Բայդեն․ ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել գերիներին ազատելու ուղղությամբ

ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած իր ուղերձում այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, տեղեկանում ենք ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

«Վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավերների բախվեց, այդ թվում, եղան մարդկային ողբերգական կորուստներ` պայմանավորված ԼՂ հակամարտության մարտական գործողություններով։ Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք-ձեռքի տված կաշխատենք ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը»,–ասված է Բայդենի ուղերձում։

Նրա խոսքով` երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում երկկողմ կապերը հարստացնելու ու ամրապնդելու հարցում։ Բայդենը հիշեցրել է, որ այս տարի երկու երկրները տոնելու են երկկողմ հարաբերությունների 30 տարին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի առթիվ: Նա նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։

Բացի այդ, ԱՄՆ–ն պատրաստ է օգնություն ցուցաբերել կողմերին մարտական գործողությունների հումանիտար հետևանքների վերացման շուրջ բանակցություններում, բոլոր ձերբակալվածների ազատ արձակման, անհայտ կորածների հաշվառմանն ու մասունքների փոխանակման գործընթացներում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։