Առաջնահերթ է համարվել Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը

Կառավարությունը մեկնարկում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց գործադրի հերթական նիստում։ Այդ որոշմամբ կառավարությունը սահմանեց այս ճանապարհահատվածի առաջնահերթությունը ընդհանուր ծրագրի այլ հատվածների շինարարության նկատմամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Որոշման նախագիծը ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մինչև Իրանի սահման անվտանգ, ապահով ու արագընթաց ճանապարհ ունենալու անհրաժեշտությամբ։

«Նախագծով նախատեսվում է իրականացնել 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհ, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ մի քանի կամուրջներով ու 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներով` ելնելով մեր երկրի լանդշաֆտի առանձնահատկություններից։ Նշեմ, որ ամենաերկար թունելը Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ»,– ասաց Տերտերյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար կառավարությունը հայտարարելու է միջազգային մրցույթ։

«Սա նոր որակ կբերի մեր տնտեսությանը, մեր հաղորդակցությանը` ԻԻՀ հետ մեր տնտեսական կապերի ամրապնդմանը։ Դա որոշակի հետաքրքրություն կառաջացնի Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագծերի շրջանակներում։ Եթե հարցը դիտարկենք ավելի լայն համատեքստում` տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացման շրջանակներում, ապա այս ծրագիրը բոլորովին այլ մասշտաբ ու նշանակություն է ունենում»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հույս հայտնեց, որ 2022թ.–ին կմեկնարկի շինարարության նախնական` տեխնիկայի մոբիլիզացիայի փուլը։

Նշենք, որ նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 474.3 մլրդ ՀՀ դրամ։