Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ ԻՐԱՆԸ ՍԽԱԼՄԱՄԲ ՈՂՋՈՒՆԵՑ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՐԿՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԷՐ ԻՍՐԱՅԵԼԸ
2020 թվականի Արցախյան պատերազմի սկզբում իրանական դիվանագիտությունը մասամբ սխալվեց. Թեհրանը ողջունեց երկրի ռազմական հաջողությունները, որոնք դրան հասան Իսրայելի որոշիչ աջակցության շնորհիվ: Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Իրանում կարծում էին, որ առանց հյուսիսային հարևանների հետ հարաբերությունները չսրելու, ապագայում կկարողանան համաձայնության գալ», - նշեց նա: Նրա համոզմամբ՝ այժմ բոլորի համար պարզ է դարձել, որ ղարաբաղյան հակամարտությունը կտրուկ տարբերվում է հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտություններից. այն ունի ոչ միայն տեղական, այլև տարածաշրջանային նշանակություն:
Պատերազմը բացահայտեց տարածաշրջանի բոլոր խաղացողների և ոչ տարածաշրջանային ուժերի խաղաթղթերը, որոնք նույնպես շահեր ունեն այստեղ (ԵՄ, Մեծ Բրիտանիա, Պակիստան, Չինաստան, Իսրայել և այլն): «Շատերը չհասկացան այս ամենը և բավարար ջանքեր չձեռնարկեցին, այդ թվում՝ ռազմական բնույթի: Ոչ ոք բավարարված չէ ղարաբաղյան վերջին պատերազմի արդյունքներով: Նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում Թուրքիան հայտնվեց գործընթացներից դուրս, Ռուսաստանին հաջողվեց Ղարաբաղում հրադադարի հասնել բացառապես իր ռազմաքաղաքական ազդեցության շնորհիվ: Թուրքիան մեծացրել է իր ազդեցությունը տարածաշրջանում, սակայն ոչ այնքան, որքան ցանկանում էր: Ադրբեջանը նույնպես դժգոհ է, քանի որ այնտեղ քննադատում են Ալիևին՝ կարծելով, որ նա կարող էր ավելիին հասնել, սակայն կանգ առավ: Ղարաբաղյան պատերազմի արդյունքներով ստատուս քվո չի ձևավորվել:
Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես վարժանքներ են անցկացնում, ցուցադրում ստեղծված իրավիճակից իրենց դժգոհությունը: Թուրքիան ցանկանում է լուծել երկու խնդիր՝ դուրս բերել Ռուսաստանը տարածաշրջանից ու զբաղեցնել նրա տեղը և մեկուսացնել Իրանին ու կանխել նրա ելքը դեպի Սև ծով Հայաստանի, այլ ոչ թե Թուրքիայի տարածքով: Վերջինս աղետալի հետևանքներ կունենա Իրանի համար, քանի որ դա կհանգեցնի վերջինիս ազդեցության կտրուկ թուլացման:
Իրանը չի կարող հաշտվել նման իրավիճակի հետ: Հայաստանն Իրանի համար դեպի Սև ծով և, համապատասխանաբար, եվրոպական շուկա մուտք գործելու լավագույն, բացարձակ անվտանգ տարբերակ է: Ենթադրում եմ, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստի: Այն ոչ մի կերպ չի զիջի Հարավային Կովկասը, որն այսօր դարձել է աշխարհում ամենաթեժ կետը, և ցանկացած անզգույշ գործողություն կարող է պայթեցնել տարածաշրջանը: Եթե Ռուսաստանի վերահսկողության ներքո Սյունիքով ճանապարհ հատկացվի դեպի Նախիջևան, ապա Իրանը համագործակցություն կպահանջի», - ընդգծեց Հարությունյանը:
Նա նկատեց, որ Հայաստանի համար պատերազմը չի ավարտվել, այն ացնել է ավելի բարձր ու վտանգավոր մակարդակի, և այս պայմաններում Երևանը կորցրել է իր աշխարհաքաղաքական դերը: «Առաջ մեզ հետ հաշվի էին նստում Ղարաբաղի համար, իսկ ներկա պայմաններում Հայաստանի կարևորությունը սահմանափակվում է միայն Մեղրիով, որը դարձել է բոլոր արտաքին խաղացողների շահերի առարկան: Մենք պետք է գիտակցենք, որ լուրջ ռիսկեր են ստեղծվել մեր պետականության համար: Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ սա իրենց գործունեության արդյունքն է:
Հունիսի ընտրություններից առաջ բազմիցս ասվել է, որ պետք է խստորեն պահպանվի նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետը, ըստ որի զորքերը մնում են իրենց տեղերում, սակայն Հայաստանի իշխանությունները նպաստեցին սողացող օկուպացիային, ինչը հանգեցրեց նման արդյունքների: Մեր հասարակությունը դասեր չի քաղել, չնայած հունիսի 20-ին իրավիճակը շտկելու հնարավորություն ունեցավ», - եզրափակեց նախկին վարչապետը: