ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՏԱՊԱԼՎԱԾ ՄԵԿ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ Ե՞ՎՍ ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ
Արտահերթ ընտրության արդյունքները ևս մեկ անգամ ապացուցեցին՝ իշխանության համակիր քաղաքական աղանդի ներկայացուցիչներին, իսկ չոր վիճակագրությամբ՝ հարյուր հազարավոր քաղաքացիների, անիմաստ կամ անհնար է բացատրել, որ այս իշխանության օրոք սանձազերծված պատերազմի հրահրման, դրա ընթացքի, պարտության և կապիտուլյացիայի պատասխանատուն և մեղավորը հենց օրվա իշխանությունն է։
Փաշինյանին հաջողվեց հմտորեն մոլորեցնել բնակչության մի մասին և «պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ» անհեթեթ բառախաղի միջոցով ջրել սեփական պատասխանատվությունը։ Սակայն չէ՞ որ եթե նույնիսկ պատերազմն սկսվեր, ասենք, 2018-ի մայիսի 8-ին՝ իր իշխանության գալուց մի քանի ժամ անց, միևնույն է՝ նորեկ իշխանությունը պետք է պատասխանատու լիներ դրա համար։ Ի դեպ, այս օրինակը բնավ հիպոթետիկ չէ, քանի որ հենց 2018-ի ապրիլ-մայիսին, օգտվելով իշխանափոխության օրերի անորոշ վիճակից, Ադրբեջանը Նախիջևանի ուղղությամբ զգալիորեն բարելավեց դիրքերը։
Ցավոք, մեր հայրենակիցների էական մասի ցածր կրթական ցենզը, տեղեկատվական հիգիենայի իսպառ բացակայությունը, միֆերի և նախապաշարումների գերին լինելը, որևէ նախկին իշխանության նկատմամբ անձնական քենն ու ատելությունը՝ պայմանավորված խիստ սուբյեկտիվ ընկալումներով, հնարավորություն տվին Փաշինյանին առատորեն ոռոգելու ոչ թե սեփական, այլ նախկինների մեղավորության թեզը։
Սակայն տրամաբանականության և բանականության նվազագույն նշույլներ ունեցող անձանց թերևս կարելի է ողջամիտ հարցադրումներ ուղղել հետպատերազմյան մոտ մեկ տարվա մեր բացթողումների և ձախողումների մասին։ Այդ լեգիտիմ հարցադրումները պետք է ուղղեր ընդդիմությունը նախընտրական քարոզարշավի շրջանում։ Թեև դրանք հնչեցին, սակայն, ցավոք, ոչ բավարար ուժգնությամբ, համոզչականությամբ և փաստարկվածությամբ, արդյունքում՝ հաղթեցին իշխանության մտացածին թեզերը։
Եթե իշխանության համակիրն ամեն դեպքում պնդում է, թե պատերազմի մեղավորն ու պատասխանատուն նախկիններն են, թերևս պետք է նրան հարցնել, թե ո՞վ է մեղավոր, որ տասն ամսում Սյունիքում և Գեղարքունիքում նոր ձևավորված առաջնագիծն այդպես էլ չկահավորվեց, և տեղի գյուղացիները, հովիվները, աշխարհազորայինները մեն-մենակ մնացին զինված թշնամու դեմ։ Ո՞վ է մեղավոր, որ մոտեցող ձմռանն ընդառաջ՝ թշնամու նոր խրամատների հագեցվածությունն ուղղակի անհամատեղելի է հայ զինվորի՝ իր իսկ ձեռքով փորված նոր դիրքերի հետ։
Ո՞վ է մեղավոր, որ մեկ տարի շարունակ Բաքվի բանտերում շարունակում են խոշտանգվել, անմարդկային լլկանքների ենթարկվել մեր հարյուրավոր գերիները, նրանց թվում՝ նաև քաղաքացիական անձինք։ Հանուն Հայաստանի անկախության՝ նրանք ևս քանի՞ ամիս են սպասելու։ Ինչո՞ւ տապալվեց Աշոտիկի և Բաքվում պահվող հայ գերիների փոխանակման ծրագիրը, և ինչո՞ւ են մերոնց վերադարձի ուղղությամբ գործնական ջանքերը բացառապես ռուսների, ոչ թե մեր իշխանության հոգսը։
Ո՞վ է մեղավոր, որ պատերազմից մեկ տարի անց դեռևս ամբողջականացված չեն անհետ կորածների ցուցակները, հարյուրավոր անթաղ մարմիններ ռազմի դաշտում են, իսկ զոհերի մասունքներն անարգված՝ պարկերով նետված են դիահերձարանի հատակին։ Այս ամոթալի արարի համար ոչ մի պաշտոնյա պատասխանատվություն չկրեց, ավելին՝ շարունակում են կեղծ բարեպաշտությամբ ընդունել անհետ կորածների հարազատներին և մոլորեցնել նրանց։
Ո՞վ է մեղավոր, որ հինգ ամիս շարունակ թշնամու զորքն ամրապնդվում է քո տարածքում, փորձում խորանալ դեպի թիկունք, խրամատ է փորում, կրակում է քո զինվորի ու գյուղացու վրա, փակում միջպետական ճանապարհդ, գերեվարում քեզ քո իսկ տարածքում, իսկ դու խոնարհ հարսի համեստությամբ լռում ու հանդուրժում ես՝ երազելով լուսավոր ապագայի ու խաղաղության մասին։
Ո՞վ է մեղավոր այս ամենի համար։ Հավանաբար դարձյա՞լ նախկինները։