խոսքը, վերջինիս հանդեպ ողջ հարգանքով հանդերձ, Էրդողանի համար ավելի հեղինակավոր է, քան Պուտինի խոսքը։ Լո՞ւրջ։

Դա առավելևս ազնիվ կլիներ, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը համառորեն ռուսաստանցիների վրա է բարդում Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր խնդիրները։ Գերիների հարցը թող լուծեն ռուսները։ Արցախի անվտանգության հարցը թող լուծեն ռուսները։ Հայաստանի ճանապարհների անվտանգության հարցը թող լուծեն ռուսները։ Իսկ ինքը գաղտագողի՝ հոպ-հոպ, կցատկի Էրդողանի մոտ։

Իրոք, դժվար է մեկնաբանել մանր ժուլիկության այս ողջ քաղաքականությունը, որից ինքը՝ Փաշինյանը, հավանաբար գոհ է և իրեն համարում է դիվանագիտության հանճար։ Դժվար է այս ամենը մեկնաբանել պարկեշտ բառապաշարի շրջանակներում, բայց օգնության է հասնում իմ լավ ծանոթներից մեկը, որը սիրում է կրկնել. «Եթե մարդը տխմար է, ապա դա ցմահ է»։

Основная тема:
Теги: