Հայկ ՔՈԹԱՆՋՅԱՆ․ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ և ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ եվ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ-ՏԵՂԱՆՎԱՆԱՅԻՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հարցազրույց գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, քաղաքագիտության պրոֆեսոր /պետութենագիտություն - անվտանգության ռազմավարական հետազոտություններ/ Ռուսաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Հայկ Քոթանջյանի հետ։
Հարգելի դոկտոր Քոթանջյան, ինչպես կմեկնաբանեք 2020 թ. աշնանը Արցախի դեմ իրականացված ադրբեջանա-թուրքական ջիհադական ագրեսիայից շուրջ մեկ տարի անց տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, այդ թվում սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հնարավոր գործընթացի առնչությամբ։
Անցյալ տարի Հայաստանի և ԼՂՀ դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ջիհադական ռազմական 44-օրյա ագրեսիայից հետո, միջազգային պրակտիկայում աննախադեպ սրընթաց ընթացքի մեջ է դրվել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը։ Ընդ որում, դա արվում է ի հեճուկս ԵԱՀԿ Քարտուղարության կողմից երաշխավորված սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի սկզբունքների, Ցեղասպան ագրեսիայի նախաձեռնողների կողմից իականացվող ճնշումների հետևանքով առաջացած օրինակը չունեցող արագացումը ուղեկցվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո գտնվող կարգավորման գործընթացը խափանելու փորձերով: Գործընթաց, որը հաշվի է առնում 1991 թվականին ԼՂՀ ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված փաստի օրինաչափությունը։
Բաքվի իշխանությունները Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ներառելու իրենց հավակնությունների հիմնավորման համար հղում են տալիս ադրբեջաներեն տեղանուններին, որոնք իբրև թե ունեն դարավոր պատմություն։ Ադրբեջանը զգալի տեղ է հատկացնում այն կեղծ դրույթին, թե հայերը եկվոր են և Հայաստանի ու Արցախի տարածքում հայտնվել են միայն 19-րդ դարի առաջին քառորդում։ Ադրբեջանը միտումնավոր կերպով շրջանցում է փաստաթղթային արձանագրում ունեցող այն փաստը, որ 19-րդ դարի առաջին երեք տասնամյակներին Արևելյան Հայաստանը բնակեցվել է մահմեդական բնակչությամբ։ Այս հարցում իր նվաճողական աշխարհառազմավարական շահերի առաջ մղման համար Ադրբեջանը օգտագործում է 19-րդ դարի առաջին քառորդում Արցախի քարտեզներում թյուրքական տեղանունների հայտնվելու փաստը, ինչն ի հայտ է եկել Արցախը Ռուսական Կայսրությանը միացումից հետո:
Դա ներկայացվում է որպես ապացույց այն բանի, որ ադրբեջանցիները Արցախի տարածքում եղել են բնիկներ։ Բաքվի իշխանությունների կողմից փորձ է արվում այս փաստարկը ակտիվորեն շրջանառել միջազգային հարթակներում հատկպես ԼՂՀ-ի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո ընկած ժամանակաշրջանում; Մեդիացանցային տիրույթում տվյալ քաղաքական-քարոզչական արտահոսքների նպատակն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետռազմական փուլում ադրբեջանամետ տրամադրությունների ստեղծումը։ Այս պայմաններում ԼՂՀ-ի և ՀՀ-ի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար հատուկ կարևորություն է ստանում քարտեզներում թյուրքական տեղանունների ի հայտ գալու իրողության բացահայտումն ու գիտական առարկայական վերլուծությունը ոչ միայն քաղաքագիտական-պատմագիտական առումով, այլ նաև անվտանգային-քաղաքական տեսանկյունից։
Խնդրում եմ ներկայացրեք այս խնդրի առնչությամբ Ձեր կողմից ղեկավարվող ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի դեռևս 2014 թ. կատարած հետազոտությունները։
ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտն անվտանգային քաղաքագիտության տեսակետից վերլուծել է այս խնդիրը՝ ներգրավելով պատմական փաստերի ու արխիվային փաստաթղթերի համընդգրկուն համալիր։
Մեր կոլեկտիվ մենագրության մեջ, հիմք ընդունելով փաստական նյութի գիտական վերլուծության համակարգային մոտեցումը, ներկայացված են Հայաստանի և Արցախի ժողովրդագրական պատկերը 19-րդ դարի առաջին քառորդում և Հայաստանի և ԼՂ տեղանունների կերպափոխումների փաստական դինամիկան։ Աշխատությունը բաղկացած է հիմնական նյութից, ուղեկցող գիտական-փորձաքննական զեկույցներին և կից, որպես հավելված ներկայացված փաստագրական վավերագրական նյութերից։ Խնդրի էությունը և դրա հիմնական բաղադրիչները շարադրված են համակարգային աղբյուրագիտական ուսումնասիրության մեջ՝ հիմնված հայկական, հունական, հռոմեական, բյուզանդական, պարսկական, արաբական, վրացական և ռուսական սկզբնաղբյուրների վրա:
Կից մշակումներում վերլուծված են այն հիմնական ոլորտները, որոնք անմիջականորեն պայմանավորել են Հայաստանում և Արցախում տեղանունների համակարգի՝ եկվոր թյուրքերի կողմից աղավաղումների առաջացումը։
Հավելվածում ներկայացված են փաստաթղթեր, ինչպես նաև սկզբնաղբյուրների նշանակություն ունեցող գրավոր վկայություններ, որոնք հաստատում են Արևելյան Հայաստանի տեղանունների հայկական տարբերակների պատմական առաջնայնության անաչառ գիտական-փորձագիտական անհերքելիությունը: ։
Սկզբունքային նշանակություն ունի այն իրականության անառարկելի հաստատումը, որ սեփական տեղանունների ուսումնասիրության համար Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, չունի ադրբեջանական միջնադարյան սկզբնաղբյուրներ: ։ Ադրբեջանական տեղանունների մանիպուլյացիաներում կիրառվում են տեղանունաձևեր, որոնք առաջացել են 19-20-րդ դարերում, կամ էլ հանդիսանում են հայկական տեղանունների աղավաղումներ։
Ուսումնասիրության հիմքում դրված արխիվային նյութերից հարկ է առանձնացնել հայկական գյուղերին պատկանող հայերեն բնօրինակներով բերված պայմանագրերը, որոնք ենթարկվելով Գանձասարի կաթողիկոսությանը, վարձակալության հիմքունքներով տրամադրվել են 1817 թվականին Արցախում բնակություն հաստատած մահմեդական ցեղախմբերի առաջնորդներին, Գանձասարին հարկ վճարելու սկզբունքով։
Առանձնակի գիտական արժեք են ներկայացնում բնօրինակներով կամ պատճեններով պահպանված 16-19-րդ դարերի վավերագրերը: Տվյալ փաստաթղթերում պահպանվում են Արցախի հայկական այն տեղանունները, որոնք նախորդել են ռուսական իշխանությունների կողմից տարածքների նկարագրություններում օգտագործված տեղանունաձևերին: Նշված սկզբնաղբյուրներով հաստատվում է այն իրողությունը, որ բնօրինակ հայկական տեղանունների թյուրքական աղավաղումները ի հայտ են եկել ռուսական տեղական պաշտոնյաների կողմից 19-րդ դարում Արցախում հաստատված մահմեդական ցեղախմբերի նորեկ առաջնորդների բանավոր հարցումների գրառմամբ։
Ներկայացված են նաև 19-րդ դարի փաստաթղթերի պատճենները, որոնք նկարագրում են Արցախ մահմեդական բնակչության հոսքը 19-րդ դարի առաջին քառորդում։ Հավելվածում տեղակայված են նաև «Ղարաբաղյան նահանգի կամերալ նկարագրության» հեղինակների մեկնաբանությունները, որում նրանք խոստովանում են Արցախում 1823 թվականին ռուսական իշանությունների ցուցումով իրականացված նկարագրման հապշտապությունը։ Այդ մեկնաբանություններում պաշտոնյա գրագիրները նշում են, որ տվյալ աշխատանքն իրականացնելիս՝ նրանք ոչ թե գնացել են բնակավայրեր ու հարցուփորձ արել բնակիչներին, այլ հիմնականում հենվել են բանավոր հաղորդումների վրա, որոնք արվել են նորաբնակ մահմեդական բեկերի կողմից։ Խոսքը գնում է արձանագրումների հիմք հանդիսացող բանավոր հաղորդումների հեղինակ այն թյուրքալեզու բեկերի մասին, որոնք 19-րդ դարում տիրացել են հայ մելիքների հողերին: Այսպիսով աղբյուրագիտական հետազոտությամբ փաստագրվում է այն, որ հետագա քարտեզների պատրաստության համար հիմք են հանդիսացել աղավաղված տեղանունաձևերը:
Հատուկ կարևորություն են ներկայացնում մեր կողմից առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրված Արցախի բնակչության 1832-33 թվականներին անցկացված առաջին մարդահամարի տվյալները: Վերջիններս գիտական-փաստագրական առումով ճշգրտորեն լուսաբանում են ողջ Ղարաբաղի նահանգի տեղանունային համակարգն ու ժողովրդագրական պատկերը։ Այդ մարդահամարի տվյալների համաձայն, Արցախի բնակչությունը շարունակում էր մնալ հայկական, այն դեպքում, երբ մահմեդական բնակչությունը կազմում էր բացարձակ փոքրամասնություն։ Բերված փաստաթղթերը հաստատում են նաև այն փաստը, որ Ղարաբաղյան նահանգում մահմեդական բնակչությունը ժամանակավորապես մեծամասնություն է կազմել միայն 1812-27 թթ տարբեր տեղերից եկած, այդ թվում նաև 1827 թվականին հիմնականում Դաշտային Ղարաբաղը բնակեցրած մահմեդական վաչկատուների հաշվին։
Մեր հետազոտության վերջում բերված են եզրակացություններ, որոնք կարող են դիտարկվել որպես գիտական-փորձաքննական խորհրդատվություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար, ովքեր վերահաստատել են իրենց պատրաստակամությունը, շարունակելու քննարկել ղարաբաղյան կարգավորման խնդիրները՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020 թվականին ԼՂՀ և ՀՀ դեմ իրականացված ջիհադիստական ագրեսիան, որը իրականացվել է ուժի և ուժի կիրառման սպառնալիքի չկիրառման սկզբունքի խախտմամբ:
Ինչպիսի դեր կարող է կատարել այս հետազոտությունը Մինսկի խմբի շրջանակներում վերսկսվող բանակցություններում
Արցախի տեղանունային համակարգի գիտական հետազոտությունն ունի կարևոր նշանակություն ոչ միայն քաղաքագիտական-պատմագիտական տեսանկյունից, այլ նաև միջազգային-անվտանգային առումով։
Սահմանների դելիմիտացիային վերաբերող բանակցություններում Ադրբեջանի հավաստիացումներն ու հավակնությունները՝ թյուրքալեզու տեղանունների հղմամբ, աղբյուրագիտական առումով անհիմն են, քանի որ ադրբեջանական սկզբնաղբյուրներ գոյություն չունեն, իսկ այլալեզու աղբյուրներում թյուրքալեզու տեղանունները բացակայում են։
Ադրբեջանը Արցախի պատմության կեղծման ընթացքում ակտիվորեն օգտագործում է թյուրքալեզու տեղանունաձևերը, որոնք ներկայացված են միայն 19-20-րդ դարերի քարտեզներում։ Հայկական բնիկ տեղանունները, լինեն դրանք բնակավայրերի, հոգևոր կառույցների, շրջանների, լեռների կամ գետերի տեղանուններ, հիշատակվում են հայկական աղբյուրներում անխափան կերպով սկսած 5-րդ դարից մինչև 20-րդ դար։ Հայկական տեղանունաձևերի մասին տվյալները պարունակվում են հայկական վիմագիր նյութերում, եկեղեցական կալվածագրքերում, թեմական հրամանագրերում։ Արցախի հայկական տեղանուններն արձանագրված են նաև հայկական, հունական, հռոմեական, բյուզանդական, պարսկական, արաբական, վրացական և ռուսական սկզբնաղբյուրներում։
Արցախում և Հայաստանում պարսկական և օսմանյան տիրապետության հետևանքով նախկին հայկական տեղանունների աղավաղմամբ առաջացած նոր համակարգը չի առաջացել բնակչության էթնիկ կազմի փոփոխությունից։ Արևելյան Հայաստանում հայկական տեղանունաձևերի հազարամյա գոյության երաշխիք է հանդիսացել ազդեցիկ աշխարհիկ և եկեղեցական իշխանության առկայությունը, հարուստ հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։
Այսպիսով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերակսման շեմին, որը հաշվի է առնելու նաև թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքները, որպես գիտական-փորձաքննական խորհրդատվական աղբյուրներից մեկը նպատակահարմար է կիրառել ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի սույն հետազոտությունը, որի արդյունքները հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի համար կարող են դառնալ նախահիմք։