Սյունիքի համայնքապետերն ընտրված են իրենց ժողովրդի կողմից, նրանք պաշտպանել են հայրենիքը

Սյունիքի տղաները պաշտպանել են իրենց հայրենիքը։ Համայնքապետերն ընտրված են եղել իրենց ժողովրդի կողմից, և այդ ժողովուրդն էլ պաշտպանում է իրենց ընտրյալներին, անդրադառնալով Սյունիքի համայնքապետերին կալանքի տակ պահելու խնդրին՝ այսօր հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ կալանավորված համայնքապետերը կամ մարզային իշխանության ներկայացուցիչները ո՛չ թալանով են զբաղվել, ո՛չ ծանր հանցագործություն են կատարել, ուստի նրանց կարելի էր թողնել ազատության մեջ, ոչ թե ստեղծել մթնոլորտ, որ դատարանները շարժվեն իշխանության տրամադրությամբ։

«Էս ի՞նչ քաղաքականություն է, որ եթե ես բավարարվել եմ, ուրեմն դատարանը կարող է նրան ազատ արձակել, եթե բավարարված չեմ, պիտի մուռ հանեմ, որովհետև ինքն իմ դեմ, քաղաքականության դեմ ինչ-որ բաներ է արել։ Պարզ էլ ասացին, չէ՞՝ ովքեր մեր քաղաքականությունը չեն ընդունում, ուրեմն պետք է հեռացվեն։ Այդ դեպքում էլ որտե՞ղ է ձեր ժողովրդավարությունը, էդ դեպքում ո՞նց է, որ համայնքն ընտրել է մարդուն, թույլ է տալիս, որ նա աշխատի, կառավարի իր համայնքը, իսկ դուք ասում եք՝ չէ, քանի որ դու մեր ասածը չես անում, պետք է հեռանաս։ Բա էլ ավտորիտար, դեսպոտ քաղաքական գիծը ո՞րն է։ Ժամանակին ասում էին՝ սա տոտալիտար պետություն է։ Սրանից ավելի տոտալիտար պետությու՞ն․․․», - ասաց Արամ Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ համայնքապետերը պետք է ազատ արձակվեն մինչև դատաքննությամբ պարզվի՝ նրանց արարքն իրոք արժանի՞ էր կալանավորման։

«Նրանց կարիքը կա, որպեսզի նրանք ուղղորդեն իրենց համայնքներին՝ պաշտպանելու մեր բոլորի հայրենիքը։ Կամ էլ դուք գնացեք և իսկապես պաշտպանեք մեր հայրենիքը, գնացեք քշեք ադրբեջանցիներին մեր հողից», - ասաց ՀԴԿ նախագահը՝ խոսքն ուղղելով իշխանություններին, տեղեկացնում է Aysor.am։