ՀԱՐ ԵՎ ՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆԸ
Թեև Հայաստանի վարչապետը կարծում է, որ պատմությունը ցույց է տվել, թե հաղթելու համար պարտադիր չէ և երբեմն պետք չէ հաղթել ուրիշներին, հայոց պատմությունը ճիշտ հակառակն է ապացուցում։ Օրինակ այն, որ քեզ ոչնչացնել պատրաստվող թշնամուն իրավունք չունես համոզելու քեզ հետ բարեկամություն անել, զենքդ վայր դնել ու հանձնվել։ Եթե անգամ Փաշինյանը քաջածանոթ է վերջին մեկուկես հարյուրամյակի մեր պատմությանը, տպավորությունն այն է, թե միտումնավոր անում է տրամագծորեն հակառակ պնդումը՝ խոսելով զինաթափման և խաղաղասիրության մասին։
Սակայն մեր երբեմնի պարտությունների մեղավորների և պատասխանատուների հետ Փաշինյանին նույն շարքում դնելը, միևնույն է, անընդունելի է։ Նախ, այդ պարտություններից որևէ մեկն օրվա կառավարիչների համար անարդյունք չի անցել։ Միայն երկուսուկես տարում Հայաստանի առաջին հանրապետությունը չորս վարչապետ է փոխել։
Ի վերջո, նրանցից յուրաքանչյուրը, միգուցե սխալ կողմնորոշվելով ժամանակի զուգահեռականներում, հետագայում խորապես զղջացել է արածների և հատկապես չարածների համար։ Այդ են վկայում Առաջին հանրապետության հայրերից Հովհաննես Քաջազնունու, Սիմոն Վրացյանի, Ռուբեն Դարբինյանի, Ռուբեն Տեր-Մինասյանի և այլոց հուշագրությունները՝ սեփական սխալների արդարացի մատնանշմամբ։ Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն նրանց՝ Նիկոլ Փաշինյանը մեղքի զգացում բացարձակ չունի։
Հայաստանի Առաջին հանրապետության և նրա համար կործանարար դարձած 1920-ի թուրք-հայկական պատերազմի հետ այսօրվա նմանություններն այնքան շատ են, որ պարզապես ապշել կարելի է։ Թվում է՝ մենք ամեն անգամ նույն սխալները թույլ ենք տալիս ոսկերչական ճշգրտությամբ։
Ինչպես հայտնի է, երրորդ արցախյան պատերազմում մեր պարտությունն ամրագրվեց 2020-ի նոյեմբերի 9-ին։ Դրանից ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920-ի նոյեմբերի 18-ին, հայկական կողմը դարձյալ ստիպված էր ընդունել թուրքական բանակի առաջադրած ծանր պայմանները և ստորագրել աննպաստ զինադադարը։
Պաշտոնաթող վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի պատվիրակությունը մեկնում է թուրքերով պաշարված Ալեքսանդրապոլ (Գյումրի)։ Հայկական պատվիրակության անդամներից մեկը՝ Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը, իր հուշերում ուշագրավ մի դրվագ է պատմում։
Պարզվում է՝ այն գնացքը, որով Խատիսյանը պետք է Երևանից մեկներ Ալեքսանդրապոլ, երկար ժամանակ տեղից չէր շարժվում։ Բանն այն է, որ Երևանում այդ գնացքում զենք ու զինամթերք էին բարձում թուրքերի համար։ Դա թուրքական պատվիրակության պայմանն էր, այն է՝ հայկական կողմը պետք է ամբողջապես զինաթափվեր և Երևան-Ալեքսանդրապոլ գնացքով այդ զենքը փոխադրեր ու հանձներ թուրքերին։
Ալեքսանդրապոլում թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը նշում է հիմնական պայմանը՝ Հայաստանը պետք է հրաժարվի Սևրի պայմանագրից։ Եվ Խատիսյանը, խորհրդակցելով վարչապետ Սիմոն Վրացյանի հետ, ստիպված ընդունում է այդ պայմանը։
Այսօր տեղի ունեցողին ավելի հար և նման սյուժե անհնար է պատկերացնել։ Թուրք-հայկական պատերազմի աղետալի ավարտից ուղիղ հարյուր տարի անց Ադրբեջանը հրաժարվում է մեզ հետ բանակցելուց՝ զավթելով նորանոր հողակտորներ և ենթակառուցվածքներ, գերեվարում է մեր զինծառայողներին և քաղաքացիականներին մեր իսկ տարածքում, ստիպում հրաժարվել արցախյան կարգավորման երբեմնի սկզբունքներից՝ սպառնալով նոր պատերազմով։
Ո՞րը պետք է լինի գերիներին ազատելու, Բաքվի բանտերում արդեն շուրջ մեկ տարի խոշտանգվող մեր հայրենակիցներին վերադարձնելու գինը։ Ադրբեջանի և Թուրքիայի պայմանները հստակ են՝ Արցախից վերջնական հրաժարում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և Սյունիքով միջանցքի տրամադրում։ Իշխանությունն էլ, ըստ ամենայնի, մարդկային կյանքերի կարևորության պատճառաբանությամբ գնալու է այս ազգակործան զիջումներին և վերջնականապես թաղելու է հայկական պետության ապագա վերածննդի երազանքը։