Թագուհի Թովմասյան․ Մարդիկ պետք է վստահություն ունենան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մասնագիտական հանրույթի ներկայացուցիչները, ովքեր կառավարությունից տարբերվող տեսակետ ունեն, լսելի չեն, և մենք, օգտագործելով խորհրդարանական վերահսկողության գործիքները, հնարավորություն ենք փորձում տալ, որ ոլորտի մի շարք մասնագետներ իրենց կարծիքն արտահայտել, և դա հասանելի լինի հանրությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստման կառավարության պարտադրանքներին ու այդ գործընթացում առկան խնդիրներին, որոնք քննարկելու նպատակով հանձնաժողովում այսօր քննարկում էր կազմակերպվել:

 

«Իրավաբանները հստակ պնդեցին, որ հոկտեմբերի 1-ից որևէ մեկն աշխատակցին չի կարող պարտադրել պատվաստվել կամ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնել, քանի որ սա խախտում է Սահմանադրության կարգավորումները, մասնավորապես՝ խտրականությանը վերաբերող դրույթները: Բժիշկներն էլ նկատեցին, որ գերծանրաբեռնված բուժհամակարգ կա, և առաջնային օղակները թերանում են՝ ում առողջական վիճակը ծանրանում է, ուշ են հոսպիտալացվում, և հնարավոր չի լինում նրանց կյանքը փրկում: Ստացվում է՝ առաջնային օղակների ու կազմակերպչական թերությունների պատճառով մահեր ենք ունենում, և կառավարությունը դա բարդում է մարդկանց վրա՝ ասելով, որ չեք պատվաստվում, դրա համար մահեր են գրանցվում»,- նշեց Թովմասյանը:

Պատգամավորի խոսքով՝ Եվրախորհրդից Հայաստան եկած ներկայացուցիչների հետ օրեր առաջ քննարկել են խնդիրը, և վերջինների մոտ առկա է եղել այն հստակ համոզմունքը, որ չպետք է մարդկանց ստիպել պատվաստվել, այլ պետք է նրանց գիտակցությունն ու իրազեկվածությունը հասցնել այնպիսի մակարդակի, որ մարդիկ գիտակցաբար ինքնակամ գնան այդ որոշմանը:

«Իսկ մինչ այժմ տարվել է միայն այս քարոզչությունը՝ պատվաստվեք, որ թատրոնի տոմս ստանանք, որ ճամփորդեք, և նման բաներ, այսինքն՝ պատվաստվելը դարձրել են խթան այս գործողություններ կատարելու, և ոչ թե ինքնապաշտպանության եը հանրային առողջապահության տրամաբանությամբ: Այսքան պարտադրանքների պայմաններում միայն բնակչության 8-9%-ն է պատվաստվել: Մենք չենք կարող ունենալ այնպիսի հասարակություն, որ միայն այդքան քանակությամբ մարդ պատվաստվի, իսկ ճնշող մեծամասնությանը դա պարտադրվի, այլ երկրներում հակառակն է՝ մեծ մասը ինքնակապ պատվաստվում է, և մնացած փոքր հատվածի հետ են սկսում խոսել, համոզել, մեզ մոտ հակառակն է»,- նկատեց պատգամավորը:

Թովմասյանը հայտնեց, որ մտադիր է մեծ լսումներ կազմակերպել՝ հարցերն ու հակափաստարկները շատ են, իսկ պատասխանները՝ ոչ լիարժեք ու ոչ սպառիչ:

«Եթե ուզում եք հասարակությունը զանգվածաբար պատվաստվի, պետք է մարդիկ վստահություն ունենան, ոչ թե դա արվի պարտադրանքի ուժով»,- համոզմունք հայտնեց պատգամավորը, տեղեկացնում է News.am: