ՉԿԱՅԱՑԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԷԼԻՏԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԽՂՃՈՒԿ ՓՈՐՁԸ

Հայ հասարակությունն արդեն ցավալիորեն սովորել է իրար հաջորդող անպատվություններն արդարացնելու՝ իշխանական գործիչների փորձերին։ Պատերազմում պարտվե՞լ ենք, Սյունիքում տարածքները բանավոր հանձնվե՞լ են, թշնամին ներխուժել է Հայաստանի տարածք և չի՞ հեռանում, գերեվարում է մեր ռազմական և քաղաքացիական անձա՞նց, սպառնում է ուժով միջա՞նցք բացել, կրակում է սահմանապահ համայնքների ուղղությա՞մբ։ Հոգ չէ, Ալեն Սիմոնյանը կամ Հայկ Կոնջորյանն այդ ամենին յուրատեսակ բացատրություն կգտնեն, իսկ նրանց այդ համառ փորձերը հավանաբար կգնահատվեն Նիկոլ Փաշինյանի կողմից։

Սակայն արդեն մեկ տարի շարունակվող այս անպատիվ, գետնատարած վիճակի ամենաամոթալի արարները կապված են ոչ թե նույնիսկ քաղաքական իշխանության ներկայացուցիչների, այլ որոշ նախկին ու ներկա բարձրաստիճան զինվորականների և ազատամարտիկների քստմնելի վարքի հետ։ Թվում էր՝ ռազմական էլիտան, ԵԿՄ-ն, պաշտոնաթող և պաշտոնավարող մարտական գեներալները պետք է բարձունքում գտնվեին և պարտության հեղինակ իշխանությանն ուղղակի պարտադրեին հեռանալ։

Մինչդեռ 44-օրյա պատերազմի հետևանքով քողազերծված միֆերից մեկը վերաբերում էր հենց առաջին պատերազմի որոշ դաշտային հրամանատարների ու ազատամարտիկների։ Նրանցից մեկն, օրինակ՝ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո), որն առաջին պատերազմի տարիներին Սյունիքում կամավորական ջոկատ է կազմավորել և ղեկավարել, առիթը բաց չի թողնում՝ իր հիացմունքն ու նվիրվածությունն արտահայտելու այս իշխանության նկատմամբ։

Երբ մայիսին թշնամին Սյունիք ու Գեղարքունիք ներխուժեց, պատվախնդիր հայերն էլ մեկտեղվեցին Հանրապետության հրապարակում՝ իշխանությունից պահանջելով թշնամուն հեռացնել Հայաստանի տարածքից, Կոռնիձորի Արոն սադրում էր ընդդիմադիրների ինքնաբուխ հավաքը և պնդում, թե Սյունիքի սահմաններն անվտանգ են, իսկ թշնամին ոչ մի մետր առաջ չի եկել։

Այլ մեկը՝ պահեստազորի գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին երկարամյա փոխնախարար, այսօր՝ իշխանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, հարցազրույց է տալիս և, փորձելով հիմնավորել վարչապետի մտքերը, բառացիորեն ասում է հետևյալը. «Մինչև սահմանները չճշգրտվեն, ամեն մեկս մեր սահմանները չիմանանք, խաղաղություն երբեք չի լինի, բայց ճշգրտումից հետո խաղաղություն անպայման լինելու է, ամեն մեկս կիմանա՝ որն է իր սահմանը, ու չի անցնի մյուսի կողմը»։

Այս խելքով՝ Գագիկ Մելքոնյանն ութ տարի եղել է թիկունքի գծով պաշտպանության փոխնախարար, ի դեպ՝ այն թիկունքի, որի մասին այսօր ընդունված է ասել՝ զինվորի հացը գողացվել է։ Նախկին բարձրաստիճան զինվորականը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, փաստացի ասում է՝ եկեք թշնամու ուզածով սահմանները ճշգրտենք, ու դրանից հետո խաղաղ կապրենք, թշնամին էլ չի փորձի ներթափանցել մեր տարածք։ Եվ այս անձը ոչ թե մյուս ՔՊ-ական պատգամավորների պես դասալիք է կամ անհայտ հանգամանքներում բանակից ազատված, այլ պահեստազորի գեներալ-լեյտենանտ։

Առաջին արցախյան պատերազմի վետերանների հիմնական կառույցի՝ Երկրապահ կամավորականների միության բարոյալքումն ու կազմաքանդումն, ի դեպ, շատ ավելի վաղ էր սկսել, դեռևս 2018-ի հունիսից, երբ լուսահոգի Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրգործը, որի դրվագներն այդպես էլ չապացուցվեցին, ընդհանրացվեց բոլոր մարտական գեներալների վրա։

Դե իսկ 2018-ի արտահերթի նախընտրական քարոզարշավին ԵԿՄ նախագահ կարգված Սասուն Միքայելյանը բանաձևեց Արցախի և պատերազմի մասին իրենց թիմի ընկալումը՝ ասելով. «Հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։ Սա ո՛չ լեզվի սայթաքում էր, ո՛չ էլ պատահաբար մտածված խոսք։ Սա ՔՊ-ի ներքին խոհանոցի, պատկերացումների, զրույցների և տրամադրությունների հակիրճ ամբողջացումն էր։

Հանրությունը բնավ խնդիր չի տեսնում, որ ռազմական էլիտան այսօր ստորացված, խեղճացած, կամազուրկ վիճակում է։ Երևի կարծում է, թե նոր և անխուսափելի պատերազմում «Էրատո» ջոկատն ու Ստեփանակերտում լուսանկարվող ՔՊ-ականներն են առաջնորդելու զորքը։