ԿԱՊԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՎԵՐՋԻՆ ԲԱՍՏԻՈՆՆ Է

Ավագանու հրաժարականի պատճառը «քաղաքական ճգնաժամն» էր

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի սկանդալային կալանավորումների, ինչպես նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին, Քարահունջ և Որոտան տարածքային միավորների ղեկավարներին ներկայացված մեղադրանքների խորապատկերին Կապանի մասին միառժամանակ մոռացան:

Մոռացան ոչ թե անփութության հետեվանքով, այլ ելնելով այն հանգամանքից, որ Գևորգ Փարսյանի լիազորությունների ժամկետը լրանում է ոչ ընթացիկ տարում։ Ուստի շատերը համարեցին, որ ներկայիս ՏԻՄ ընտրությունները չեն վերաբերելու Կապանին։ Գործնականում պարզվեց, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Իշխանությունը, գործելով պարտիզանական մեթոդներով, յուրաժամանակ «ապահովեց» Կապան համայնքի խորհրդի 8 անդամների հրաժարականը։ Այդ հրաժարականները (օրինական հիմքով) հանգեցրին այս տարի արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության։ Աղմկահարույց կալանավորումներից հետո Կապանը ընդդիմության վերջին բաստիոնն է…

Ի տարբերություն Սյունիքի մյուս ղեկավարների, Փարսյանին չկարողացան մեղադրանք ներկայացնել ծառայողական դիրքը չարաշահելու և ընտրողների վրա ճնշում գործադրելու մեջ։ Կապանում հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն իշխանությունը չհամակերպվեց որպես համայնքի ղեկավար Փարսյանի պաշտոնավարման հետ։ Նրան հիշեցրին համակիրներին ուղղված կոչը՝ ոչ մի դեպքում չքվեարկելու Նիկոլ Փաշինյանի կուսակցության օգտին, և սկսվե՜ց։

Սկզբում ավագանու անդամներին հրահրեցին սաբոտաժի, այնուհետ սկսվեց չհայտարարված քարոզչությունը։ Իշխող կուսակցությունը դե ֆակտո ընտրությունների գործուղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Կապանի բնակիչ Դավիթ Դանիելյանին։ Այդ մասին հայտնի դարձավ, երբ պատգամավորի այցելությունները հայրենի քաղաք սկսեցին սքողված քարոզչության ուրվագծեր ստանալ։

Երբ այդ տեղեկությունները արտահոսեցին մամուլ, Դանիելյանը դեռ որոշ ժամանակ շարունակում էր ձևացնել, թե պարզապես այցելում է հարազատներին։ Կապանում տիրող իրական վիճակի և ավագանու անդամների հրաժարականի պատճառների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Ի պատասխան՝ Դանիելյանը հայտարարեց, թե հրաժարականների պատճառը «քաղաքական ճգնաժամն» է, որը պայմանավորված է նրանով, որ Փարսյանը, իբր, չի վայելում համայնքի բնակիչների հարգանքը: Պատգամավորի խոսքերով՝ հարգանքի բացակայությունը դրսևորվել է նրանով, որ կապանցիները չեն հետևել Փարսյանի նախընտրական կոչին և քվեարկել են Փաշինյանի կուսակցության օգտին:

Այս բացատրությունը «սրա՛ն էլ հասանք» շարքից է։ Ստացվում է, որ ավագանու անդամները լքել են քաղաքապետին այն բանի համար, որ նա չի չարաշահել վարչական ռեսուրսը և ճնշում չի գործադրել համայնքի բնակիչների վրա՝ ստիպելով նրանց չքվեարկել Փաշինյանի կուսակցության օգտին։ Այ, եթե Փարսյանը վարվեր այնպես, ինչպես վարվում էին մարզպետներն ու նրանց աշխատակազմի անդամները՝ քշելով մարդկանց Փաշինյանի նախընտրական հանրահավաքներին, ապա Կապանի ավագանին հարգանքի արժանի կհամարեր քաղաքապետին ...

Մարզպետ Մելիքսեթին վստահում են, իսկ Փարսյանին՝ ո՞չ

Հունիսի 20-ի ընտրություններից հետո Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը խզել է աշխատանքային հարաբերությունները Կապանի վարչակազմի հետ:

Այլ կերպ ասած՝ մարզպետը սաբոտաժի է ենթարկում պետական սուբսիդիաների հատկացումը համայնքին։ Դանիելյանը մեկնաբանեց դա հետևյալ կերպ. «Երբ մի քանի տարի առաջ կապանցիներն ընտրեցին Փարսյանին, նրանք չէին կռահում, որ մի քանի տարի անց այդ մարդը հանդես է գալու Ռոբերտ Քոչարյանի օգտին և նրան հայտարարելու է շատ լավ ու պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ»: Դանիելյանն, ըստ էության, բացահայտեց իշխանության իրական շարժառիթները։ Համայնքի ղեկավարի պաշտոնից Փարսյանին որոշել են վաղաժամ պաշտոնանկ անել քաղաքական պատճառներով։ Ռեժիմը որոշել է ծախսել պետական փողերը լոկ այն պատճառով, որ Կապանի քաղաքապետը երկրորդ նախագահին համարում է լավ ղեկավար։

Այլ կերպ ասած, պատգամավոր Դանիելյանը խոստովանում է, որ իշխանությունը որոշել է Կապանում արտահերթ ընտրություններ անցկացնել զուտ այն պատճառով, որ քաղաքապետի քաղաքական համակրանքը չի համընկնում իշխող ռեժիմի քաղաքական համակրանքի հետ։ Երբ Դանիելյանին հարց տվեցին ավագանու անդամների հրաժարականի գործում իր անձնական ավանդի մասին, նա չժխտեց, որ անձամբ հանդիպել է նրանց հետ և հաստատեց, որ ավագանին հրաժարականի որոշում է կայացրել՝ ելնելով նրանից, որ քաղաքում «քաղաքական ճգնաժամ» է։

Այսինքն եթե քաղաքապետն ընդդիմադիր հայացքներ ունի, ապա դա ճգնաժա՞մ է։ Իսկ ինչպե՞ս էին հանրապետականների կառավարման տարիներին տեղական իշխանության ղեկավարներ դառնում կոմունիստները, դաշնակցականները, ԲՀԿ-ականները և ընդդիմադիր այլ կուսակցությունների անդամներ, որոնք առաջադրում էին իրենց թեկնածուներին ընդդեմ իշխող ուժի թեկնածուների և հաղթանակ տանում նրանց նկատմամբ։ Եթե Փարսյանը չի չարաշահել վարչական ռեսուրսը, եթե ճնշում չի գործադրել ընտրողների վրա, ապա ինչո՞վ է պայմանավորված քաղաքական ճգնաժամը։ Քաղաքապետի քաղաքական համոզմունքներո՞վ։ Դրա համար հիմա պաշտոնա՛նկ են անում՝ ավագանու անդամների արհեստականորեն սարքած հրաժարականների և արտահերթ ընտրությունների միջոցով։

Փարսյանը բանակցություններ է վարում

Դանիելյանն ասում է, թե համայնքի բնակիչները չեն վստահում Փարսյանին։ Մարզպետ Մելիքսեթին, որը մայիսի 12-ին միտումնավոր ստեց Սև լճի տարածք ներթափանցած զավթիչների թվաքանակի մասին, կապանցիներն ուրեմն վստահում են, իսկ Փարսյանին՝ ո՞չ։ Մարզպետ Մելիքսեթին, որի որդին փախուստի մեջ է՝ մի խումբ անձանց դեմ հրազենով մահափորձի մեղադրանքով, կապանցիները վստահում են, իսկ Փարսյանին՝ ո՞չ։ Մի տեսակ «տարօրինակ» կապանցիներ են…

Երբ լրագրողները Դանիելյանին մեղադրեցին սքողված քարոզչություն իրականացնելու մեջ, պատգամավորը պատասխանեց, թե անում է ամեն ինչ՝ Կապանում ճգնաժամը վերացնելու համար: Օրերս Փարսյանը հաստատեց, որ Դանիելյանը հանդիպում է քաղաքի բնակիչների հետ, ծանոթանում նրանց խնդիրներին և նույնիսկ ինչ-որ խոստումներ տալիս. մի խոսքով՝ փորձում է վերացնել «քաղաքական ճգնաժամը»։ Եթե Դանիելյանը դառնա իշխանության դե յուրե թեկնածուն, այսինքն գլխավորի Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը, ապա ակնհայտ կդառնա, որ այսօր նա ոչ պաշտոնական քարոզչություն է իրականացնում, ինչպես իր կուսակցական բոսսը ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ։ Դատելով ամենից՝ այդպես էլ կլինի։ Ակնհայտ է խախտումը, բայց հետո՞ ինչ։

Հիշո՞ւմ եք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի «հանճարեղ» պատասխանը ընդդիմության այն բողոքներին, որ Փաշինյանը սկսել է քարոզչությունը օրենքով սահմանված ժամկետներից շատ առաջ։ Մուկուչյանը պատասխանեց, որ ԿԸՀ-ն ընտրական օրենսդրության խախտումներն արձանագրում է միայն պաշտոնական քարոզչության փուլում: Այ այդպե՛ս։

Իրեն հասցեագրված բոլոր կշտամբանքներին Դանիելյանը պատասխանում է, թե հայրենի քաղաք է այցելում որպես ԱԺ պատգամավոր, նույն կարգավիճակով է նաև հանդիպում ու զրուցում բնակիչների հետ, խորանում նրանց խնդիրների մեջ: Մի խոսքով, ամեն ինչ օրինական է, եթե հաշվի չառնենք, որ այդ այցերը ոչ միայն թաքնված քարոզչության, այլև կանխարգելիչ բնույթ են կրում։ Փարսյանին բացահայտ հասկացնել են տալիս, որ նա կարող է արժանանալ Սյունիքի շնորհազրկված ղեկավարների ճակատագրին, ուստի չարժե, որ առաջադրի իր թեկնածությունը։

Եթե Փարսյանը հրաժարվի ընտրություններին մասնակցելուց, ապա նրան կարելի է հասկանալ. Սյունիքի տեղական մակարդակի գրեթե բոլոր ղեկավարներն անցել են բանտի և նվաստացուցիչ հարցաքննությունների միջով։ Չխնայեցին նույնիսկ Քարահունջ վարչական միավորի կին ղեկավարին՝ Լուսինե Ավետյանին։ Ազատազրկման միջոցով նրան ստիպեցին կեղծ ցուցմունքներ տալ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և նրա տեղակալ Մենուա Հովսեփյանի դեմ։

Առաջիկա ծրագրերի մասին բոլոր հարցերին Փարսյանն առայժմ պատասխանում է, որ բանակցություններ է վարում։ Նա չի բացառում, որ ընտրություններում կգլխավորի ընդդիմադիր կուսակցություններից մեկի ցուցակը, բայց թե հատկապես որի՝ առայժմ չի նշում

Основная тема:
Теги: