ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՈՂՈՐՄԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ

«Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը էապես կբարելավի հնարավորությունները և մրցունակ կդարձնի այն նախաձեռնությունները, որոնք մենք քննարկում ենք»,- լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան ՔԵՐՈԲՅԱՆԸ:

«Հաշվարկված է, որ տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակումը կհանգեցնի Հայաստանի ՀՆԱ-ի 30 տոկոս աճին: Սա ոչ միայն մեր, այլ միջազգային գործընկերների, այդ թվում Համաշխարհային բանկի բանկի ու Ասիական զարգացման բանկի ուսումնասիրություներն են»,- ասել է Քերոբյանը Երևանում տեղի ունեցած «Ռուս-հայկական բիզնես-երկխոսություն։ Հեռանկարային ծրագրեր» համաժողովի կողասրահներում, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ինչպե՞ս է հաշվարկվել ՀՆԱ-ի նման աճ: Հատկապես ի՞նչ գործոններ են ապահովելու այդպիսի դինամիկա, հայրենի տնտեսության ո՞ր ոլորտներն են ազդակ ստանալու կտրուկ զարգացման համար, առավելապես ի՞նչ է արտահանելու և ներկրելու Հայաստանը ճանապարհների բացման դեպքում։ Սրանք տրանսպորտային հաղորդակցության տարածաշրջանային ապաշրջափակման գաղափարի իրականացման գործնական արդյունավետության գնահատման հետ կապված հարցերի լոկ չնչին մասն են։ Գուցե տեսանելի ապագայում փորձագետները կոնկրետություն մտցնեն այս և մի շարք այլ հարցերում։ Իսկ մինչ այդ ուշադրություն դարձնենք այն կոնկրետությանը, որ ներկայացրեց նախարարը. ՀՆԱ-ի 30 տոկոս աճ երկու տարվա ընթացքում։

Ահա ուրեմն, Քերոբյանը ակնհայտորեն կարծում է, թե իր ներկայացրած կանխատեսումը պետք է ոգևորի Հայաստանի քաղաքացիներին, լավատեսություն ներշնչի երկրի տնտեսական ապագայի վերաբերյալ։ Իրականում ՀՆԱ-ի 30 տոկոս աճը դժվար թե արժե դիտարկել որպես եզակի ձեռքբերում։ Նախևառաջ այն պատճառով, որ Հայաստանի կյանքում եղել են ՀՆԱ-ի աճի նույնպիսի տեմպի ժամանակաշրջաններ շրջափակման պայմաններում։ Օրինակ, 2002 և 2003 թվականներին այդ ցուցանիշով գրանցվել է 27,2% աճ։ Երկրի ՀՆԱ-ն գրեթե նույնքան աճել է նաև երկու այլ տարիների ընթացքում. 2005-ին և 2006-ին։ Շրջափակումային անցյալի այս խորապատկերին այնքան էլ աննախադեպ ու տպավորիչ չէ ապաշրջափակումային տնտեսական ապագան, որի մասին պատմում է Քերոբյանը։

Այժմ նայենք այլ թվերի. 30% աճը մոտավորապես 4 միլիարդ դոլար է: Այսօր երկրի ՀՆԱ-ն կազմում է մոտ 12,5 մլրդ դոլար։ Մինչդեռ, եթե հաշվի առնենք, որ հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ այսօր կազմում է շուրջ 22%, ապա բյուջեի եկամուտը ՀՆԱ-ի 4 միլիարդ աճից կկազմի մեկ միլիարդից էլ պակաս։ Այլ կերպ ասած՝ ապաշրջափակումը, Քերոբյանի վարկածով, երկու տարվա ընթացքում հայկական գանձարանին կբերի մեկ միլիարդից պակաս լրացուցիչ միջոցներ։ Եվ այստեղ կարևոր է նշել, որ հայաստանյան բյուջեի եկամտային մասը երկու տարվա ընթացքում նույն գրեթե մեկ միլիարդով աճել է բոլորովին վերջերս։ Եթե 2018-ին դա (եկամտային մասը) կազմել է 2,7 մլրդ դոլար, ապա 2020-ին՝ 3,6 մլրդ։ Եվ դա տեղի է ունեցել առանց տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման։

Ըստ էության, մեզ առաջարկվում է տրանսպորտային հաղորդակցության բացման գրեթե նույնպիսի տնտեսական արդյունք, ինչպիսին արձանագրվել է շրջափակման պայմաններում։ Ո՞րն է այստեղ նպատակահարմարությունը։ Ո՞ւր են Հայաստանի շահերը։ Որտե՞ղ են այն ահռելի օգուտները, որոնց համար արժե նվաստանալ թշնամիների առաջ և ենթարկվել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից առևտրատնտեսական զավթախուժման վտանգի:

Հայաստանի ՀՆԱ-ի 30% աճը տրանսպորտային հաղորդակցությունների տարածաշրջանային ապաշրջափակման գաղափարի համատեքստում ոչ այլ ինչ է, քան փշրանք աղայի սեղանից: Եվ այդ փշրանքների դիմաց հարկ կլինի շատ թանկ վճարել։