Ֆրանսիան և Հունաստանը հայտարարում են պաշտպանական գործարք կնքելու մասին

Ֆրանսիան և Հունաստանը հայտարարում են շուրջ 3 միլիարդ եվրոյի չափով պաշտպանական գործարք կնքելու մասին։ Պայմանագրի շրջանակներում Աթենքը կգնի երեք ֆրանսիական ռազմանավ՝ Թուրքիայի հետ լարվածության պայմաններում Արևելյան Միջերկրական ծովում պաշտպանունակության բարձրացման համար։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Փարիզում համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են գործարք կնքելու մասին:

«Այս գործընկերությունն արտահայտում է մեր կամքը՝ ընդլայնելու և ուժեղացնելու մեր պաշտպանական և անվտանգության համագործակցությունը՝ հիմնված մեր ընդհանուր շահերի վրա»,-ասել է Մակրոնը:

Հունաստանը կգնի ֆրանսիական 3 ֆրեգատ, որոնք կառուցելու է Naval Group-ը։Գործարքը ներառում է չորրորդ ֆրեգատ գնելու տարբերակ:

Միցոտակիսի խոսքով՝ դա գալիս է «երկիրը պաշտպանելու ազգային մոտիվացիայից», բայց այն նաև ունի «եվրոպական մոտիվ, քանի որ այն ամրապնդում է ընդհանուր պաշտպանական արդյունաբերությունը»: «Հունաստանն ու Ֆրանսիան այժմ առաջին համարձակ քայլն են կատարում դեպի եվրոպական ռազմավարական ինքնավարություն»,-հավելել է նա, տեղեկացնում է News.am։