ԻՆՉՊԵՍ ՇՔԵՂ ՆՎԵՐ ՊՈԿԵԼ ՉԱԳՈՒՃՈՎ…

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ հանրապետությունը «համաձայնել է նվեր ընդունել» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25%-ը (412250 բաժնետոմս՝ 20-հազարական դրամ արժողությամբ): Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության կայքում, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

Բաժնետոմսերը կառավարող լիազոր մարմինը լինելու է վարչապետի աշխատակազմը: Պայմանագրի կնքումն ու սեփականության իրավունքների պետական գրանցումը կատարվելու են 10-օրյա ժամկետում՝ նվիրատուի հաշվին։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. առնվազն կասկածելի է, որ ձեռնարկության բաժնետոմսերը տնօրինելու է վարչապետի աշխատակազմը, այլ ոչ թե Պետական գույքի կառավարման կոմիտեն։ Ուստի կարելի է ենթադրել, որ այդ շքեղ նվերն արվել է ոչ թե հայոց պետությանը, այլ անձամբ վարչապետին։ Իսկ նվերն իսկապես շքեղ է։ Դատեք ինքներդ, խոսքը 17 մլն դոլար ընդհանուր արժողությամբ բաժնետոմսերի մասին է…

Ինչ-ինչ, բայց նվերներ «պոկել» այս կառավարությունը, ավելի ճիշտ՝ դրա ղեկավարը, կարողանում է։ Փաշինյանի տվյալ տաղանդն ըստ արժանվույն գնահատելու համար, թերևս, բավական է հիշել ԶՊՄԿ-ի հետ անմիջականորեն կապված ընդամենը երկու դրվագ։

Առաջինը. այս տարվա հունիսի 16-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարեց. «Ես իրենց զգուշացրել էի մի քանի անգամ, որ չփորձեք աշխատողների նկատմամբ քաղաքական ներգործություն անել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինա՛տ, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու»: Ֆիզիկական հաշվեհարդարի սույն բացահայտ սպառնալիքն ուղղված էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը։ Երկրորդը. հուլիսի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, որով նախատեսվում է պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման հարկում 15-տոկոսանոց մաքսատուրքով: Այդ որոշման գլխավոր հասցեատերը նույնպես, ըստ էության, ԶՊՄԿ-ն էր։

Շատերն այն ժամանակ ենթադրեցին, որ և՛ չագուճը, և՛ 15-տոկոսանոց մաքսատուրքը ոչ այլ ինչ են, քան Փաշինյանի քաղաքական վենդետայի գործիքներ։ Բայց հիմա արդեն, թերևս, կարելի է խոսել այն մասին, որ կառավարության ղեկավարն այդ սխեմայով ուղղակի «նվեր էր պոկում» իր համար։ Եվ արդյունքում հասավ ուզածին։ Ասենք ուղղակի. տվյալ դեպքում չագուճը գործեց բավական արդյունավետ, ամբողջ 17 մլն դոլար օգուտով։

Ամեն դեպքում կոմբինատի բաժնետոմսերի մեկ քառորդն այսուհետ պատկանում է պետությանը՝ ի դեմս վարչապետի աշխատակազմի։ Որքան էլ տարօրինակ է, բայց լավագույն բանը, որ կարող է անել այդ աշխատակազմն ի նպաստ պետության շահերի, ստացած նվերը վաճառելն է։ Իհարկե, այստեղ ռիսկ կա, որ բաժնետոմսերը կարող են գնել, ասենք, թուրքական ընկերությունները, որոնք արդեն հետաքրքրություն են ցուցաբերել Ադրբեջանի կողմից բռնազավթված արցախյան տարածքներում գտնվող հանքավայրերի նկատմամբ։ Ինչպես օրերս հայտնել Է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը, թուրքական ընկերությունների հետ պայմանագրեր են ստորագրվել Լեռնային Ղարաբաղի տարածքում երեք հանքավայրերի շահագործման վերաբերյալ:

Հաշվի առնելով Փաշինյանի «խաղաղ օրակարգը»՝ չի բացառվում տեսանելի ապագայում արդեն մեր էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը, որ թուրքական ընկերությունները «հաղթականորեն» դարձել են ԶՊՄԿ-ի փայատերեր։ Եվ դա կարող է ներկայացվել որպես Երևանի կողմից Անկարային հղվող հերթական «դրական ազդակ»։

Այդուհանդերձ հավանականություն կա, որ կառավարությունը չի վաճառի նվեր ստացած բաժնետոմսերը։ Սակայն դա ամենևին էլ մխիթարական տարբերակ չէ ։ Բանն այն է, որ իր կառավարման մի քանի տարիների ընթացքում այս իշխանությունն ակներևաբար ցույց է տվել, թե ինչ բարբարոսաբար է տնօրինում բիզնեսից ստացած այդօրինակ «նվերներին»։ Դրա լավագույն օրինակը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի ճակատագիրն է, որը, վաճառելու անհաջող փորձերից հետո, մեկուսավայրի վերածեցին կորոնավիրուսով հիվանդների համար, ինչով գործնականում սպանեցին ծաղկուն բիզնեսը։

Կարելի է չկասկածել, որ տնօրինելով ԶՊՄԿ-ի պետական բաժնեմասին, ընդ որում՝ 25-տոկոս կազմող, վարչապետի աշխատակազմը մշտապես քիթը խոթելու է ընկերության գործերի և դրա կառավարման ընթացքի մեջ։ Իսկ դա հայկական գանձարանին ահռելի եկամուտ բերող ձեռնարկության կործանման տանող ամենաուղիղ ճանապարհն է։ Հիշեցնենք, որ կոմբինատն ավանդաբար առաջին հորիզոնականներն է զբաղեցնում երկրի խոշորագույն հարկատուների վարկանիշում, այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը վճարել է 26,8 մլրդ դրամ հարկ, այդ ցուցանիշով զիջելով միայն «Գազպրոմ Արմենիա»-ին:

Ավաղ, այժմ երկրի տնտեսության համար հսկայական նշանակություն ունեցող այդ օբյեկտի մեկ քառորդին տնօրինելու են նրանք, ովքեր պետական գույքին վերաբերվում են ինչպես երեխան՝ խաղալիքին. կոտրեն, տեսնեն, թե ինչ կա ներսում, քչփորեն դետալները: Ընդ որում ձեռքի տակ արդեն «կախարդական» չագուճ ունեն