ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԵՎ ԱԶԱՏՈՒՄԸ՝ ՓԱԽՈՒՍՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

Ո՞րն է իշխանության իմաստը, եթե ոչ քեզ ընտրած հանրույթին անվտանգությամբ, արդարությամբ և բարեկեցությամբ ապահովելը։ Միգուցե վայելքներից օգտվե՞լը, պարգևավճարների, ծառայողական մեքենաների, կառավարական ամառանոցների, օգնականների, շքեղ կյանքի, թանկ գործուղումների և նման այլ ճոխությունների առատությո՞ւնը։ Չէ՞ որ իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է այլասերում։ Այսօր Հայաստանում հաստատված վարչակարգն այլ բան չէ, քան մեկ անձի բացարձակ իշխանություն՝ առանց որևէ հակակշռի և զսպիչի։

Երբ իշխանության վայելքներն անգամ անտեսելով՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ստիպված են շրխկոցով փակել դուռը, բարձրաձայնել կառավարման համակարգի լրջագույն խնդիրների մասին և հեռանալ, նշանակում է՝ պետական մեքենան խափանված է, հիմքերը՝ մաշված։ Անցած երեքուկես տարում և հատկապես հետպատերազմյան տասն ամսում նման դեպքերը հաշվվում են տասնյակներով։ Բայց ո՞ւմ ինչ հոգն է, երբ ամենակարևոր ու սպասված հրաժարականն այդպես էլ չի հնչում։

Պատկերացնենք, որ նույնիսկ ոչ թե եվրոպական, այլ լատինամերիկյան կամ ասիական մի երկրում բարձրաստիճան պետական պաշտոնյաները, հատկապես անվտանգության և արտաքին քաղաքականության պատասխանատուները, խոր մտահոգություններ արտահայտելով՝ լքեին իրենց պաշտոնները՝ ազդակներ ուղարկելով հանրությանը սպասվող աղետների մասին, իսկ իշխանությունը դրան որևէ պարզաբանում կամ պատասխան չտար, ավելին՝ նույնիսկ չպատճառաբաներ այդ պաշտոնյաների ազատումները։ Իրապես դժվար է պատկերացնելը, որ նման իրավիճակը ներքաղաքական լրջագույն ճգնաժամի չհանգեցներ։

Այսօր քչերն են հիշում, որ նախապատերազմական Հայաստանում, սկսած 2018-ի հուլիսից, կոռուպցիոն սխեմաներ բացահայտած, անառողջ կրքերի և անարդյունավետ կառավարման մասին բարձրաձայնած և պաշտոնը թողած պաշտոնյաների մի ամբողջ շարք կար՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյան, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյան, կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյան, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյան և բազմաթիվ այլ անուններ։

Իհարկե, առանձնակի կարևոր է պատերազմի արդյունքների համար պատասխանատու առանցքային երկու պաշտոնյաների՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկությունը, ընդ որում՝ Փաշինյանը դրանք ներկայացնում է իբրև պաշտոնից ազատում, նրանք էլ պնդում են, թե իրենք են դիմում գրել։

Պարոնայք նախկին նախարարներին հավանաբար թվում է, թե իրենց պաշտոնանկությունը պատասխանատվության դրսևորում է, մինչդեռ ճիշտ հակառակը՝ մի օր նրանք պատասխանելու են (ցանկալի կլիներ՝ դատարանում) պատերազմի հանգամանքներին առնչվող բոլոր հարցերին։

Երբ 2019-ի սեպտեմբերին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր հրաժարականի հայտնի տեքստում կանգ առնելու կոչ արեց, իշխանությունն այն գնահատեց իբրև քաղաքական ուղերձ, մինչդեռ խոսքը կարևորագույն ուժային կառույցը խիստ ոչ նպատակային օգտագործելու անթույլատրելիության մասին էր։

Ի վերջո, երբ այս տարվա մայիսին պաշտոնաթող եղավ ԱԳ նախարար Արա Այվազյանը, նա ևս անուղղակիորեն հասկացրեց, որ իշխանությունը պատրաստվում է ստորագրել մեր պետական և ազգային շահերին հակասող մի փաստաթուղթ։ Փաշինյանն շտապեց ազատել նրան և պնդել, թե մտահոգվելու հարկ չկա, մինչդեռ պարզվում է՝ ոլորտային գերատեսչությանը նույնիսկ տեղյակ չէին պահել հերթական հայադավ փաստաթղթի ստորագրման մասին։

Ուշագրավ է, որ ինչ-որ հրաշքով բոլոր այդ անձինք, երբ կառավարող թիմում էին, ՔՊ-ականների կողմից ընդհուպ սրբադասվում էին, ինչ էլ անեին՝ անխոցելի էին (վկան՝ Վանեցյան-Խաչատրյան գաղտնալսման հրապարակումից հետո ՔՊ-ականների ֆլեշմոբը հաջակցություն Վանեցյանի)։ Բայց երբ նրանք բարձրաձայնում են վարչապետի և կառավարման համակարգի ապօրինությունների մասին՝ կարգվում են թշնամի կամ դավաճան։ Արա Այվազյանին, օրինակ, իր պաշտոնանկությունից հետո վերագրվեց գերիների վերադարձի ձգձգումը։

Իշխանության պաշտպանների ամենածիծաղելի փաստարկը հանգում է հետևյալին՝ «Փաշինյանն ում նշանակեց, դավաճանեցին»։ Միգուցե դավաճանին ա՞յլ տեղ է պետք փնտրել։