ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է «ՀԵՏԱՔՆՆԵԼ» ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Ուղիղ երկու շաբաթ առաջ խորհրդարանում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների տեղակայած ոստիկանական պահակետի առնչությամբ պահանջել էին կազմակերպել ստեղծված իրավիճակի փակ քննարկում՝ պատասխանատուների մասնակցությամբ: Երեկ այդ խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ տվյալ հարցի քննարկման համար հրավիրված անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ԱԱԾ տնօրենի, պաշտպանության և ԱԳ նախարարների, Մարդու իրավունքների պաշտպանի և ՊԵԿ նախագահի մասնակցությամբ, չի կայացել. իշխող խմբակցության պատգամավորները բոյկոտել են նիստը։

«Ավելին, գումարվելիք նիստի մեկնարկից մինչեվ կես ժամ անց հանձնաժողովի նախագահից նախաձեռնության հեղինակ պատգամավորները գրություն են ստացել, որով արհեստականորեն և չհիմնավորված խոչընդոտվել է հանձնաժողովի նիստի կայացումը։ Եվս մեկ անգամ այս ամենով փաստվում է, որ քաղաքական մեծամասնությունը խուսափում է երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու և հաշվետու լինելուց»,- ասվում է հայտարարության մեջ։

Իսկ մինչ Քոչարյանը արգելակում է իրավիճակի քննարկումը, ոստիկանական պահակետում կանգնած ադրբեջանցիներն այնքան են լկտիացել, որ, օրինակ, դանակով քերում են Արցախի դրոշը հայկական ավտոբուսից։ Իսկ հիմա ընդհանրապես լայնածավալ շինարարություն են սկսել Որոտանի հատվածում, տեր ու տիրակալ զգում իրենց այն աստիճան, որ հայկական մեքենաները ստիպված են շարասյուն կազմել, որպեսզի անցնեն ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող հատվածով՝ հայ և ռուս զինծառայողների ուղեկցությամբ։

Թվում էր, թե իրավիճակի օպերատիվ քննարկման հարցում պետք է շահագրգռված լինեն բոլոր պատգամավորները՝ անկախ կուսակցական պատկանելությունից, իսկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը՝ առավելևս։ Բայց ... Վերջինս զբաղված է բացառապես հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արթուր Ղազինյանին «չընտրելով»։ Ի դեպ, այսօր արտահերթ նիստ է նշանակված այդօրինակ հերթական «չընտրության» հարցով։

Ակնհայտ է, որ իշխող խմբակցությունը՝ ի դեմս նշյալ հանձնաժողովում իր անդամների, նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, զբաղված է լոկ գործունեության երևութականություն ստեղծելով, համառորեն չցանկանալով ընդունել ու քննարկել դաժան իրողությունները։ Հասկանալի է նաև, որ նման պահվածքն ընդհանուր առմամբ լիովին տեղավորվում է իշխանությունների քաղաքականության մեջ, որոնք արդեն համաձայնել և քաղաքացիներին էլ վարժեցնում են այն մտքին, թե Գորիս-Կապան ավտոճանապարհի առնվազն Որոտանի հատվածը Ադրբեջանի տարածքն է։ Մինչդեռ խոսքը, հիշեցնեմ այն հանձնաժողովի մասին է, որի բուն անվանումը բառացիորեն պարտավորեցնում է դրա անդամներին զբաղվել պետության անվտանգության ու պաշտպանության հարցերով, այդ թվում՝ նրա սահմանների։

Ընդ որում նույն այդ Քոչարյանը, ԱԺ կանոնակարգի համաձայն, պետք է գլխավորի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը, որի մասին այդքան խոսում է իշխանությունը: Ո՞ւր է երաշխիքը, որ այդ հետաքննության արդյունք չեն դառնա խեղաթյուրված փաստերը, սուտն ու մանիպուլյացիաները, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Քոչարյանն իր բազմաթիվ հարցազրույցներում արդեն մեղավորներ է նշանակում, խոսում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի օրոք «վիթխարի չարաշահումների» և «կոռուպցիոն հետքերի» մասին, դրանով իսկ փորձելով նախատրամադրել հասարակական կարծիքը։

Ավելի ճշգրիտ ասած, ակներև է հենց հակառակի երաշխիքը։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կարող է Քոչարյանը գլխավորել հանձնաժողովը, որը զբաղվելու է մի հետաքննությամբ, որն օբյեկտիվ ու անկողմնակալ աշխատանքի դեպքում կարող է մատնանշել իշխանությանը՝ որպես պարտության գլխավոր մեղավորի։ Չէ՞ որ նա ինքն էլ ներառված է այն պետպաշտոնյաների ցուցակում, որոնք պարտավոր են տեղեկատվություն տրամադրել հանձնաժողովին և պատասխանել հարցերին, քանի որ պատերազմի ժամանակ զբաղեցրել է պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը, այսինքն՝ եղել բարձրագույն ռազմա-քաղաքական վերնախավի ներկայացուցիչ: Եթե քննիչ հանձնաժողովն այնուամենայնիվ ստեղծվի, ապա ակնհայտ ու տրամաբանական է, որ այն չի կարող ղեկավարել մի անձնավորություն, որը էական դեր է կատարել քննության բուն առարկայի մեջ։

Եվ ընդհանրապես, ի՞նչ հետաքննություն կարելի է ակնկալել մի մարդուց, որն այն հարցին, թե քանի որ Ադրբեջանն իրեն չի հռչակել Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդ, ապա ինչո՞ւ պիտի մենք առաջնորդվենք խորհրդային քարտեզներով, ցինիկաբար հայտարարում է. «Իսկ ի՞նչ քարտեզ պիտի հայտնվեր. Տիգրան Մեծի քարտեզի՞ց...»։ Ի՞նչ հետաքննություն կարելի է ակնկալել բարձրաստիճան պաշտոնյայից, որի պատկերացմամբ Հայաստանը ունի միայն կա՛մ 70-ական թվականների, կա՛մ Տիգրան Մեծի ժամանակների քարտեզներ։ Պատգամավորից, որը նախընտրում է չհիշել Առաջին Հանրապետության քարտեզների մասին և որի համար միայն Խորհրդային Հայաստանի քարտեզներն են ամենաընդունելի տարբերակն «ինչ-որ սահմանի, որի շուրջ պետք է երկխոսություն սկսել ու պաշտպանել մեր իրավունքները»։

Մի անգամ Քոչարյանն արդեն, այսպես ասած, «հետաքննել» է. 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը, յոթերորդ գումարման խորհրդարանում աշխատելով երկու ժամկետ, այդպես էլ հաշվետվություն չներկայացրեց հանրությանը։ Ինքն անձամբ երկար ժամանակ շահարկում էր այդ հարցը, հեռուստախցիկների առջև պարբերաբար սպառնալով հրապարակել ոչ թե եզրակացությունը, այլ հաշվետվությունն ամբողջությամբ, որպեսզի իբր «պատռի բոլոր դիմակները նախկիններից»։ Բայց արդյունքում հաշվետվության քննարկումն անցավ դռնփակ. իշխող խմբակցությունը դա պատճառաբանեց նրանով, թե այնտեղ կան պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ստացվում է, որ Քոչարյանը պարզապես բլեֆ էր անում, շանտաժում, փորձելով մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը…

Այդ խորշելի գործչի անսկզբունքայնության ու կոնֆորմիզմի մասին են վկայում նաև նրա բազմաթիվ հայտարարությունները։ Օրինակ՝ Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանի մասին, որը վերջին երկու տարում երկու անգամ նշանակվել է այդ պաշտոնում։ 2016-ին Դավթյանը, հիշեցնենք, օպերատիվ վարչության պետն էր։ 2018-ի մայիսից մինչև 2020-ի հունիս նա եղել է Գլխավոր շտաբի պետը, 2021-ի մարտին կրկին նշանակվել այդ պաշտոնում։

Ահա ուրեմն, և՛ 2020 թվականի ամռանը, և՛ 2020 թվականի նոյեմբերին Քոչարյանը լրագրողների հետ զրույցներում հայտարարում էր, որ Դավթյանը, լինելով օպերատիվ վարչության պետ, խիստ բացասական դեր է խաղացել 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ, և որ նրա գործունեության մասին կարելի կլինի կարդալ քննիչ հանձնաժողովի եզրակացության մեջ։ Ավելին, Դավթյանի պատասխանատվության մասին՝ որպես ԳՇ նախկին պետի, որը եզրահանգումներ չի արել Ապրիլյան պատերազմից, կատարելով «կասկածելի գնումներ»՝ Սու-30 ինքնաթիռների տեսքով, և չգնելով զրահաբաճկոններ ու սաղավարտներ, Քոչարյանը խոսել է նաև ԱԺ ամբիոնից 2020 թվականի նոյեմբերի 17-ին։

Իսկ 2021 թվականի մարտի 16-ին, Դավթյանին երկրորդ անգամ ԳՇ ղեկավար նշանակելուց հետո, Փաշինյանի որոշումը Քոչարյանն անվանեց տրամաբանական, քանի որ վարչապետը առաջադրել է Գլխավոր շտաբը ղեկավարելու փորձ ունեցող մարդու թեկնածություն։ Մեկնաբանությունները թողնենք ընթերցողներին։