ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՓԵՂԿԱՅԻՆ ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ

Արտահերթի նախընտրական ամբողջ ժամանակաընթացքում ընդդիմադիր անվանյալ բոլոր 25 ուժերին լրագրողական հանրույթը հարցադրում էր անում՝ ՔՊ-ի հաղթանակի դեպքում հնարավոր համարո՞ւմ են կոալիցիան նրա հետ։ Հանրայնորեն տրված խոստումը և անգամ ընդդիմադիր ուժերի միջև հնարավոր հուշագրի կնքումը, որը չէր բացառվում, ճիշտ է, երկաթյա երաշխիք չէ՝ հաշվի առնելով նախկին քաղաքական փորձառությունը, ամեն դեպքում՝ գոնե բարոյական պարտավորություն էր դնում մասնակից ուժերի վրա՝ հետընտրական պատասխանատու վարք դրսևորելու։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ բացառապես երկու ընդդիմադիր միավոր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշիքներն են բացառում ՔՊ-ի հետ կոալիցիան, և եթե նույնիսկ այդ մասին չհայտարարեին, դա պարզ էր։ Մնացած բոլոր քաղաքական ուժերը՝ առանց բացառության, որքան էլ կտրուկ և արմատական ելույթներ ունենային, բանտարկվեին կամ ծեծ ուտեին ԱԺ-ում, պարզապես փորձում էին իրենց ավելի թանկ վաճառել։

ԲՀԿ-ն 14 տարում առաջին անգամ չանցավ խորհրդարան՝ զրկվելով իշխանության և իրական ընդդիմության միջև բուֆերի երկարամյա դերից։ Ու թեև նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում մի քանի անգամ ասել էր, թե բացառում է ՔՊ-ի հետ կոալիցիան, հաշվի առնելով ԲՀԿ-ի անցած ճանապարհը և այդ ուժի առանձնահատկությունը՝ փորձագիտական և լրագրողական դաշտը դա չէր բացառում։ Ինչպես հետո պարզվեց, ոչ առանց հիմքի, քանի որ անգամ ԱԺ չանցնելուց հետո Ծառուկյանը մի տեսակ ներքին բարոյական պարտավորություն է զգում Փաշինյանի հանդեպ և խուսափում է նրան ընդդիմախոսելուց։

ԼՀԿ-ի պես նորահայտ ուժը, որն անհասկանալի հանգամանքների բերումով ԱԺ անցած երեք խմբակցություններից մեկն էր երկուսուկես տարի շարունակ, նախընտրական շրջանում խոսում էր ազգային համաձայնության կառավարությունից, ինչը մեխանիկորեն ենթադրում էր ՔՊ-ի հետ համատեղ պաշտոնավարում այդ կառավարությունում։ Ե՛վ Մարուքյանը, և՛ Ծառուկյանը հետընտրական փուլում հրապարակայնորեն հանդիպեցին Փաշինյանին, ողջունեցին ընտրությունների արդյունքներն ու անգամ քննարկեցին համագործակցության ուղիները։

Դե իսկ ամենասրտաճմլիկն, իհարկե, ընդդիմադիրի քողի տակ դաշտն զբաղեցրած այն մարգինալ ուժերի պահվածքն էր, որոնք միասին ավելի քան հարյուր հազար ձայն փոշիացրին՝ պարտության բեռը հիմնականում լղոզելով բոլոր նախկին իշխանությունների միջև։ «Ո՛չ նախկին, ո՛չ ներկա» կարգախոսներով մոլորեցնելով ընտրազանգվածին և որպես տրոյական ձի օգտագործվելով՝ արտահերթից հետո դրանք նետվեցին պահեստ՝ մինչև հաջորդ ընտրություններ։ Ճիշտ է, հընթացս, երբ կարիք կա, խոնարհ հարսների դեմքով պարբերաբար հավաքվում են Նիկոլ Փաշինյանի մոտ՝ որպես արտախորհրդարանական քաղաքական ուժերի խորհրդակցական մարմնի անդամներ, և իրենց ծառայություններն են առաջարկում իշխանությանը։

Բնույթով մարդ-կուսակցություն այդ հաճախորդների շարքը բավական ստվար է՝ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյան, ռոմանտիկ զույգի բաժանված առաջնորդներ Լևոն Շիրինյան և Արման Բաբաջանյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան, «Քաղաքացու որոշում» կուսակցության արդեն նախկին ղեկավար Սուրեն Սահակյան, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյան և դրան վերջերս անդամակցած Տիգրան Արզաքանցյան, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյան, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյան, Ազատական կուսակցության նախագահ Սամվել Բաբայան։

Առաջիկա ՏԻՄ ընտրություններից, ինչպես և առհասարակ ներքաղաքական պայքարից առաջ պետք է համակ ուշադրությամբ գույքագրել ընդդիմադիր դաշտը, պարզություն մտցնել դրանում, բյուրեղացնել, բացառել իշխանության դրածո ցուցափեղկային քաղաքական ուժերի ակտիվությունը՝ ի հաշիվ իրական ընդդիմադիրների՝ այդկերպ ընտրողին էլ պատկերացում տալով, թե ով ով է։