ՄՈՒՐՃԸ ԳՈՐԾԻ Է ԴՐՎԱԾ, Ո՞ՒՐ Է ԴԱԳԱՆԱԿԸ

Նիկոլ Փաշինյանին ընդդիմության հիմնական հարցադրումներից մեկը վերաբերում է հետպատերազմյան մեկ տարում Արցախ չայցելելուն։ Ենթադրվում է, որ նա կա՛մ ներքին վախերից, կա՛մ Ալիևի ուղղակի սպառնալիքից զգուշանալով՝ պարզապես խուսափում է Ստեփանակերտ այցելությունից, այն դեպքում, երբ շուտով անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Արցախ այցելելու։

Մինչդեռ Փաշինյանը գրեթե նույնատիպ զգուշավորություն է ցուցաբերում անգամ Հայաստանի «խնդրահարույց» մարզեր՝ Գեղարքունիք և հատկապես Սյունիք այցելությունների հարցում։ Պատերազմից ի վեր՝ անցած մեկ տարում, վարչապետը Սյունիքում եղել է ընդամենը երեք անգամ, որոնցից առաջինը հատկանշվեց Սիսիանից այն կողմ չանցնելով, երկրորդը՝ արդեն պատմական դարձած «սյունյաց ողջույնով»։

Մինչդեռ կարծես թե անվտանգության լրջագույն խնդիրների առջև կանգնած, թշնամու առաջ թիկունքն ամբողջովին բացած Սյունիքը պետք է զօրուգիշեր Հայաստանի առաջնորդի ուշադրության կիզակետում լիներ, նա էլ առնվազն ամիսը մեկ այցելեր Սիսիսան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, ու տեղերում ծանոթանար բնակիչների նոր հոգսերին։ Դրա փոխարեն իշխանությունն զբաղված է անհնազանդ համայնքապետերի կալանավորմամբ, սեփական թիմակիցներին պաշտոնակատար, ապա «ընտրված համայնքապետ» նշանակելով։

Փաշինյանի երրորդ ու վերջին այցը Սյունիք հունիսին էր՝ նախընտրական բնույթի։ Տևական նախապատրաստություններից հետո, մի քանի հարյուր քաղաքացիական հագուստով ոստիկանների ուղեկցությամբ, նա շրջում էր Սյունիքի համայնքներում՝ այնտեղ բեմադրելով իր աջակցության հանրահավաքներ, այլախոհ համայնքապետերին էլ ձեռքի մուրճով սպառնալով քաղաքացիական վենդետաներով։ Սյունիքին առնչվող այս մեկ նախընտրական խոստումն է դեռևս, որ անխաթար կյանքի է կոչվում։

Այդ հարցում նրա տրամադրության տակ ծառայամտության երկու խոշոր ներկայացուցիչ կա՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, որոնք Ֆեմիդայի փոխարեն, փաստորեն, զբաղված են մուրճի, պողպատե մանդատի և օրենքի դիկտատուրայի կամայական կիրառմամբ։ Ընդ որում, իրենց այդ քմահաճույքները չեն էլ թաքցնում։ Օրինակ, Կարեն Անդրեասյանը հայտարարում է, որ «ցավոք՝ Հայաստանում կա օրենք, այլապես ինքը կես ժամում վեթինգ կաներ»։

Իրերի բնական ընթացքն է, փաստորեն, երբ վարչապետն իրեն ուղղված սրտաբուխ խոսքերի հետքերով հրատապ Սյունիք է կանչում ուժայինների ղեկավարներին, անմիջական ցուցումներ տալիս, ապահովում պատժի անընդունելի ցուցադրականությունը, հետո էլ նախաձեռնում իրեն հրապարակայնորեն վիրավորելու քրեականացում։ Նախընտրական քարոզարշավին Փաշինյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, իրեն դիրքավորելով ոչ թե որպես վարչապետի թեկնածու, այլ պաշտոնակատար, սյունեցի համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերն անբավարար էր համարում։

Հայաստանի վավերացրած միջազգային մի շարք պայմանագրերի, ՀՀ Սահմանադրության և տասնյակ օրենքների այս բացեիբաց բռնաբարումները, ատելության խոսքի ու բռնության քարոզի անխնա տարածումը, հրապարակային սպառնալիքները Հայաստանի խոշոր հարկատուներին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին և «Գազպրոմ Արմենիային», բացի ընդդիմության և մամուլի դատապարտումներից՝ հանրային պարսավանքի չարժանացան։

Հիմնականում լուռ էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական և ամերիկյան դեսպանությունները, դիտորդական առաքելությունները, դե իսկ տեղական իրավապաշտպան գործակալական ցանցի մասին խոսելն անգամ ավելորդ է։

Նախընտրական շրջանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով քաղաքացիական բախումների վտանգի մասին, կոչ էր անում Փաշինյանի մուրճին դագանակ հակադրել։ Ենթադրվում է, որ խոսքը պայքարի համարժեք քաղաքական միջոցի մասին էր, որը, ցավոք, դեռևս տեսանելի չէ, ճիշտ հակառակը՝ խորհրդարանական ընդդիմադիր պայքարը քաղաքական մեծամասնության դեմ անպտուղ է, իսկ փողոցային ակտիվություն բացարձակ նկատելի չէ։