ԱՆԱՏԱՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԱՆՑՅԱԼԻ ՀՈ՞ՒՇ Է

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ ընտրողին արդեն ծանոթ և կամ նորելուկ ընդդիմադիր քաղաքական ուժերի ակտիվությունն սպասելի էր։ Կանխատեսելի էր նաև, որ խորհրդարանից, իսկ որոշ դեպքերում՝ առհասարակ ասպարեզից լուսանցք մղված կուսակցությունները պետք է ընդդիմադիրի դրոշակով հանդես գային և հակաիշխանական խրոխտ տեքստեր հնչեցնեին։ Բայց վերջերս համապետական արտահերթ ընտրության բովով անցած միջին ընտրողի հիշողությունն, ամեն դեպքում, թարմացնել է պետք։

Արտահերթին իշխանության վերարտադրությունը մի կողմ, խորհրդարանական քաղաքական համակարգում շատ կարևոր երևույթ էր ընդդիմափոխությունը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ որպես ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ձևավորումն ու կոշտ ընդդիմախոսությունը, ստվերեցին յոթերորդ գումարման խորհրդարանում երկու այլ ընդդիմադիր խմբակցությունների երբեմնի աշխատանքը։

Երկուսուկես տարի շարունակ՝ 2019-ի հունվարից 2021-ի հուլիս, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները մի շարք սկզբունքային հարցերում կարևորագույն պահերին այդպես էլ չցուցաբերեցին իրական ընդդիմադիրի որակներ և գործեցին իբրև իշխանության կցորդ։ Տասնյակ այդպիսի դրվագներ կարելի է հիշել, թե ինչպես են թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն փոխանցումներով, օրինակ՝ խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ, խոսույթ բացել Փաշինյանին ձեռնտու որևէ թեմայի շուրջ։

2020-ի փետրվարին «Լուսավոր Հայաստանը» սահմանադրական հանրաքվե նշանակելու ապօրինի որոշումն ուզում էր վիճարկել ՍԴ-ում, բայց չուներ բավարար թվով ստորագրություններ։ ԲՀԿ-ն չմիացավ նրան՝ ակնհայտորեն սպասարկելով իշխանությանը։ Այդ ժամանակ Ծառուկյանը դեռևս իշխանափոխության մասին չէր խոսել, մինչև վերջ գնալու տղամարդկային խոստումը հերթական անգամ չէր տվել, ապա դրժել։ Արդյունքում՝ հանրաքվեն չեղարկվեց համավարակի տարածման և ոչ թե ՍԴ դիմելու պատճառով։

Արդեն 2020-ի հուլիսին, երբ ապօրինաբար փոփոխվեց ՍԴ կազմը, տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ ԲՀԿ-ն որոշեց դիմել ՍԴ, ստորագրահավաքի համար պակասում էր ընդամենը մեկ անուն, այս անգամ «Լուսավոր Հայաստանը» չմիացավ ԲՀԿ-ին՝ հղում անելով Ռոբերտ Քոչարյանի գործի՝ ընթացի մեջ լինելուն, և սպասարկելով օրվա իշխանությանը։

Իսկ այս ուժերի շատ ընտրողներ մոլորության մեջ էին՝ կարծելով, որ եթե Էդմոն Մարուքյանին խորհրդարանի ամբիոնի մոտ ծեծում են, իսկ Գագիկ Ծառուկյանին՝ մեկ-երկու ամսով ազատազրկում, ուրեմն նրանք չեն կարող իշխանության հետ պայմանավորվել։ Փաստորեն, հենց նրանք պայմանավորվեցին այս իշխանության հետ արտահերթի օրվա և այլ հանգամանքների շուրջ, բայց ճակատագրի հեգնանքով՝ երկուսն էլ դուրս մնացին խորհրդարանից։

Արտահերթը հազիվ ավարտված՝ և՛ Ծառուկյանը, և՛ Մարուքյանն շտապեցին Փաշինյանի մոտ, սեղմեցին նրա ձեռքը, իսկ հիմա, եթե անգամ ասպարեզում են, նրանցից քննադատական խոսք բացարձակ լսելի չէ։ ԲՀԿ-ն, որ ընդամենը կես տարի առաջ իրեն երկրորդ քաղաքական ուժ էր հռչակում, նույնիսկ ՏԻՄ ընտրություններին չի մասնակցելու, թեև Ծառուկյանը պնդում է, որ շարունակում է կարևոր ներքաղաքական դերակատար լինել։ ԼՀԿ-ն ուժերը կփորձի Վանաձորում։

Իհարկե, ՏԻՄ ընտրությունները ներքաղաքական լուրջ մրցակցության թատերաբեմ, որպես կանոն, չեն դառնում (բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների), քանի որ համայնքների բնակիչներն առավելաբար կողմնորոշվում են թեկնածուների անձնային որակների, ոչ թե քաղաքական պատկանելության սկզբունքով։ Ամեն դեպքում, վերջին երեքուկես տարում՝ սկսած Երևանի դրածո քաղաքապետից, շատերն են տեսել ու համոզվել, թե ինչ է լինում ՏԻՄ-երում իշխանության թիմակից թեկնածուին ամեն գնով անցկացնելու դեպքում։

Ուստի չափազանց կարևոր է, որ ընտրողը, որ համայնքում էլ լինի, հստակորեն տարբերակի իրական ու ցուցափեղկային ընդդիմադիրներին, որոնք ստեղծված են բացառապես մեկ նպատակով, ինչպես և ԱԺ արտահերթ ընտրությանը՝ ձայներ կորզել իրական ընդդիմությունից և ապահովել հերթական համայնքի ՔՊ-ական զավթումը։