ՁՈՂԻԿ-ՕԳՆՈՂԻԿ. ԱԼԻԵՎԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՀԱՆԴԻՊԵԼ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը կազմակերպի նման հանդիպում: Իբր՝ միշտ պատրաստ եմ կառուցողական քննարկումների, հայտարարել Է նա France-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ի՞նչ կնշանակի սա։

Ադրբեջանի նույն այն նախագահը, որն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի կարգավորմամբ, ըստ էության, զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, լուծված է: Նույն այն Ալիևը, որը բազմիցս պարծեցել է, թե քանի որ հակամարտությունը լուծված է, Մինսկի խումբն այլևս անելիք չունի։ Նույն այն Ալիևը, որը բոլորովին վերջերս մեղադրեց համանախագահներին անգործության, ապակառուցողական մոտեցումների մեջ, որոնք էլ հանգեցրել են 44-օրյա պատերազմին... Եվ ահա հիմա՝ ԵԱՀԿ ՄԽ-ի «հովանու ներքո» Փաշինյանի հետ հանդիպելու բուռն ցանկություն։

Պատճառը միջազգային ասպարեզում Իլհամ Ալիևի ունեցած խնդիրներն են, ինչն արտացոլվում է մի շարք երկրների և միջազգային կառույցների գործողությունների հետ կապված նրա դժգոհ հայտարարություններում։ Արտացոլվում է ինչպես պաշտոնապես, այնպես էլ Ալիևի կողմից վերահսկվող հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների միջոցով:

Բաքուն դժգոհ է Ռուսաստանից, ավելի ճիշտ՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողություններից։ Բաքվի մտահղացմամբ ՝ խաղաղապահ զորախումբը պետք է ապահովեր Ադրբեջանի լիակատար վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Մինչդեռ իրականում խաղաղապահ զորակազմը ապահովում է Հայաստանի և Արցախի անխափան կապը Լաչինի միջանցքով։ Ավելին, օգնում է Արցախի հումանիտար և սոցիալական խնդիրների լուծման գործում։

Ալիևը դժգոհ Է Իրանից, որը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին, ռազմական տեխնիկա կուտակում այնտեղ՝ ակնարկելով, որ Ադրբեջանը չպետք է խոչընդոտի հայ-իրանական կապերի զարգացմանը և գործակցի Իսրայելի հետ։

Ֆրանսիայից Ալիևը դժգոհ է ցմահ, համարելով, որ Մինսկի խմբի համանախագահ այդ երկիրն ավանդաբար հայամետ դիրքորոշում ունի։ Դժգոհ է նաև Վաշինգտոնից, որը ճնշում է գործադրում Բաքվի վրա՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու անհրաժեշտության և վերջին պատերազմի ժամանակ Անկարայի և Բաքվի համատեղ գործողությունները հետաքննելու պահանջներով։ Բաքուն դժգոհ է նույնիսկ նրանից, որ Երևանում ԱՄՆ դեսպանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն...

Ալիևը դժգոհ է միջազգային կառույցներից, որոնք պարբերաբար ընդունում են Բաքվի այս կամ այն գործողությունները դատապարտող բանաձևեր։ Դե, և կրկնեմ. Ադրբեջանում մեծ է դժգոհությունը Մինսկի խմբի այն հայտարարություններից, որ Արցախի կարգավիճակը լուծված չէ, բանակցությունները պետք է շարունակվեն։ Եթե ամփոփենք, ապա Ալիևը դժգոհ է այն ճնշումից, որ իր վրա գործադրում են վերոնշյալ և այլ կառույցներն ու երկրները, դրա համար էլ հանկարծ սաստիկ փափագեց հանդիպել Փաշինյանի հետ։

Պարզվում է, Փաշինյանը Ալիևի համար ձողիկ-օգնողիկի պես մի բան է. Ադրբեջանի առաջնորդն ակնկալում է, որ Փաշինյանի հետ հանդիպումը թույլ կտա իրեն լուծել բոլոր խնդիրներն ու հետ մղել միջազգային կառույցների հարձակումները: Ալիևը չգիտես ինչու հույս ունի, որ Փաշինյանը հանդիպման արդյունքում կընդառաջի իր ցանկություններին, և Ադրբեջանի նախագահը կունենա բոլոր հնարավորությունները՝ հայտարարելու աշխարհին. «Ի՞նչ եք ուզում ինձանից։ Իմ ու Փաշինյանի միջև լիակատար փոխըմբռնում է տիրում, խաղաղություն, բարեկամություն, սեր։ Հայաստանը՝ ի դեմս Փաշինյանի, ընդունում է իր սխալները, մենք նրան պատժել ենք, հիմա Երևանն ընդունում է մեր պայմանները և պարտավորվում կատարել Բաքվի արդար պահանջները, այն է՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեզ համար միջանցք բացել դեպի Նախիջևան, լուծարել իր բանակը։ Իսկ հետո թող իրենց համար հանգիստ ապրեն Էրիվանում ու լողան Գեյչայում, մենք դեմ չենք»։

Այսպես է դատում Ալիևը, թե՞ փոքր-ինչ այլ կերպ։ Կատեգորիկ չենք լինի։ Բայց այն, որ միջազգային հանրության հովանու ներքո՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, հանդիպելով իր կողմից բազմիցս նվաստացված Փաշինյանի հետ՝ Ալիևը մտադիր է ամրապնդել դիրքերը միջազգային կառույցների և տարածաշրջանային առաջատար դերակատարների հետ հարաբերություններում, կարծում ենք՝ ակնհայտ է։

Основная тема:
Теги: