ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված «գունագեղ միջոցառման» շրջանակներում լուսային շոու ապահովելու համար կառավարությունը հատուկ դրոններ է պատվիրել Ռուսաստանից, հաղորդում է «168 ժամ» թերթը:
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դրոնները բավական թանկ հաճույք են․ դրանց 10 րոպեի վարձակալությունն արժե 110 000 ԱՄՆ դոլար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ռուսաստանից ժամանել է այդ դրոնները գործարկող անձնակազմը։ Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրատուն հոգացել է նաև մասնագետների հյուրանոցային և այլ ծախսերը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. նույնիսկ հաշվի առնելով միայն այդ ծախսերը, կարելի է արձանագրել, որ միջոցառումն ակնհայտորեն մի քանի միլիոն դոլար է արժեցել: Իսկ դա չափազանց շատ է այն երկրի համար, որի գանձարանը լուրջ խնդիրներ ունի ընթացիկ ծախսերի կատարման մասով։ Ընդ որում այդ ճոխությունն անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե բյուջեից է արդյոք ծախսվել ողջ գումարը, գտնվել է այլ ֆինանսավորում կամ համաֆինանսավորում։ Այսպես թե այնպես, Հանրապետության հրապարակում բազմամիլիոնանոց «շքեղությունն ու փայլը», մեղմ ասած, չի ներդաշնակում բյուջետային միջոցների սղության պատճառով կենսաթոշակների ուշացման, բուժհաստատություններում պետպատվերի չեղարկման հետ։ Այլ կերպ ասած՝ գանձարանի թշվառության։ Եվ առավելևս արտառոց է պատկերանում գերթանկարժեք շոուն բյուջետային աղքատության ևս մեկ վառ ցուցանիշի խորապատկերին։
Վերջերս իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հայտնվեց թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու որոշման նախագիծ: Ծրագիրը նախատեսված է 2022-2024 թվականների համար։ Ըստ նախագծի, Պետպահուստը աճուրդի միջոցով մտադիր է վաճառել մեկուկես միլիարդ դրամի (ավելի քան 3 միլիոն դոլար) ոսկի, ադամանդներ, արծաթե ու ոսկե իրեր և պետությանը պատկանող այլ արժեքներ: Ի դեպ, նշենք, որ խոսքը հիմնականում ոսկե իրերի մասին է։ Ընդհանուր առմամբ՝ 18255 միավոր, 76 կգ 643 գրամ քաշով և 918, 8 միլիոն դրամ արժողությամբ:
Իհարկե, այս պետական սեփականության վաճառքը կազմակերպելու ցանկությունը կառավարությունը պատճառաբանում է բնավ ոչ գանձարանում միջոցների պակասով։ Բերվում է մեկ այլ՝ իբր համոզիչ փաստարկ։ Պարզվում է, 1996-ից ի վեր նշված թանկարժեք իրերը չեն վաճառվել, դրանք 20 տարի շարունակ փոշոտվում են պահոցներում՝ կորցնելով ապրանքային տեսքը և, ամենակարևորը, արժեքը։ Այստեղ կրկին շեշտենք, որ վաճառքի են հանվում հիմնականում ոսկե իրեր։ Պետք է սաստիկ լարել երևակայությունը, պատկերացնելու համար, թե ինչպես է ոսկին տարիների հետ խունանում ու արժեզրկվում։ Հայկական կառավարությունում օժտված են ծայրահեղ վառ երևակայությամբ։ Այնպես որ ուզում են այնուամենայնիվ վաճառել։
Ախր վաճառեք պահուստների գոնե մի փոքր մասը, պահպանեք ինչ-որ բան սև օրվա համար։ Բայց ո՜չ։ Պետպահուստում ընդհանուր առմամբ կան 2 մլրդ 150 մլն դրամի արժեքավոր ու թանկարժեք իրեր։ Եվ ահա որոշել են այդ բարիքից վաճառել մեկուկես միլիարդ դրամի արժեքներ։ Նույն ոսկե իրերն ընդամենը 80 կգ են, որից 76 կգ-ը պատրաստվում են վաճառել։
Դեռեվս 2014-ին ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն հանդես է եկել նման նախաձեռնությամբ։ Այն ժամանակ երկիրը պետք է հաղթահարեր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները։ Սակայն այն կառավարության խելքը և, ամենակարևորը՝ խիղճն այնուամենայնիվ բավականացրեց պետական ոսկին ու ադամանդները աճուրդի չհանելու համար։ Սկզբունքորեն երկրի ներկայիս վիճակը շատ ավելի վատ է, շատ ավելի ֆորս-մաժորային, քան այն ժամանակ։ Պատերազմի հետևանքներ, համավարակ։ Միգուցե կարելի է համարել, որ եկել է այն սև օրը, երբ պետք է պետության «զարդատուփից» հանել շքեղ իրերը, վաճառել դրանք և ստացված գումարով լուծել սոցիալական խնդիրները: Բայց…
Հանրապետության հրապարակում անցկացված շքեղ շոուն արժեցել է գրեթե նույնքան, որքան գումար է նախատեսում ստանալ կառավարությունը 3 տարում՝ վաճառելով թանկարժեք իրերի պետական պահուստը։ Հրապարակում, անշուշտ, պերճանք էր տիրում։ Իսկ գանձարանում այնպիսի թշվառություն է, որ ստիպված են վաճառել գրեթե վերջին հոգեպահուստը։