ԲԱՔՈՒՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՆ ԸՆԴԴԵՄ ԹԵՀՐԱՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ

Իրանն այսօր սկսում է իր ցամաքային զորավարժությունները Ադրբեջանի սահմանների մոտ։ Թեման լայնորեն քննարկվում է, ինչը կապված է զորավարժությունների առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտնած մտահոգության հետ։ Anadolu-ին տված հարցազրույցում նա վրդովված հարց է տվել, թե ինչու, իբր, Իրանն այնտեղ զորավարժություններ չէր անցկացնում նախկինում, երբ այդ սահմանային տարածքները վերահսկում էին հայկական ստորաբաժանումները։

Թեհրանից Ալիեվին պատասխանել են ինչպես պաշտոնապես՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության միջոցով, այնպես էլ ոչ պաշտոնապես՝ ԶԼՄ-ների միջոցով և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարների առանձին մեկնաբանություններով։ Նախ նշել են, որ զորավարժությունների անցկացման վայրի ընտրությունը իրենց ինքնիշխան իրավունքն է, և եթե երես առած լակոտ Ալիևը նվեր է ստացել Թուրքիայից՝ Արցախի մի մասի նկատմամբ վերահսկողության տեսքով, դա չի նշանակում, թե կարող է ինչ-որ բան պահանջել Իրանից։

Թեհրանում նաև հայտարարել են, որ Իլհամ Ալիևը շատ լավ գիտի, թե ինչու է Իրանը զորավարժություններ անցկացնում Ադրբեջանի սահմանների մոտ, և պետք է հասկանա, որ Իսրայելի հետ համագործակցությունը Բաքվին լավ օրի չի հասցնի, իսկ իսրայելական հետախուզության ներկայացուցիչների ներկայությունը Խուդաֆերինի ջրամբարի մոտ՝ առավելևս:

Իրանական ԶԼՄ-ներն իրենց հերթին հիշեցրել են Ալիևին, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, հավակնություններ չունի Իրանի նկատմամբ, Իսլամական Հանրապետության տարածքում չի ստեղծում իր գործակալական ցանցը, չի խոչընդոտում Իրանի հետ առևտրային կապերի զարգացմանը և մտադիր չէ վերաձևել սահմանները տարածաշրջանում:

Թեհրանում ընդգծում են, որ տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխություն անընդունելի է Իրանի համար: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքպուրն ի պատասխան Ալիևի հայտարարության՝ նշել է, որ Իրանի և նրա հարևան ու բարեկամ երկրների սահմանների անվտանգության հարցը փոխկապակցված է և մեծ կարևորություն ունի: Այսպիսով, Իրանը մատնանշում է իր դիրքորոշումը նաև «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի ու Էրդողանի ծրագրերի նկատմամբ։

Դե, և վերջապես, ԻԻՀ-ում Ադրբեջանի նոր դեսպանին հայտարարել են դեպի Արցախ բեռնափոխադրման պատրվակով իրանցի երկու վարորդների ձերբակալման անընդունելիության մասին…

Ալիևի հասցեին Թեհրանից հնչած կոշտ հայտարարությունները ժամանակային առումով համընկան Սոչիում Պուտինի և Էրդողանի հանդիպման հետ։ Գրեթե երեք ժամ տևած փակ բանակցություններին չի հաջորդել ո՛չ ճեպազրույց, ո՛չ էլ հայտարարություն ԶԼՄ-ների համար։ Հետևաբար, չնայած արտաքին բարյացակամությանը, երկու առաջնորդների միջև խոսակցությունը բարդ է եղել, ընդհանուր օրակարգի ոչ բոլոր հարցերի շուրջ են համաձայնության եկել, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում։ Փորձագետները նշել են, որ Պուտինի հետ Էրդողանի բանակցություններից անմիջապես հետո թուրքերը սկսել են դուրս բերել իրենց ստորաբաժանումներն Իդլիբից։

Խոսակցությունը չէր կարող չշոշափել նաև Լեռնային Ղարաբաղի թեման։ «Ռուսաստանյան կողմն ընդգծել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցում»,- մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևն իր հերթին հայտարարել է. «Շարունակում ենք աշխատանքը հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ՝ ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու դիմաց։ Եվ համոզված ենք, որ այդ գրգռիչների շուտափույթ վերջնական վերացումը կնպաստի Երևանի և Բաքվի հարաբերությունների առողջացմանը»։

Իսկ Էրդողանն ինքնաթիռում ասել է իր լրագրողներին, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստի տարածաշրջանում տնտեսական կապերին, և հավելել, որ «Հայաստանն էլ պետք է կատարի իր պարտավորությունները»։

Փաստորեն Պուտինն ու Էրդողանը խոսել են այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկեն Բաքուն, Երևանն ու Անկարան՝ տարածաշրջանում լարվածությունը լիցքաթափելու համար։ Բաքվի կողմից դա Հայաստան-Իրան ճանապարհով տարանցիկ բեռնափոխադրմանը չխոչընդոտելն է, ստորաբաժանումների դուրսբերումը Հայաստանի սահմանամերձ տարածքներից և, իհարկե, բոլոր հայ գերիների վերադարձը։

Անդրադառնալով ընդհանուր առմամբ տարածաշրջանային զարգացումներին՝ նշենք, որ ինչպես ռուս-թուրքական, այնպես էլ իրան-ադրբեջանական հարաբերություններում վերջին զարգացումները վկայում են, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ պահվածքը տարածաշրջանում հարուցում է մյուս դերակատարների արդեն անթաքույց նյարդայնությունը։ Եվ այդ մասին Անկարային ու Բաքվին հասկացնում են բնավ ոչ երկիմաստորեն։

Հ.Գ.-Էրդողանի հետ Պուտինի հանդիպումից հետո հաղորդագրություն ստացվեց, որ առաջիկայում Փաշինյանը կայցելի Մոսկվա։ Նշվում է նաև օրը. հոկտեմբերի 12։

Основная тема:
Теги: