30 ԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ
30 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեում քվեարկեց հանրապետության անկախության օգտին։ Սակայն իրավաբանորեն Հայաստանն անկախացավ միայն այն բանից հետո, երբ 1991-ի տարեվերջին Ելցինը, Կրավչուկը և Շուշկևիչը ստորագրեցին պայմանագիր, որը դադարեցրեց Խորհրդային Միություն անվանումով պետության գոյությունը։ Բայց, ինչն առավել կարևոր է. հասկանում ենք, որ մեր անկախ պետության կառուցումը փաստացի սկսվել է 1988-ին՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման շարժումով։
30 ՏԱՐԻ, ՍԿՍԱԾ 1988-ԻՑ, ԿԱՌՈՒՑԵԼ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ Մինչև 2018 թվականը, երբ հպարտ ու թավշե-նպատաուղղված կերպով սկսեցին այդ անկախ պետականությունը նվաստացնել ու ոչնչացնել։ Եվ ոչ միայն խորհրդանշականորեն. այլ կերպ չէր էլ կարող լինել, որ այդ եռամյա գործընթացի գագաթնակետը չդառնար Արցախի գերակշիռ մասի կորուստը, որի մնացած մասն այսօր շարունակում է կյանքի համար պայքարը ռուս խաղաղապահների աջակցությամբ։
Երեք տարվա ընթացքում փլուզեցին ոչ միայն Արցախը։ Փլուզեցին և շարունակում են փլուզել երկրի անվտանգությունն ու անկախությունը ապահովող պետական հիմնական կառույցները. 2018-ից ի վեր նպատակաուղղված կերպով ընթանում էր բանակի, ազգային անվտանգության ծառայության, արտաքին գործերի նախարարության փլուզումը։ Կառուցել էինք 30 տարի, փլուզեցին երեք տարում։
Անցած տարիների հեռավորությունից այդ 30 տարիները հիշվում են որպես լեգենդար մի բան։ Եվ չնայած այսօր նիկոլաճտերը ամեն ջանք ու եռանդով թուքումուր են նետում այդ տարիների վրա, մեր թոռները կհիշեն այդ ժամանակաշրջանը որպես հերոսության տարիներ։ Մոտավորապես այնպես, ինչպես այսօր մենք գնահատում ենք 1918-1920 թվականների Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության երկու կարճ տարիները։
Ընդմի՞շտ է արդյոք կորսված Հայաստանի փաստացի անկախությունը։ Ոչ, այն կարելի է վերականգնել՝ նիկոլիզմը որպես մեր հասարակական ու քաղաքական կյանքի երևույթ արմատախիլ անելու ճանապարհով։ Այդ գործընթացի սկսված լինելու վկայությունն է այն, 2018-ի դեկտեմբերի ընտրությունների համեմատ Նիկոլը հունիսի 20-ի ընտրություններում կորցրել էր 197 հազար ձայն։ Առայժմ այդքանն է հաջողվել…
Պետք է խոստովանել. մենք դեռ չենք մտել վերականգնման փուլ։ Փլուզումն ու կորուստները շարունակվում են, ադրբեջանական մաքսատան վերահսկողության տակ անցած Գորիս-Կապան ճանապարհահատվածի պատմությունը դրա ապացույցն է։ Ինչպե՞ս է լուծվելու Հայաստան-Իրան միջպետական մայրուղու խնդիրը։ Հայկական փոխադրողների անվտանգությունը հավերժ ապահովելու են ռուս սահմանապահնե՞րը։
Փաշինյանն ասում է, թե Բաքուն մոլեգնում է, քանի որ Երևանը սուվերեն միջանցք չի տրամադրում նրան դեպի Նախիջևան։ Ասել է թե՝ այ թե ո՛նց եմ ես պաշտպանում անկախ Հայաստանի շահերը…
ԻՐԱԿԱՆՈՒՄ ՍԱ ԱԿՆԱՐԿ է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ ԽՆԴԻՐԸ. Բաքուն կարող է Երևանին փոխանցել 21 կիլոմետր երկարությամբ վերոնշյալ ճանապարհահատվածը՝ դեպի Նախիջևան սուվերեն միջանցքի դիմաց։ Նիկոլը կարող է համաձայնել նման փոխանակմանը. չէ ՞ որ խնդիրը պետք է լուծել, որպեսզի պահպանվեն մատակարարումներն Իրանից, որպեսզի անհրաժեշտության դեպքում իշխանություններն իրենք էլ հնարավորություն ունենան այցելել Սյունիք, չենք խոսում արդեն այն մասին, որ կարող է անհրաժեշտություն առաջանալ ամրացնելու Հայաստանի հարավային սահմանները ռազմական տեխնիկայով: Ինչ է, այդ տեխնիկան նույնպես տեղափոխվելու է ադրբեջանական ոստիկանության հսկողության տա՞կ։ Այնպես որ Նիկոլը միանգամայն կարող է ասել, թե լուծումը գտնված է. մի ճանապարհը փոխանակում ենք մյուսի հետ, մի ճանապարհահատվածը՝ մյուսի հետ... Նրանից սպասելի է։
Այո, այսօր իշխանությունը խոստանում է, թե կկառուցվի Հայաստանն ու Իրանը կապող նոր ժամանակակից մայրուղի։ Բայց խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալ. սույն ասացվածքը իսկը այս իշխանությունների մասին է։ Առհասարակ դժվար է մտաբերել, թե նախորդ 3 տարիների ընթացքում ինչ է կառուցել Նիկոլը…
Խոսել այն մասին, թե Հայաստանի անկման գործընթացը, անկախության փաստացի կորստի գործընթացն ավարտված է, և սկսվել է վերածննդի գործընթաց, դեռևս անհնար է։ Դրա ևս մեկ հաստատումն այսօր կլինեն նրանք, ովքեր երեկոյան կգնան անկախությունը կորցրած հանրապետության գլխավոր հրապարակ։ Տոնելու կորցրածը։
Հ.Գ.- Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի ՏՐՈՖԻՄՉՈՒԿ. «Եթե հայկական կողմը, ինչպես որ ծրագրում է, փոխադրի Կապան-Գորիս ճանապարհը դեպի արևելք, ապա ադրբեջանցի սահմանապահներն ու մաքսավորները անմիջապես կհայտնվեն այնտեղ։ Ընդ որում՝ համապատասխան քարտեզներով, որոնք կհաստատեն այդ տարածքի «անվերապահ պատկանելությունը» Ադրբեջանին։ Եզրակացություն: Եթե դուք ի վիճակի չեք ապահովել ձեր անվտանգությունը մեկ տեղում, այլ տեղերի մասին նույնպես կարող եք մոռանալ։ Եվ ընդհանրապես, խորհուրդ չի տրվում ճանապարհներն ավելի ու ավելի մոտեցնել Երևանին»։