ԱԼԻԵՎԻ ԼԾԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանի անկախության օրվա նախաշեմին հարցազրույց տվեց Առաջին ալիքին, որում, մասնավորապես, կրկին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը դեռ պետք է լուծվի: Այս հայտարարությունը ոգևորություն առաջացրեց որոշակի շրջանակներում, բայց... Կարծում ենք՝ շատ իզուր։ Եվ խնդիրը բնավ Լին Թրեյսին չէ։ Խնդիրը Փաշինյանն է։
Մի կողմից, ամերիկացի դիվանագետը արտակարգ ոչինչ չասաց։ Նախ՝ այն պատճառով, որ այդպիսին է Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը դրա ձևավորման պահից ի վեր. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: Երկրորդ՝ ամերիկացի դիվանագետի խոսքերը համապատասխանում են իրողություններին։
Արցախի կարգավիճակն այսօր իսկապես որոշված չէ, այն կախված է օդում։ Նվազագույն են հիմքերը՝ ասելու, թե Արցախն Ադրբեջանի մասն է, քանի որ Բաքվի կառավարությունը չի վերահսկում հանրապետության իր բռնազավթած մասը, իսկ անվտանգությունը հիմնականում ապահովում են ռուս խաղաղապահները։ Ներքին հարցերը լուծում է տեղական կառավարությունը։ Հայաստանն օգնում է ֆինանսապես... Թվում է՝ պատկերը հուսադրող է, և Ալիևի այն խոսքերը, թե Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, հասարակ պարծենկոտություն են։ Ավաղ, ամեն ինչ բնավ այդքան վարդագույն չէ։
Քանզի միայն առաջին հայացքից է թվում, թե Բաքուն լծակներ չունի բուն Արցախում տեղի ունեցող գործընթացների վրա ազդելու համար։ Դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. Ալիևն ունի լծակ, դրա անունը Նիկոլ Փաշինյան է։ Ինչն էլ թույլ է տալիս Ալիևին վստահորեն ասել, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն ինքը լուծել է։ Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո Փաշինյանն ու իր կառավարությունը ամեն կերպ խուսափում են խոսել Արցախի մասին որպես սուբյեկտի։ «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունն անհետացել է ՀՀ կառավարության բառապաշարից և պաշտոնական փաստաթղթերից։ Այդ մասին խոսում է խորհրդարանական ընդդիմությունը, այդ մասին վերջերս հայտարարեցին նաև Արցախի խորհրդարանի երեք խմբակցություններ՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները կասկածի տակ են առնում Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը։
Ո՞րն է Փաշինյանի այդօրինակ պահվածքի պատճառը, որը պատերազմից առաջ ճղավում էր, թե Արցախը Հայաստան է։ Ըստ երևույթին՝ նույնը, ինչ Ալիևի գլուխ գովելու պատճառը։ Փաշինյանը դե ֆակտո համաձայնություն է տվել Ադրբեջանի կազմում Ղարաբաղի կարգավիճակին, ուստի կատարում է խոստումն ու որևէ կերպ չի ընդգծում հանրապետության սուբյեկտայնությունը։ Փաշինյանի դիրքորոշման մասին գիտի ոչ միայն Ալիևը, այլև ռուսները, որոնք թեև համակարծիք են, որ Մինսկի խումբը պետք է վերսկսի բանակցային գործընթացը, բայց խուսափում են պարտավորեցնող հայտարարություններ անել Արցախի ապագա կարգավիճակի մասին։ Ինչպես մի առիթով նշեց Մարիա Զախարովան, կարգավորման գործընթացը Մինսկի խմբի հովանու ներքո պետք է շարունակվի ստեղծված իրողություններին համարժեք:
Չարժե կասկածել, որ եթե այսօր Ալիևը հավանություն տա Ադրբեջանի կազմում Արցախի ինչ-որ ինքնավար կարգավիճակին, գումարած բնակչության անվտանգության երաշխիքները, Փաշինյանն ուրախությամբ կհամաձայնի և հերթական ճառը կկարդա մեր գլխին, թե պարտությունն ամենևին էլ պարտություն չէ, այլ հակառակը... Ի դեպ, եթե սթափ նայենք իրերին, հեշտ է նկատել, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ալիևի և Փաշինյանի հռետորաբանությունը նույն հնչողությունն ունի. առաջինը ասում է, թե կա տարածք, որը ժամանակավորապես վերահսկում են ռուս խաղաղապահները, իսկ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլևս չկա, դե, իսկ երկրորդը պարզապես խուսափում է օգտագործել «Արցախի Հանրապետություն» տերմինը, ինչը փաստացի համընկնում է Ալիևի դիրքորոշման հետ։
Կեղծ փիլիսոփայական դատողություններն այն մասին, թե ինչ է հաղթանակը և ինչ՝ պարտությունը, գալիք որոշմանն են նախապատրաստում ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի ժողովրդին։ Պատահական չէ, որ Արայիկ Հարությունյանը, գալով Երևան, պարբերաբար այցելում ու խորհրդակցում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ուրիշ ո՞վ կարող է համոզիչ փաստարկներ ներկայացնել իրեն՝ հօգուտ Ադրբեջանի կազմում Արցախի ընդգրկման, եթե ոչ առաջին նախագահը, որը դրա համար պայքարել է դեռևս 1997-ին։ Իհարկե, արցախցիներին համոզելը հեշտ չի լինի, բայց նրանց կասեն, թե անվտանգությունը երաշխավորված է ռուս խաղաղապահների կողմից։ Իբր՝ եթե Արցախը չհամաձայնի, ապա 4 տարի անց Բաքուն կպահանջի դուրս բերել խաղաղապահներին։ Իսկ եթե Արցախը հնազանդվի, ապա Բաքուն կերկարաձգի մանդատը…
Տեղին է հիշեցնել, որ խաղաղապահների նախկին հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովը պաշտոնից հեռանալուց հետո հայտարարել է, որ 5 տարի անց խաղաղապահների մանդատը երկարաձգվելու է նույն ժամկետով: Այնպես որ ուրվագծվում է հստակ պատկեր. մինչ խաղաղապահների առաջին ժամկետի ավարտը փաստաթուղթ կպատրաստվի Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի մասին՝ նվազագույն իրավունքներով։ Նիկոլը կհամոզի Հայաստանի ժողովրդին, թե այդ պայմանագիրը մեծ հաղթանակ է։
Իսկ երբ առաջին հնգամյա ժամկետը մոտենա ավարտին, Արցախին կստիպեն համաձայնել Ալիևի պայմաններին՝ խաղաղապահների դուրսբերման սպառնալիքով։ Կամ պարզապես կկանգնեցնեն փաստի առաջ, որ նման որոշմանը համաձայնել է Երևանը։ Այնուհետ կերկարաձեն ռուսական զորախմբի մանդատը ևս 5 տարի ժամկետով, որի ընթացքում արցախցիներին կհամոզեն, թե ինչ հիասքանչ է կլանքը Բաքվի վերահսկողության տակ։ Ում համոզեն՝ համոզեն, ում՝ ոչ, կարտագաղթեն, իսկ Նիկոլը փոխարենը շռայլ փոխհատուցում կվճարի նրանց։
Հ.Գ.- Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ կոչ է արել անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում։ Ադրբեջանում այլևս չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումով վարչատարածքային միավոր։ 2021 թվականի հուլիսի 7-ին նախագահի հրամանագրով մենք ստեղծել ենք Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիներ։ Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ պետություններին և ՄԱԿ-ի քարտուղարությանը մեր տարածքներին անդրադառնալիս թույլ չտալ իրավական տեսանկյունից գոյություն չունեցող, քաղաքական առումով կանխակալ անվանումների գործածում, որոնք մանիպուլյացիոն բնույթ են կրում»,- հայտարարել Է նա։